Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐԺՄԱՆՆ ԷԼԻ ՄԻԱՑՈՂՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Փետրվար 23,2008 00:00

\"\"Երեկ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահը

Երեկ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրելով, որ համաժողովրդական շարժման մասնակիցների թիվն ավելանում է՝ ի դեմս պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի, գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ ԱԺ 7 պատգամավորների, հայտարարեց, որ ինքը չափազանց գոհ է այն գործի ընթացքից, որ կատարվում է: «Այդպիսով, կարելի է փաստել, որ Ազատության հրապարակը կազմում է պետության իշխանության մաս»,- գնահատել է Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքի ընթացքում նա հեռախոսով կապվելով հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված եւ այսօր Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող Մկրտիչ Սափեյանի հետ՝ հեռախոսով մոտեցավ խոսափողին՝ հանրահավաքի մասնակիցներին փոխանցելու Սափեյանի ողջույնները: Ապա դիմելով Սափեյանին՝ ասաց. «Մկրտիչ, ես հանրահավաքի անունից ողջունում եմ քեզ եւ ասում, որ քեզ անազատության մեջ մնալուն մնացել է մի քանի օր»: ՀՀ առաջին նախագահը միաժամանակ հայտարարեց, թե լուրջ հիմքեր ունի ասելու, որ առաջիկա երկու օրերին համաժողովրդական շարժմանը կարող են միանալ նաեւ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: «Պետական մարմինների անձնակազմերը, այդ թվում՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, նախարարությունների մեծ մասը, նրանց աշխատակազմերի 99 տոկոսն այսօր մեր կողքին են, եթե կան նրանց մեջ ավազակապետության հիմնասյուներ, քրեական տարրեր, ապա դրանք այդ մարմինների ամենաբարձրաստիճան մի քանի հոգին են, ոչ ավելին: Ես ուզում եմ, որ մեր հրապարակը փառք ու պատիվ տա ոստիկանության այդ ազնիվ ներկայացուցիչներին»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ, այժմ նրանց հետ որոշակի շփումներ են տեղի ունենում, կատարվում են լուրջ առաջարկներ, որոնք հիմք են տալիս ասելու, որ նրանք էլ կկանգնեն ժողովրդի կողքին:

Երեկ հանրահավաքի մասնակիցները, հիմնականում՝ երիտասարդներ եւ ուսանողներ, Տեր-Պետրոսյանի աջակիցները՝ ի դեմս Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի ու Հակոբ Հակոբյանի, նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի, քաղաքում նաեւ երթ կազմակերպեցին՝ նախ ուղղվելով դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, ապա նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դատախազության դիմաց, որի շենքը օղակել էին խիստ շարքով կանգնած ոստիկանները, երթի մասնակիցները պահանջել են ազատ արձակել ոստիկանության բաժիններ բերման ենթարկված ուսանողներին, քրեական գործեր հարուցել եւ պատժել բոլոր ընտրակեղծարարներին:

ԿԸՀ-ում նրանք հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին հանձնեցին Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հայտարարությունը, որում մասնավորապես մատնանշված է, որ ձայների վերահաշվարկի համար իրենք հանձնաժողովներին են ներկայացրել 300-ից ավելի հայտ, որոնցից բավարարվել է միայն մեկը, որի արդյունքում պարզվել է, որ Լ. Տեր-Պետրոսյանի օգտին 100֊ից ավելի քվեաթերթիկ դրվել է անվավեր քվեաթերթիկների վրա: Դրանից հետո հանձնաժողովը դադարեցրել է վերահաշվարկի գործընթացը, համոզված լինելով, որ նույն պատկերն է բացահայտվելու մյուս տեղամասերում:

Հայտարարության հեղինակները փաստել են նաեւ, որ եթե ԿԸՀ-ն միջոցներ չձեռնարկի, վերջնականապես կդառնա «ավազակապետության վերարտադրման հիմնական գործիքը», որը հավասարապես կկիսի օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել