Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացիներն ու հնդիկները սկսել են միս, հաց եւ կարագ ուտել

Փետրվար 23,2008 00:00

Ըստ Նինկե Օմեսի, դա ազդել է Հայաստանի գնաճի վրա

«Հայաստանում վերջին շրջանի գնաճը պայմանավորված է նրանով, որ Չինաստանում եւ Հնդկաստանում ՀՆԱ-ն աճեց, մարդկանց ձեռքը շատ փող ընկավ, եւ սկսում են շատ ծախսել ու շատ սննդամթերք գնել: Նրանք սկսել են ավելի շատ հաց, միս ու կարագ ուտել: Իսկ նախկինում այդ երկրների բնակիչներն ավելի շատ բուսակեր էին: Եթե հաշվի առնենք, որ Հնդկաստանում եւ Չինաստանում երկրագնդի բնակչության մեծ մասն է ապրում, ուրեմն այնտեղի սպառողականության աճը ազդում է ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի վրա»,- երեկ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը մեր երկրում ստեղծված գնաճի մասին այսպիսի տարօրինակ մեկնաբանություն արեց: Նախկինում էլ նա արդարացնում էր Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը եւ գովաբանում մեր կառավարության՝ գնաճի դեմ «ծավալած» պայքարը, սակայն նա դա անում էր՝ բերելով քիչ թե շատ տրամաբանական հիմնավորումներ: Իսկ այսօր արդեն, ապացուցելու համար, որ ԿԲ-ն իսկապես անմեղ է, եւ մեր երկրում գնաճը զսպման ենթակա չէ, տիկին Օմեսը արդեն հասել է չինացիների ու հնդիկների սննդային նախասիրությունների փոփոխմանը, որը, չգիտես ինչու, Հայաստանում ի հայտ եկավ հատկապես 2007-ի կեսերին, հատկապես՝ ԱԺ ընտրություններից հետո:

Նինկե Օմեսի խոսքերով՝ «Եթե դուք 2007-ի Հայաստանի գնաճը համեմատեք ԱՊՀ այլ երկրների հետ, ապա շատ գոհ կլինեք: Օրինակ՝ Ադրբեջանում այն կազմում էր 20%, Վրաստանում՝ 10%, Ղազախստանում՝ 19%, Ղրղըզստանում՝ 20%, իսկ Հայաստանում՝ ընդամենը մոտ 7%: Սա պետք է ձեզ ուրախացնի»: Նկատենք, որ եթե Բուրկինաֆասոյում սով է եւ մարդիկ հազիվ են կարողանում օրվա ցամաք հաց գտնել, իսկ մեր երկրում քիչ թե շատ կարողանում ենք գոյատեւել, ըստ Նինկե Օմեսի հոգեբանության, մենք արդեն պետք է երջանկությունից մեռնեինք:

Ողջ դասախոսության ընթացքում Ն. Օմեսը փորձում էր Տնտեսագիտականի ուսանողներին համոզել, որ մեր երկրի բյուջեի դեֆիցիտը փոքր է՝ նույնիսկ ԱՄՆ-ի հետ համեմատած, որ մեր երկրում ծառայությունների գներն էլ շատ մատչելի են, այնպես որ, պետք է ուտենք, խմենք ու քեֆ անենք. «Ես մի ատամնաբույժի մոտ գնացի, որի ծառայությունն արժեր ընդամենը 40 դոլար, իսկ ԱՄՆ-ում 200 դոլարից ոչ պակաս է: Մանկաբույժին էլ 10.000 դրամ վճարեցի, այն էլ, որ օտարերկրացի էի՝ այդ պատճառով, թե չէ ավելի էժան է: Վարսավիրանոցներն էլ շատ էժան են սպասարկում, ԱՄՆ-ում մազ կտրելն արժե 30 դոլար: Ուզում եմ ասել, ձեզ մոտ գնաճը շատ ցածր է, իսկ տնտեսական աճը՝ կայուն»,- ասաց Նինկե Օմեսը:

Սակայն նույնիսկ ուսանողներն էլ հասկանում էին, թե որքան անտեղի են ԱՄՀ ներկայացուցչի համեմատությունները: Ուսանողներից մեկի՝ Տաթեւիկ Նավասարդյանի խոսքերով, «Տիկինը գները համեմատում է ԱՄՆ-ի հետ, սակայն հաշվի չի առնում մեր աշխատավարձերը: Եթե Նինկե Օմեսի համար 40 դոլարանոց ատամնաբույժը լավ է, ապա պետք է նշել, որ Հայաստանում 40 դոլարը շատերի աշխատավարձի կեսն է»: «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ դասախոս, տնտեսագետ Գագիկ Գալստյանը նույնպես իր անհամաձայնությունը հայտնեց Ն. Օմեսի մեկնաբանությունների վերաբերյալ: Ըստ նրա, նախ, 7% գնաճը ճշմարիտ ցուցանիշ չէ. «Նման մեկնաբանություններով հանդես գալն իրենց կառույցի գործունեության նպատակն է, նրանք չեն կարող լինել այստեղ եւ չողջունել: Ինչ վերաբերում է նրան, որ, ըստ Օմեսի, գնաճի հիմնական գործոնները դրսից են ներմուծված, էդ դեպքում մեր տնտեսական մարմինների անելիքը ո՞րն է, եթե ամեն ինչ դրսով է պայմանավորված: Ուրեմն ԿԲ-ն պիտի մի հատ նախագահ ունենա, մի հատ էլ պահակ»:

Տիկին Օմեսի կանխատեսումներով՝ 2008-ին գնաճային ռիսկերը բարձր կլինեն, քանի որ մասնավոր փոխանցումների ծավալը մեծ կլինի. ավելանում են նաեւ օտարերկրյա ներդրումները, եւ եկող տարվանից գազի գինն էլ է բարձրանալու. «Այս տարի 60% ավելացել են թոշակները: Շատերը մտածում են՝ դա լավ է, բայց այնքան էլ լավ չէ, քանի որ դա կբերի գների աճի: Թոշակառուների հաշվին սպառումը կավելանա եւ ապրանքի պահանջարկը կմեծանա»:

Այսինքն՝ թոշակները բարձրացնելը, ըստ Ն. Օմեսի, սխալ էր: Մինչդեռ, պարոն Գալստյանի խոսքերով՝ «Թոշակը վճարվում է աշխատողներից: Եթե թոշակառուին չի տրվում այդ գումարը, ուրեմն պիտի աշխատողին տան: Ի՞նչ նշանակություն՝ դա աշխատո՞ղն է ծախսում, թե՞ թոշակառուն: Տեսեք, թոշակառուները լրացուցիչ պահանջարկ կարող են ներկայացնել շուկայում: Իսկ թոշակառուի կերածն ի՞նչ է՝ կարտոֆիլ, միս, այսինքն՝ տեղական արտադրության մթերք: Ուրեմն թոշակառուն կգնա շուկայից կգնի, իսկ գյուղացին էդ արտադրանքը կավելացնի, այսինքն՝ առաջին հերթին առաջարկը կավելանա, քան ինֆլյացիոն ալիքը կբարձրանա: Այնպես որ, Նինկե Օմեսի դատողություններն անտեղի են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել