Լրահոս
Օրվա լրահոսը

Հզորությունը հարաբերական է

Փետրվար 23,2008 00:00

Աղքատ կենցաղ եւ տկար ու խոցելի հոգեւոր կյանք ունեցող ժողովուրդը չի կարող ունենալ ուժեղ բանակ

Ժողովուրդները զարգանում եւ հզորանում են նախ եւ առաջ իրենց ստեղծած արժեքներով եւ այն անհատներով, ովքեր արժեք են ստեղծում: Այն անձը, որ արժեք է ստեղծում, նույնպես արժեք է եւ նրա հանդեպ իշխանության անառողջ վերաբերմունքը եւ նրա ճակատագրի հանդեպ անտարբերությունը համարում եմ հակազգային, հակապետական դրսեւորում: Շուրջ տասնվեց տարի է՝ մենք չենք կարողանում ունենալ պետական մեքենան ճիշտ աշխատեցնող իշխանություն: Իշխանություն, որի միակ խնդիրն է համակարգել եւ կազմակերպել ժողովրդի ներքին կյանքը եւ հարաբերությունները այլ ժողովուրդների հետ: Պետական մեքենան իր մեջ ներառում է գերատեսչություններ, որ կոչված են զարգացնելու մեր հասարակության առօրյան ձեւավորող համապատասխան ոլորտները՝ առանց տարօրինակ շեղումների: 2006-ին տեղեկացա, որ պաշտպանության նախարարությունը գումար է տրամադրել երեք երգիչների: Ի դեպ, նրանցից յուրաքանչյուրին տրամադրվել էր այնքան գումար, որքան իմ պահանջն է՝ կապված փամփուշտի արտադրության կազմակերպման կնճռոտ մի խնդրի հետ: Իմ զարմանքին նախարարության մի աշխատակից հետեւյալ բացատրությունը տվեց. «Նրանք (երգիչները) իրենց արվեստով սերունդ են դաստիարակում եւ երեխաները դաստիարակված գալիս են բանակ ծառայելու՝ մեր գործը հեշտացնելով»:

Իսկ ինձ խորհուրդ տվեց դիմել դատարան:

Ես համաձայն չեմ, որ այդ շոու-երգիչները պետք է դաստիարակեն իմ երեխաներին. այդ նպատակի համար կան համապատասխան գերատեսչություններ:

Եթե նույնիսկ, համարենք, թե պաշտպանական համակարգում ամեն ինչ կարգին է եւ գումարի ավելցուկ է գոյանում, ապա ճիշտ կլիներ այդ ավելացած գումարը տրամադրվեր արցախյան ազատամարտում զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքներին: Իմ մեջ միտք հղացավ պարզել՝ կա՞, արդյոք, մշակույթի նախարարությունում ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացմանը իրենց գործունեությամբ նպաստած մարդկանց հովանավորող ֆոնդ: Փորձեցի զանգահարել եւ անմիջապես հրաժարվեցի այդ մտքից: Դրական պատասխան ստանալու դեպքում հաստատ հոգեկան խանգարում կստանայի: Ցավոք, մեղմ ասած, այսպիսի շեղումների էլի կարող ես հանդիպել մեր իրականությունում: Վերջերս դիտում էի մի հեռուստահաղորդում: Կլոր սեղանի շուրջ հրավիրված էին զրույցի ՀՀ-ում գործող երեք մեծահարուստներ: Նրանցից մեկն այսօր էլ գործող նախարար է: Որքան հիշում եմ՝ այդ մարդը կամ նախարար է, կամ Ազգային ժողովի պատգամավոր: Արտառոցը այն չէ, որ նա հարուստ է, այդքան միամիտ չեմ, արտառոցն այն է, որ նա ներկայացել էր հեռուստահաղորդմանը՝ որպես մեծահարուստ:

Ես մի համեմատություն եմ ուզում անել. ենթադրում եմ, եւ կարծում եմ՝ չեմ սխալվում, որ մեր իշխանավորները շատ անգամ ավելի հարուստ են, քան, օրինակ՝ Բելգիայի իշխանավորները: Վստահ եմ, որ դա է հիմնական պատճառը, որ Բելգիայում ապրող մարդկանց կենսամակարդակը բարձր է, իսկ մերը՝ ոչ:

Մենք կարող ենք ունենալ համակարգված եւ արժանավայել կենցաղ ունեցող հասարակություն, եթե հայ իշխանավորը հասկանա վերջապես, որ զբաղեցրած պաշտոնը անձնական կենցաղը ճոխացնելու միջոց չէ: Ղարաբաղի խնդրի եւ շրջափակման առկայությամբ էլ մենք կարող ենք կարգավորել մեր ներկան, եթե այս հանրահայտ իրողությունը կյանք մտնի եւ եթե մեր պետությունը ունենա պարկեշտ, ցեղային բարձր հատկանիշներ կրող նախագահ ու վարչապետ եւ եթե Ազգային ժողովում պատգամավորներ ընտրվեն բարեկիրթ եւ մաքուր կենսագրություն ունեցողները: Այս դեպքում միայն պետական մեքենան կարող է ճիշտ աշխատել եւ կազմակերպել սերտ հարաբերություններ հարեւան ժողովուրդների հետ՝ տնտեսական, մշակութային, հարկ եղած դեպքում՝ պատերազմական եւ այլն: Ցավոք, պատերազմական հարաբերությունները այսօր բացառելու իրավունք չունենք, որքան ժամանակ՝ ոչ ոք չի կարող որոշել: Հետեւաբար, կարեւորում եմ ուժեղ եւ հզոր բանակ ունենալու անհրաժեշտությունը: Այս առումով ասեմ, որ մեր բանակը հզոր է, թերեւս, ներկրված արդիական զինատեսակների շնորհիվ, սակայն ուժեղ չէ: Հզորությունը հարաբերական վիճակ է, ուժեղությունը՝ մնայուն: Բանակը նախեւառաջ պետք է ուժեղ լինի: Անարժանավայել կենցաղով ապրող ժողովուրդը չի կարող ուժեղ բանակ ունենալ: Ներկա իշխանության ճաշակով, տնտեսական ներքին եւ արտաքին գործելակերպով եթե շարունակենք ապրել՝ կշարունակենք մնալ որպես աշխարհի սեղանի շուրջ ֆռֆռացող մի ժողովուրդ ընդամենը: Բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է շարունակել, անշուշտ, սակայն ապավինել նրան եւ շարունակել այդպես ապրել՝ վայել չէ մեզ: Մի օր այդ ժողովուրդը կհոգնի մեզանից եւ փաստի առաջ կկանգնենք: Մեծ քաղաքականության անցուդարձերը մեր տարածաշրջանում դա չի բացառում:

Ով էլ ընտրվի նախագահ, նա առաջնահերթ եւ չափազանց կարեւոր մի խնդիր ունի. անհրաժեշտ է արգելակել բարոյականության դուրսմղումը մեր իրականությունից: Ապագա նախագահին նվիրում եմ հետեւյալ կարգախոսը.

Ծանոթ եղիր անցյալիդ,/ Կառուցիր ներկադ՝/ Կկերտվի ապագադ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել