Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրը՝ յոթից ութ մասնակից

Փետրվար 23,2008 00:00

\"\"Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նույնպես օլիմպիական խաղերին հնարավորին չափ մեծ թվով մասնակիցներ գործուղելու լուրջ մտադրություն ունի:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը օրերս տեղեկացրեց, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ, փետրվարի 10-ին մեկնել է Կիեւ, որտեղ Ուկրաինայի ուժեղագույն ըմբիշների հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ է անցկացնում: Հավաքականի կազմում են. 60 կգ քաշային կարգ՝ Մարտին Բերբերյան, 66 կգ՝ Ժիրայր Հովհաննիսյան, 74 կգ՝ Ռուսլան Կոկաեւ, 84 կգ՝ Վադիմ Լալիեւ, 96 կգ՝ Շամիլ Գիտինով, 120 կգ՝ Ռուսլան Բասիեւ: Նրանց հետ է նաեւ կանանց ըմբշամարտի մեր միակ ներկայացուցիչը՝ Կարինե Շադոյանը, որը գալիք մրցաշարերում հանդես կգա 63 կամ 72 կիլոգրամ քաշային կարգում: Հավաքի ավարտին մեր ազատ ոճայինները կմասնակցեն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելիք «Գրան պրի» մրցաշարին, որի արդյունքներով էլ կորոշվեն այն մարզիկները, ովքեր կմեկնեն Ֆինլանդիա եւ Տամպերեում հանդես կգան մարտի 1-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությունում: Այստեղ, ի դեպ, յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է օլիմպիական մեկ ուղեգիր: Մեր հարցին, թե մեր ըմբիշներից հատկապես ո՞ւմ հետ են Ֆինլանդիայում հույսեր կապվում, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Նախ եւ առաջ՝ Մարտին Բերբերյանի»: Եվ շարունակեց. «Եվրոպայի առաջնությունից հետո մեր ըմբիշները երկու վարկանիշային մրցաշարերում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճելու հնարավորություն ունեն, որոնցից յուրաքանչյուրում ամեն մի քաշային կարգում խաղարկվելու է 4-ական ուղեգիր»:

Խոսելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մասին՝ Լյովա Վարդանյանը նշեց. «Փետրվարի 20-ից Լեւոն Ջուլֆալակյանն իր սաների հետ (բացակայում են միայն Յուրի Պատրիկեեւը եւ Դենիս Ֆորովը) Հունաստանի ազգային հավաքականի, որն այժմ գլխավորում է հայաստանցի Հարություն Ռուբինյանը, չորս ըմբիշների հետ հերթական ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում: Նրանք նույնպես պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Այնտեղ գլխավոր հույսը 55 կգ քաշային Ռոման Ամոյանն է: Դրան հաջորդելու են վարկանիշային երկու մրցաշարեր նույնպես»: Բացի Ռոմանից, ըստ գլխավոր քարտուղարի, ֆեդերացիան եւս երկու-երեք վարկանիշի հույս ունի: Իսկ թե ո՞ր քաշային կարգերում եւ ումի՞ց, պարոն Վարդանյանը դժվարացավ կոնկրետ անուններ տալ: «74 եւ 84 կիլոգրամ քաշային կարգերում երկուսից երեք ուժեղ մարզիկներ ունենք:- ասաց նա:- Նրանք միմյանց փոխարինելով հանդես կգան այդ մրցումներում: Իսկ թե ով՝ որտեղ մրցագորգ կմտնի, կորոշեն ազգային հավաքականի մարզիչները: Եվ վերջում միայն ավելացնեմ, որ հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի հաշվարկներով՝ երկու ոճերում միասին մենք Չինաստանում կարող ենք ունենալ օլիմպիական 7-8 մասնակից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել