Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏԸ ՆԱԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է

Փետրվար 23,2008 00:00

\"\"Համաշխարհային սպորտի աստղերի մրցելույթներին հետեւելը մեծագույն հաճույք է: Մարզիկները վարպետության կատարելությանը հասնում են տաժանակիր աշխատանքի շնորհիվ: Բայց պրոֆեսիոնալ սպորտն իր նվիրյալների հանդեպ հաճախ անչափ անողոք ու դաժան է վարվում՝ պատճառելով սարսափելի վնասվածքներ, դարձնելով հաշմանդամ, երբեմն էլ՝ զրկելով կյանքից:

Բոլորովին վերջերս Հոկեյի ազգային լիգայի «Բաֆալլո»-«Ֆլորիդա» ակումբների հանդիպման ժամանակ սարսափելի մի դեպք պատահեց: Միմյանց բախվելուց հետո «Ֆլորիդայի» սլովակցի հարձակվող Ռիխարդ Զեդնիկը քիչ էր մնում այն աշխարհ գնար: Խաղային դրվագներից մեկում «Բաֆալլոյի» հարձակվող Կլարկ ՄակԱրթուրը ուժային հնարք կիրառեց մրցակից թիմի հոկեյիստ Օլլի Յոկինենի նկատմամբ: Վերջինս գլխի վրա ընկավ սառցի վրա, բայց այդ ընթացքում նրա չմուշկի շեղբը կտրեց իրադարձությունների կիզակետում հայտնված թիմակցի՝ Զեդնիկի քներակը: Չնայած արյունն ակնթարթորեն ժայթքեց, հոկեյիստը ինքնուրույն հասավ պահեստայինների նստարան, որտեղից նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Թեեւ քներակը գրեթե ամբողջովին կտրվել էր ու հոկեյիստը մոտ երկուսուկես լիտր արյուն էր կորցրել, բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը:

\"\"Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նույն Բաֆալլոյում, 1989 թվականին «Սեյբրզ»-«Սենտ-Լուիս Բլյուզ» թիմերի հանդիպման ժամանակ: Կրկին ուժային հնարք, եւ չմուշկը կտրել է դարպասապահ Կլինտ Մալարչուկի կոկորդը: Սառցի վրա անմիջապես արյան լճակ է գոյացել: Տեսարանն այնքան սարսափելի է եղել, որ տրիբունաներում ինը մարզասեր կորցրել է գիտակցությունը, երկուսը սրտի նոպա է ունեցել: Օպերատորներից ոչ մեկն այնքան ուժ չի գտել իր մեջ, որպեսզի տեսախցիկը ուղղի դեպի արյունաքամ եղող դարպասապահը: Ինքը՝ Մալարչուկը հետագայում հիշել է, որ այդ պահին երկու բան էր մտածում. «հիմա կմեռնեմ» եւ «հարկավոր է շուտ հեռանալ դաշտից, որպեսզի չմեռնեմ մորս աչքերի առջեւ»:

Ցավոք, 1968-ին հնարավոր չի եղել փրկել «Մինեսոտա Նորթ Սթարզի» կենտրոնական հարձակվող Բիլ Մաստերտոնի կյանքը, որը նույնպես բախման հետեւանքով գլխիվայր ընկել է սառցին ու հարվածի ուժգնությունը ճակատագրական է եղել նրա համար: Այս դեպքից հետո հոկեյիստները սկսեցին պարտադիր կերպով սաղավարտ կրել:

70-ականների վերջերի խորհրդային ուժեղագույն մարմնամարզուհիներից Ելենա Մուխինան, որը 1979 թվականի աշխարհի բացարձակ չեմպիոնուհին էր եւ հաղթել էր լեգենդար ռումինուհի Նադյա Կոմանեչին, Մոսկվայում կայանալիք «Օլիմպիական խաղեր-1980»-ին նախապատրաստվելիս մարզման ժամանակ կոտրելով ողնաշարը՝ դատապարտվել է բացարձակ անշարժունակության եւ այդպես էլ մոռացության մատնված ապրել մինչեւ 2006 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ կնքեց մահկանացուն:

2001 թվականին ողնաշարի կոտրվածք է ստացել նաեւ ռուս մեկ այլ սպորտային մարմնամարզուհի՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մարիա Զասիպկինան: Բայց ճակատագիրը նրա հանդեպ ավելի բարի է գտնվել: Անհետաձգելի վիրահատությունով բժիշկները փրկել են Մարիային եւ նորմալ կյանք վերադարձրել:

Եթե հոկեյում եւ սպորտային մարմնամարզությունում տարբեր աստիճանի վնասվածքները մշտական են ու անխուսափելի, ապա ի՞նչ ասես այնպիսի «էլիտար» եւ ոչ կոնտակտային մարզաձեւի մասին, ինչպիսին թենիսն է: Այստեղ էլ գերիշխում են մկանների, ջլերի կտրվածքները, հոդախախտումները եւ մեկ անզգույշ շարժման հետեւանքով՝ կոտրվածքները:

Ռուս ճանաչված թենիսիստ Անդրեյ Չեսնոկովը միջազգային մրցաշարերից մեկում ավստրալացի Թոդ Վուդբրիջի հետ հանդիպման ժամանակ, գնդակի հետեւից վազելիս, ոտքն անհաջող է դրել ու ոսկրի մի քանի կոտրվածք ստացել: Սարսափելի տեսարանից նրա մրցակիցը քիչ է մնացել կորցնի գիտակցությունը, որովհետեւ, ինչպես ինքն է պատմել. «Կոտրվող ոսկորների ձայնը լսվեց ամբողջ դահլիճում»:

Թենիսի պատմության մեջ մահվան ելքով ամենաանհավանական վնասվածքը եղել է 80-ականներին, ցանցի մոտ կանգնած մրցավարներից մեկի հետ: Ծագող աստղ, շվեդ Ստեֆան Էդբերգի ուժգին հարվածից հետո գնդակը դիպել է մրցավարի քունքին եւ նրա կյանքը փրկելն անհնար է եղել:

Լեռներում անցկացվող ձմեռային մարզաձեւերը ամենավտանգավորներից են համարվում մարդու կյանքի համար: Լեռնային դահուկուղում կյանքն ավարտել է հսկա ոլորավայրէջքից աշխարհի կրկնակի չեմպիոնուհի Ուլրիկե Մեյերը՝ Ավստրիայից: Արագընթաց վայրէջքի մրցման ժամանակ նա 120 կմ/ժամ արագությամբ բախվել է սյանը եւ մի քանի րոպե անց մահացել: Մոտավորապես նույն ձեւով մահկանացուն է կնքել հսկա ոլորավայրէջքից աշխարհի չեմպիոնուհի, ֆրանսիացի Ռեժին Կավանյուն, երբ մրցուղու վրա բախվել է գերմանացի մարզիչներից մեկին:

Նմանատիպ բազմաթիվ օրինակներ, երբ մարզիկը մահանում կամ խեղանդամ է դառնում, կարելի է բերել նաեւ բռնցքամարտից, ֆուտբոլից եւ այլ մարզաձեւերից:

Սակայն առանձնակի հարգանքի են արժանի այն մարզիկները, ովքեր մրցման ժամանակ ծանրագույն վնասվածքներ ստանալով, չեն հրաժարվում պայքարը շարունակելուց եւ գնում են մինչեւ վերջ: Օրինակ, 1956 թվականին Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչում հանդիպում էին ԽՍՀՄ-ի եւ Բուլղարիայի հավաքականները: Երկրորդ խաղակեսի սկզբում ուսահոդի ծանր խախտում է ստանում խորհրդային ֆուտբոլիստ Նիկոլայ Տիշչենկոն: Թիմի բժիշկը մի կերպ կապում է այն, ու ֆուտբոլիստը վերադառնում է խաղադաշտ, քանի որ այն ժամանակ փոփոխություն կատարել չէր թույլատրվում: Իսկ Տիշչենկոն անգամ այդ վիճակում պետք էր թիմին: Եվ հետաքրքիր է, որ հենց նա կազմակերպեց արդյունավետ գրոհը, որը թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ: Ի դեպ, ԽՍՀՄ հավաքականը հենց Մելբուռնում նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը:

1996 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ կտրվում է հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինի կրծքավանդակի մկաններից մեկը, բայց նա, միեւնույն է, նվաճում է ոսկե մեդալը:

Ամերիկացի ջրացատկորդ Գրեգ Լուգանիսը Սեուլի օլիմպիադայում (1988 թ.) նախնական մրցումների ժամանակ գլխով հարվածում է ոստնակին եւ ուղեղի ցնցում ստանում: Սակայն նա չի հեռանում եւ պայքարելով մինչեւ վերջ, բարձրանում է օլիմպիական չեմպիոնի պատվանդանին:

Եվ, վերջապես, 2004 թվականին Աթենքի օլիմպիական խաղերում ռուս ձյուդոիստ Դմիտրի Նոսովը քառորդ եզրափակիչում վնասում է ձախ ձեռքը, իսկ հաջորդում արդեն կոտրվածք «վաստակում»: Նա միանգամայն իրավունք ուներ տկարության պատճառով դադարեցնել պայքարը: Բայց՝ ոչ: Երրորդ տեղի համար գոտեմարտում Դմիտրին բառացիորեն մեկ ձեռքով «ծնկի է բերում» ադրբեջանցի Մեհման Ազիզովին ու արժանանում բրոնզե մեդալի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել