Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՐԱՆԴԱ-ԱԲՐԱՀԱՄ. ՀԵՌԱԿԱ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ

Փետրվար 23,2008 00:00

\"\"Ու նախաձեռնողը կրկին կոլումբիացի Էդիսոն Միրանդան է

Այն բանից հետո, երբ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը անգլիացի Ուեյն Էքլոքի հետ մենամարտում վեցերորդ անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը, հայաստանցի բռնցքամարտիկը հայտարարեց, որ մտադիր է միավորել բոլոր վարկածների գոտիները: «Դա իմ նպատակն է,- հայտարարել էր նա,- եւ ես ջանադրաբար մարզվելու եմ նպատակիս հասնելու համար: Հիմա իմ ամենահավանական մրցակիցը WBO-ի եւ WBC-ի չեմպիոն Կելլի Պավլիկն է: Բայց եթե նա պարտվի, ապա կհանդիպեմ Ջերմեն Թեյլորի հետ (Պավլիկը օրերս երկրորդ անգամ առավելության հասավ Թեյլորի նկատմամբ)»:

Աբրահամը մտադիր էր մինչեւ տարեվերջին Պավլիկի հետ հավանական հանդիպումը՝ գոտու եւս մեկ պաշտպանություն, անցկացնել հուլիսին, բայց արդեն Նյու Յորքում: Դա լինելու էր Աբրահամի նորամուտը Միացյալ Նահանգներ: «ԱՄՆ-ում են ամենալավ բռնցքամարտիկները, այստեղ են կայանում ամենակարեւոր մարտերը եւ միայն այստեղ կարող եմ աշխարհի գերչեմպիոն դառնալ»,- պարզաբանել է Արթուրը:

Սակայն Աբրահամի ծրագրերը որոշակի փոփոխությունների են ենթարկվել: IBF-ի որոշմամբ, նա հիմա պարտավոր է մարտի 29-ին տիտղոսի յոթերորդ պաշտպանություն անցկացնել ամերիկացի 27-ամյա Էլվին Այալայի հետ: Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ մենամարտը կայանալու է Գերմանիայի Կիլ քաղաքում: Այալան IBF-ի վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է ընդամենը 15-րդ հորիզոնականը: Չնայած դրան եւ իր ուժերին վստահ լինելուն, հայաստանցին ամենայն լրջությամբ է մոտենում մարտին: «2008-ի համար ես մեծ պլաններ ունեմ կազմած,- ասել է նա,- եւ դրանց իրականացումը կսկսեմ հենց Այալայից: Արդեն երկար ժամանակ է, ինչ մարզվում եմ եւ այժմ գերազանց մարզավիճակում եմ գտնվում: Այալան դա կզգա ռինգում»:

Խոսելով Աբրահամի մասին՝ նրա մարզիչ Ուլի Վեգները վստահություն է արտահայտել իր սանի մեծ հնարավորությունների հաշվով եւ հայտարարել, թե նա շատ հաջող է հանդես գալիս, բայց կարող է նաեւ ավելին: Նրա խոսքերով, հայ բռնցքամարտիկը հսկայական ներուժ ունի, բայց Այալայի հետ մենամարտում նա պետք է զգոն լինի, քանի որ ամերիկացին հեշտ մրցակից չէ:

Բռնցքամարտի սիրահարներին տեղեկացնենք նաեւ, որ Կելլի Պավլիկի պրոումոթեր Բոբ Արումը մի քանի շաբաթ առաջ արդեն հայտարարել է այս տարվա աշնանը ԱՄՆ-ում Աբրահամի եւ իր հովանավորյալի միջեւ գոտիների միավորման մենամարտ կազմակերպելու մտադրության մասին:

Մինչ «King Artur»-ը զբաղված է իր ապագա անելիքներով, կրկին նրան սկսել է վերհիշել իր պոռոտախոսությամբ հայտնի Էդիսոն Միրանդան, ում Աբրահամը 2006 թվականի սեպտեմբերի 23-ին, չնայած կոտրված ծնոտին, հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Կոլումբիացին նորից ԶԼՄ-ներով նրան ռեւանշի է հրավիրում: «Այն պահից հետո, երբ ես կոտրեցի ծնոտդ, դու ոչ մի լուրջ բռնցքամարտիկի հետ չես մենամարտել,- մամուլով Աբրահամին է դիմել Միրանդան:- Սակայն միշտ գլուխ ես գովում, թե մրցակիցներդ ուժեղ են եղել: Ովքե՞ր են եղել այդ տղաներն ընդհանրապես: Ես միայն ծիծաղել կարող էի, երբ իմացա, թե ով է լինելու քո հաջորդ մրցակիցը: Այալան երկու անգամ պարտվել է Դեւիդ Բենքսին, ում ես տապալել եմ մեկ հարվածով: Եթե տղամարդկություն ունես, արի Ամերիկա եւ ինձ հետ հանդիպիր միջանկյալ՝ 74, 84 կգ քաշային կարգում, եւ ես կոչնչացնեմ քեզ»:

Աբրահամի եւ նրա թիմի պատասխանը հետեւել է անմիջապես: Մասնավորապես, «Sauerland Event» պրոումոթերական ընկերության ներկայացուցիչ Քրիս Մեյերը ծայրաստիճան զարմացած է Միրանդայի՝ ռեւանշ մենամարտ կազմակերպելու առիթով արված վերջին հայտարարության վրա: «Ես բացարձակապես չեմ հասկանում Միրանդայի հայտարարությունները,- ասել է նա:- Անցած ամառ, երբ Արթուրը պետք է տիտղոսի պարտադիր պաշտպանության մարտ անցկացներ, մենք Միրանդային դիմեցինք: Սակայն նա հրաժարվեց եւ տեղափոխվեց երկրորդ միջին քաշ»: Ինքը՝ Արթուրը, Միրանդայի խոսքերը համարել է ցնորվածի բարբաջանք: Նա ասել է. «Ինչպես երեւում է, նա մեր մենամարտից հետո մինչեւ այժմ տառապում է: Ես, չնայած ծնոտս կոտրված էր, նրան մի լավ քոթակ տվեցի: Եվ դա ազդել է նրա համարձակության եւ մտավոր կարողությունների վրա: Եթե Միրանդան ցանկանում է ինչ-որ մեկի հետ խոսել իր հոգեբանական խնդիրների շուրջ, թող դիմի հոգեբույժի»: Իսկ Աբրահամի պրոումոթեր Վիլֆրեդ Զաուերլանդն իր հերթին ավելացրել է. «Արթուրը միջին քաշային կարգում ուժեղագույնն է աշխարհում եւ պատրաստ է ռինգ մտնել ցանկացած վայրում, ցանկացած մրցակցի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել