Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությունը մասնատված է եւ դժգոհ»

Փետրվար 23,2008 00:00

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գնահատեցին նախագահական ընտրություններն ու ներքաղաքական իրավիճակը:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, թեման նախագահական ընտրությունների գնահատականն էր: Ա. Իսկանդարյանի խոսքերով՝ հայաստանյան ընտրությունները փաստում են հասարակության մասնատվածությունն ու արտացոլում նրանց դժգոհությունը. «Ես մինչեւ փետրվարի 19-ը շփվել եմ բազմաթիվ մարդկանց հետ: Ոմանք կարծում էին, որ հաղթելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոմանք էլ համոզված էին, թե կհաղթի Սերժ Սարգսյանը: Ընտրություններն արտացոլեցին այն, ինչն արդեն վաղուց նորություն չէր, որն էլ հասարակության շրջանում մեծ դժգոհություն առաջացրեց»: Պրն Իսկանդարյանն անդրադարձավ Լ. Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալուն. «ՀՀ նախագահի թեկնածուի դերում հայտնվում է մարդ, որը տասը տարի չի եղել ոչ մի տեղ: Նա չի մասնակցել հասարակական կյանքին, անգամ չի երեւացել հեռուստացույցի էկրանին, ոչ մի տեղ չի խոսել: Նա տասը տարի գործնականում անջատված է եղել ամեն ինչից: Իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանի հայտնվելը քաղաքականություն՝ ոչ թե քաղաքական ուժի, այլ՝ մարդու հայտնվել էր: Բայց մյուս կողմից, եթե նա կարողացավ 3-4 ամսում հսկայական քանակությամբ քվեներ ապահովել ընտրությունների ժամանակ, դա նշանակում է, որ մեր հասարակությունը հղի է ընդդիմադրությամբ»:

Ս. Սաֆարյանն էլ ասաց, որ ինքը ընտրություններ բառը մեծ վերապահումներով է օգտագործում այն պրոցեսից հետո, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին: Նա ասաց, որ այդ օրը իրենց նախաձեռնությամբ ստեղծված ընտրությունների ընթացքի վերահսկման հասարակական կենտրոնը ընտրական տեղամասերից ստացել է բազմաթիվ ահազանգեր. «Դրանք վկայում են այն մասին, որ Հայաստանում ընտրական համակարգը, որպես այդպիսին, ոչնչացված է: Ընտրական հանձնաժողովներում էլ ոչ թե գործ ունեինք կոնկրետ գործընթացի, այլ առճակատման հետ: Ընտրություններից հետո դիտարկելով հրապարակված արդյունքները, գոնե ինձ համար ակնհայտ էր, որ երկրորդ փուլն անխուսափելի է, եթե, իհարկե, չլինեին այդ մասշտաբի ընտրակեղծիքներ ու այն ամենը, ինչ որ եղավ: Օրինակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում ԱԺ պատգամավորի շրջապատի կողմից տոտալ լցոնումներ գրանցվեցին, Սյունիքում, Էրեբունիում՝ հոսանքազրկում ու կրկին լցոնումներ: Այսպիսի միջադեպերով ուղեկցվող գործընթացին դժվար է ընտրություն անվանել»: Ս. Սաֆարյանի համոզմամբ, Երեւանում ծավալվող վերջին իրադարձությունները որոշակի անկանխատեսելիության ռիսկեր են պարունակում. «Ուրվական ընտրողներով կատարված ընտրությունը անկայունության ռեսուրս է հատկապես այն դեպքում, երբ իշխանությունը գիտի, որ իրականում այդքան ընտրող չունի, իսկ քաղաքացին էլ գիտի՝ իր ձայնն ում է տվել»: Պատգամավորի խոսքերով. «Խնդիրը ներկայիս իշխանության ծայրաստիճան ցածր էֆեկտիվության մեջ է: Ինչ վերաբերում է Երեւանում իրականացվող բարեկարգումներին, ապա ասեմ, որ դրանք հակառակ էֆեկտ են բերում: Օրինակ, Վրաստանում էլ Սահակաշվիլին սկսեց բարելավել Թբիլիսին, սակայն նրան ընդդիմադիր հատվածը հիմնականում մայրաքաղաքում էր: Երբ մարդիկ որոշակիորեն լավ են ապրում, նրանք սկսում են ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք կարող են չհամընկնել իշխանության որոշումների հետ: Այժմ Հայաստանում էլ մասսաների ընդդիմադիր հատվածը հավաքված է Երեւանում… Քանի կա այս իշխանությունը, միշտ էլ լինելու է ընդդիմությունը»: Պարոն Սաֆարյանը հավելեց նաեւ, որ այսօր մեր երկրում քաղաքական համակարգի վիճակն այնքան անմխիթար է, որ անգամ 500 հազար մարդկանցով, անհրաժեշտ ֆինանսով եւ էֆեկտիվ տեխնոլոգիաներով հնարավոր է մուտք գործել քաղաքականություն ու հասնել հաջողության: Անդրադառնալով ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների հայտարարություններին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը փաստեց, որ վերջիններս իրենց հայտարարություններով ավելի են թեժացնում ստեղծված իրավիճակը: Բանախոսներն անդրադարձան նաեւ ընտրակաշառք բաժանելուն: Ս. Սաֆարյանի խոսքերով, Ազգային հետազոտությունների կենտրոնը, երբ 2005թ.-ին 2000 հոգու շրջանակներում հարցում էր անցկացրել, պարզել էր, որ Հայաստանում յորաքանչյուր երեք հոգուց մեկին առաջարկվում է ընտրակաշառք: Ա. Իսկանդարյանն էլ հավելեց, որ հայերի նման ընդունակությունները իրեն ուղղակի զարմացնում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել