Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՏԱՐԵԼ ԵՆ ՔԱՂՄԱՍ

Փետրվար 26,2008 00:00

Երեկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին բերման են ենթարկել Ազատության հրապարակում ցույցի ելած հինգ քաղաքացու՝ Սպարտակ Հարությունյանին, Ռոլանդ Մարտիրոսյանին, Արտակ Հարությունյանին, Արսեն Սարգսյանին եւ Վահան Հարությունյանին։ Ընդ որում, նրանց այստեղ են բերել ժամը 17-ի սահմաններում, երբ օպերայում վերջացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցը։ Ականատեսների պատմելով՝ քաղաքացիներին ոստիկանություն են տարել բռնի ուժով, ոմանց անգամ դուրս են բերել սեփական ավտոմեքենաներից։ Ցույցի մասնակիցներին մոտ 3 ժամ ոստիկանությունում պահելուց եւ նրանց հետ «բացատրական» աշխատանքներ տանելուց հետո բաց են թողել։ Ոստիկանություն ժամանած լրագրողներին Ղեւինյան ներկայացած հերթապահն այդպես էլ չթողեց վերեւ բարձրանալ՝ պատճառաբանելով, որ նրանց մոտ են «մարդու իրավունքների պաշտպանները, եւ մի 10-15 րոպե հետո» նրանք մեզ պարզաբանում կտան։ Լրագրողների այն պնդումներին, թե պարզաբանում են ցանկանում ստանալ նաեւ ոստիկանության պատասխանատուներից, այդպես էլ որեւէ մեկը չարձագանքեց։ Մարդու իրավունքների աշխատակազմի արագ արձագանքման խմբի անդամ Ռուստամ Մախմուդյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց. «Բերման ենթարկվածների նկատմամբ ոչ մի տեսակի բռնություն չի կիրառվել։ Նրանց ոստիկանություն բերման ենթարկելու պատճառը հիմնավորվում է նրանով, որ խախտել են երթի-ցույցի կանոնները»։ Նկատենք, որ ոստիկանության բաժանմունքից դուրս եկած քաղաքացիները բավականին լարված եւ ահաբեկված էին։ Նրանք եւս հավաստեցին, որ իրենց չեն ծեծել։ Բերման ենթարկված քաղաքացիներից մեկի՝ Սպարտակ Հարությունյանի խոսքերով. «Միտինգն արդեն վերջացել էր, ես մեքենայիս մեջ նստած էի, մեկ էլ եկան՝ հանեցին ու բերեցին ոստիկանություն»։ Մեր հարցին՝ ձեզ ոստիկաններն ահաբեկե՞լ են, Ս. Հարությունյանն ասաց. «Ինձանից լավ գիտեք, թե ներսում ինչեր են անում»։ Արմավիրցի Ռոլանդ Մարտիրոսյանին նույնպես մեքենայից են քաշքշելով դուրս բերել. «Ես միտինգի չէի եկել, եկել եմ Երեւան՝ բուժվելու, մեքենայի մեջ նստած մարդ էի սպասում, բայց բռնեցին, բերեցին այստեղ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել