Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Փետրվար 26,2008 00:00

\"\"Երեկ իշխանությունները Գյումրիում Սերժ Սարգսյանին պաշտպանող հանրահավաք էին կազմակերպել: Ինչպես միշտ, բոլոր պետական հաստատությունների աշխատակիցներին, ուսանողներին, անգամ տարրական դասարանների աշակերտներին հրահանգել էին՝ առանց ավելորդ առարկությունների մեկ մարդու պես ներկայանալ միջոցառմանը:

Ակնհայտ էր, որ միջոցառման նպատակը «համոզիչ» հաղթանակ տարած թեկնածուին իրենց «հավատարմությունն ու անձնվիրությունը» մեկ անգամ եւս ցուցադրելն էր: Չնայած որ այս մեկը նախորդներից տարբերվեց նրանով, որ «հրավիրվածները» ակնհայտորեն ցույց էին տալիս իրենց դժգոհությունն ու հիասթափությունը՝ բարձրաձայն հայտարարելով, թե՝ «էն ժամանակ ձայն էր պետք, զոռով հրապարակ էիք բերում, չհասկացանք, հիմա ի՞նչ եք ուզում»: Թե ի՞նչ էին ուզում մեր իշխանավորները, այդպես էլ անհայտ մնաց: Օրինակ, Արթիկի հանրապետական քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը եկել էր արթիկցիների՝ Սերժ Սարգսյանին տված ձայները «հակառակ» կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից պաշտպանելու: «Մի՞թե հաղթանակած թեկնածուն պաշտպանության կարիք ունի»՝ մեր դիտարկմանը վերջինս առանց ծանրութեթեւ անելու պատասխանեց. «Իրենց արածը խանգարում, պարալիզացնում է աշխատանքային նորմալ գործունեությունը, Երեւանի նորմալ կյանքը»: Զվարճալի էր նաեւ Գյումրիի «աստվածապաշտ» քաղաքապետի ելույթը, ով, ի դեպ, Սերժ Սարգսյանին ծառայողներից մեն ու միակն էր, ով ստանձնեց հանրապետության առաջին նախագահին «հողերին հավասարեցնելու» գործը: «Տեսնելով այն եղբայրասպան իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Երեւանում, մենք անմասն չենք կարող մնալ, մեր խոսքը պետք է ասենք, մեր զայրույթը պետք է հայտնենք ՀՀՇ-ի կարկառուն դեմքերին, որ զգաստանան, եւ ասենք, որ մենք իրենց չենք ուզում, որ հետ վերադառնան: Ես կարող եմ բարձրաձայն ասել՝ որ ասում են ավազակապետություն, էն ժամանակ էր իսկական Ալի Բաբան՝ իր քառասուն ավազակներով, մոռացա՞ք՝ ինչ տեղի ունեցավ, պետությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ամբողջ ապրանքը վերցրեց մեր գործարաններից, թալանեց, էդպիսի պետական մաֆիա ո՞վ է տեսել: Էդ Հրանտ Բագրատյանը մոռացա՞ք, որ միլիոնավոր թռչունները վերացրեց, մեր քաղաքի թռչնաբուծական ֆաբրիկան հրեշ Անդո էին բերել մի հատ, որ գյումրեցիները Թալեաթին էին նմանեցնում, ՀՀՇ-ական Անդրանիկ Քոչարյանը: Եվ էսօր ցանկություն է հայտնում նորից հետ գա, ի՞նչն է պատճառը, դու պատվիրազանց ես, դու նախ մեղքերդ պետք է քավես, նոր պիտի էդպիսի բաների մասին մտածես: Մենք ինչի՞ համար մեր ձայնը տվեցինք Սերժ Սարգսյանին. ես էս խոսքերը չեմ ասում, որ հանկարծ էս իշխանությունը իմ աթոռը ձիգ պահի, փառք Աստծո, ես պատմության մեջ մտած մարդ եմ: Խորհրդային Միության 15 հանրապետություններում ո՞վ կազմակերպեց ամենականոնավոր բանակը՝ Սերժ Սարգսյանը, ես չեմ ուզում սազս առնել ու գովերգել, բայց 16 տարվա մեջ էդքան թոշակ ու նպաստ ո՞վ բարձրացրեց, 4 ամսվա ընթացքում 60 տոկոսով բարձրացրեց թոշակներն ու նպաստները: Ես հավատում եմ, որ նա կառուցապատելու է Գյումրի քաղաքը, Հայաստանը, որովհետեւ նա աստվածավախ ղեկավար է, Հայր մերը գիտե, խաչ հանել գիտե: Ուրեմն՝ առաջն Աստված, առաջ Հայաստան: Եվ վերջացնելով խոսքս՝ ասեմ, որ մեր քաղաքում երկու քաղմաս է մնացել՝ դա «ԳԱԼԱ» քաղմասն է, մեկն էլ «Ասպարեզ» քաղմասը, որ գիշեր-ցերեկ գովերգում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀՇ-ի գումարներով»,- ինքնամոռաց ու շնչակտուր ճառում էր Գյումրիի քաղաքապետը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանը «վրդովված է» ԳԱԼԱ հեռուստաընկերությունից այն պատճառով, որ իբրեւ թե հեռուստաընկերությունը թույլ չի տվել իրեն նախագահական ընտրությունների օրը Սերժ Սարգսյանի օգտին մի լավ փող ծախսելու. բոլորին նկարահանել եւ խայտառակել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի այն հարցին, թե ինչո՞ւ Շիրակի մարզի պաշտոնյաները ընտրողների մեծ քանակ խոստացան ու չապահովեցին, Գյումրիի քաղաքապետը գտել է հնարամիտ պատասխան՝ արդարանալով, որ ինքը շատ էր ուզում, միայն թե «ԳԱԼԱ»-ն «համը հանեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել