Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ջարդերից քսենոֆոբիա

Փետրվար 26,2008 00:00

Երեկ մեկնարկեց «Հանդուրժողականությունը եւ այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողովը: Սումգայիթյան ջարդերի խնդրի մասին խոսելիս ղարաբաղյան շարժման ակտիվիստ, հրապարակախոս Զորի Բալայանը նկատեց. «Պիտի սկզբից դատենք ցեղասպանություն իրականացնողներին, հետո խոսենք ապագայի մասին, դիմենք միջազգային ատյաններին: Հակառակ դեպքում՝ ադրբեջանցիները Սումգայիթի փոխարեն խոսելու են Խոջալուի մասին»:Քաղաքագետ Սուրեն Զոլյանն էլ «Քաղաքակրթական հակամարտությո՞ւն, թե՞ միջմշակութային երկխոսություն. խոսքի ազատությունը եւ հանդուրժողականության սահմանները» թեմայով զեկուցման ժամանակ նկատեց. «Ադրբեջանը սեփական պատմություն չունի, նրանը ցեղասպանության պատմություն է»: ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանն էլ զարմացավ. «Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, սակայն այստեղ էլ են նկատելի քսենոֆոբիայի դրսեւորումներ: Հաճախ հարց է առաջանում, թե ո՞ւմ հանդեպ դա կարող է դրսեւորվել, 3 տոկոս կազմող փոքրամասնությունների՞: Տարօրինակ է, բայց ինքներս մեր մեջ ենք փնտրում թշնամիների: Դրա վառ օրինակն այն է, որ հայերին բաժանում են հայաստանցիների, ղարաբաղցիների, ախպարների»: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ փաստերով ներկայացրեց ադրբեջանցիների հակահայկական քաղաքականությունը: Նա մեջբերում արեց Ադրբեջանի հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանի պատմության դասագրքից, ըստ որի՝ 1988-ի դեկտեմբերի 11-ին պայթեցվել է Հարավսլավիայի ինքնաթիռը, որը շփոթել էին Թուրքիայի ինքնաթիռի հետ: Մյուսը «Day.az» պորտալի օրինակն էր: Հ. Դեմոյանը նոյեմբերից սկսած ուսումնասիրել է նրանց հրապարակումները եւ նկատել. «Այդտեղ ամեն օր ինֆորմացիա կա այն մասին, որ հայ-ադրբեջանական ճակատում հայերը խախտումներ են կատարում: Ամեն օր նույն ինֆորմացիան են հրապարակում, պարզապես փոխում են աշխարհագրական վայրը եւ նկարները»: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի երեւանյան գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանն էլ «Առավոտին» ներկայացրեց, թե այսօր ինչպիսին է հայկական հուշարձանների վիճակը Ադրբեջանի տարածքում. «Այս պահին էլ են քանդում: Ադրբեջանցիները նվաճած կամ այրված պետություն ստեղծելուց հետո ինքնահաստատվելու բարդույթ ունեն: Ստեղծել են երկիր՝ այլ մշակույթով ներծծված հողատարածքի վրա եւ խորթություն են զգում: Բոլոր այն հուշարձանները, որոնք իրենք 1960-ականներին աղվանական են հռչակել, այսօր արդեն քանդում են: Գոնե բարի լինեն այդ պատճառով պահպանեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել