Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

Փետրվար 27,2008 00:00

\"\"Սերժ Սարգսյանը երեկ համագործակցության կոչ արեց, միաժամանակ հայտարարեց, որ չի «վարանելու տեղը դնել չափն անցածներին»:

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանին սատարողների հանրահավաքը: Մանկավարժները եւ բուժաշխատողները, մարզական դպրոցների սաները, գրադարանների եւ այլ պետական հիմնարկների աշխատողները երեկ հրապարակ էին բերվել դրոշներով, պաստառներով, սակայն չկար ոգեւորություն, մարդիկ կարծես եկել էին «պտիչկա» ստանալու համար: Եվ եթե Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը վարչապետին տեղեկացնում է, որ մարդիկ եկել էին սիրով եւ իրենց կամքով, ուրեմն արջի ծառայություն են մատուցում, քանի որ երեկ հրապարակում հավաքվածների մոտ 80 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի խոսքից հետո, երբ սկսվեց «աստղերի» համերգը, հեռացավ դեպի Ազատության հրապարակ: Տեղին է նկատել, որ իշխանությունների կառուցած Հյուսիսային պողոտան այս դեպքում աշխատեց նրանց դեմ, քանի որ մարդիկ հենց այդ պողոտայով միացան Ազատության հրապարակում հավաքվածներին: Երիտասարդները տարբեր խմբերով իրենց հետ տանում էին «Առաջ, Հայաստան» դրոշները եւ վանկարկում էին «Լե-վոն», Լե-վոն», իսկ երբ հասան «Հին Էրիվանին», այրում էին դրոշները եւ դրանց փոխարեն պարզում էին եռագույններ կամ լեւոնական պաստառներ եւ գոռում էին «Մի-ա-ցում»:

Մինչդեռ վարչապետի խոսքը հաջող էր կառուցված, այն կարելի էր գնահատել որպես մի նախագահի խոսք, ով իրոք իրեն համարում է բոլորի նախագահը՝ եւ իրեն ընտրողների, եւ չընտրողների: Սակայն, հաշվի առնելով երկրում սրված իրավիճակը, դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանի համագործակցության առաջարկն ինչպես է ընդունվելու: Վարչապետը դիմելով հավաքվածներին՝ ասաց. «Ես հորդորում եմ ձեզ չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ՝ մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են: Համոզված եմ, նրանց հրապարակ է բերել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությունը, սակայն, ավաղ, նրանց արդեն թույլ չեն տալիս նկատել, թե ինչպես են ակամա դարձել մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը: Ես գիտեմ, թե դուք որքան եք վրդովվել այս օրերին, հետեւելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես գիտեմ, որքան շատ են այսօր մարդիկ, որ պատրաստ են փողոց դուրս գալ՝ պաշտպանելու իրենց տված քվեն: Ես այդ ամենը շատ լավ գիտեմ: Բայց ես խնդրում եմ ձեզ զսպել հույզերը. թե խոսք ունեք ասելու, ապա խնդրում եմ միայն իրականությունը տեսնելու հորդորներ թող լինեն դրանք, եթե գործողություններ եք ուզում ձեռնարկել, ապա թող որ դրանք լինեն բարիքի ու հանդուրժողականության քայլեր: Խնդրում եմ, միշտ ու անընդհատ հիշեք, մյուս հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են»: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նույն օրը, կեսօրին, մամուլի ասուլիսում իրենց «քույրերին եւ եղբայրներին» անվանեց «հայրենադավ»:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ե՛ւ իրեն ընտրողներին, ե՛ւ նրանց, ովքեր քվեարկել են մյուս թեկնածուների օգտին. «Մենք հարգում ենք մեր քաղաքացիների տեսակետներն ու չենք բաժանում հասարակությունը մերոնց ու նրանց, կամ, ինչպես որոշ վայ-ժողովրդավարներ են այսօր անում՝ «մերոնց ու ազգի տականքի»: Ֆաշիզմն ու ռեւանշիզմը մեզ խորթ են»: Ասաց, սակայն, որ «ամենավճռական քայլերը կձեռնարկվեն մեր երկրում առկա քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգուկանոնի պահպանման եւ հասարակության բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ»: Ըստ վարչապետի, տնտեսական աճն այնքան արագ չի անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, որքան կցանկանային. «Այո, աղքատության հաղթահարումը ժամանակ է պահանջում: Այո, մենք խնդիր ունենք ապահովել երկրում մրցակցային տնտեսություն՝ վերջնականապես ձերբազատվելով տնտեսության հետխորհրդային շրջանում անխուսափելիորեն ձեւավորվող օլիգարխիկ համակարգից: Բայց մենք այսօր շատ ավելի ուժեղ ենք՝ այս խնդիրները լուծելու համար»:

Սերժ Սարգսյանը նշեց, որ իր համար անընդունելին «մի քանի մարտական ընկերների անվայել պահվածքն է, ում սատանան կարողացավ գայթակղել խոստումներով ու զազրախոսությամբ: Երկերեսանիություն, չպատճառաբանված նկրտումներ, ոչ իրատեսական ցանկություններ, չհիմնավորված պահանջներ. սրանք ինձ համար անընդունելի երեւույթներ են: Ես միշտ արել եմ եւ շարունակելու եմ սրտի ցավով, բայց վայրկյան իսկ չվարանելով՝ իրենց տեղը դնել չափն անցածներին, իրատեսությունը կորցրածներին, անկախ անցած մարտական ուղուց, շնորհված կոչումներից ու պարգեւներից: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից»: ՀՀ վարչապետն ասաց, որ այժմ ոչ թե քարերը հավաքելու, այլ՝ «քարը փեշից թափելու», խաղաղության, միասնության, աշխատանքի, համազգային նոր հաղթանակների, տարաձայնությունները հաղթահարելու ժամանակն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել