Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱ՛Տ, ԱՆԿԱ՛Խ, ՀԱ՛-ՅԱ՛Ս-ՏԱ՛Ն»

Փետրվար 27,2008 00:00

\"\"Երեկ ամենահաճախը այս կարգախոսն էին վանկարկում Ազատության հրապարակը, Թումանյան փողոցը, Հյուսիսային պողոտան,

Կարապի լճի եւ հրապարակին հարակից բացօթյա սրճարանների տարածքը ողողած մի քանի հարյուր հազար մարդիկ:

Ընտրություններից հետո արդեն մեկ շաբաթ եւ այդ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո երրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է օր ու գիշեր: Երեկ հրապարակում հավաքվածների թիվը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ, հասել էր շուրջ կես միլիոնի, ինչպես ինքն ասաց՝ նաեւ շնորհիվ Սերժ Սարգսյանի: Բանն այն է, որ Հանրապետության հրապարակ, իբր, ի պաշտպանություն Ս. Սարգսյանի, հանրահավաք բերման ենթարկված քաղաքացիները, այդ թվում՝ մարզերից եւ մայրաքաղաքի տարբեր համայնքներից, օգտվելով պատեհ առիթից՝ լքել էին ՀՀԿ-ականների հանրահավաքն ու միացել Ազատության հրապարակում նույն ժամին հրավիրված հանրահավաքի մասնակիցներին:

ՀՀ առաջին նախագահը Ազատության հրապարակից դիմելով Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց. «Ձեզ եմ դիմում ընկերական, բարեկամական վերաբերմունքով՝ Ռոբերտ եւ Սերժիկ, խելքի եկեք, հասկացեք, թե ինչ է կատարվում այս երկրում: Քաջություն ունեցեք, եկեք այստեղ: Մենք ձեզ սիրով կընդունենք: Կարող եք ժողովրդի միջով չգալ, Օպերան ունի ետնամուտք, որտեղից կարող եք գալ: Մենք էլ մի կարմիր գորգ կփռենք ձեր առջեւ մինչեւ այս միկրոֆոնը: Այստեղից տվեք ձեր հրաժարականն ու թողեք հեռացեք»: «Հիմա, հիմա»,- սկսեցին գոռալ հավաքվածները՝ բթամատով ներքեւ ցույց տալով: Լ. Տեր-Պետրոսյանը դիմեց նաեւ ԱԺ-ի պատգամավորներին՝ հրավիրելով Ազատության հրապարակ. «Ձեր ժողովուրդն այստեղ է, լքեք ձեր շենքն ու եկեք այստեղ. ահա ձեր Ազգային ժողովը»: Խոսելով իր աջակիցների ձերբակալությունների մասին՝ Տեր-Պետրոսյանը հավաստիացրեց, թե՝ «թո՛ղ շատ բանտարկեն, ձերբակալեն, ասում եմ՝ մեր «վեջը» չի: Սա խղճուկ մարդկանց վերջին մանր ժուլիկությունն է»: ՀՀ առաջին նախագահը նաեւ հեգնանքով նկատեց, թե իշխանությունները՝ ի դեմս հայրենի իրավապահների, իր աջակիցների ձերբակալությունները փորձում են բացատրել նրանով, թե վերջիններս ուզում են հեղափոխություն անել: Ապա, դիմելով ժամանակ առ ժամանակ պար բռնող հրապարակին, հաստատեց, թե «այո, այստեղ հեղափոխություն է կատարվում, բայց ոչ «գունավոր». այստեղ գույն-մույն չկա: Այստեղ երգի ու պարի հեղափոխություն է»:

Նախորդ ամբողջ գիշերը նստացույցի մասնակիցների հետ անցկացրած ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը շարունակելով Տեր-Պետրոսյանի աջակիցների «աչքը վախեցնելու» օպերացիայի թեման՝ հիշեցրեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի այն հատվածը, որտեղ Պավլեն ասում էր՝ «որովհետեւ տգետ ես». «Իմ ձեռքին մի փաստաթուղթ է, որը գիշերը կազմել է Կոտայքի ոստիկանությունը: Այս փաստաթղթում գրված է, որ մեր տղաներից մեկի՝ Արամի տանից բռնագրավել են Լ. Տեր-Պետրոսյանի ելույթների եւ հոդվածների «Ընտրանին»: Այստեղ է, որ ես ուզում եմ ասել՝ որովհետեւ տգետ ես: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ խոսքն ու գիրը բռնագրավեն, կալանքի տակ դնեն: Անգամ ֆաշիստական երկրներում իրենց գրական ժառանգությունը պահպանեցին: Լ. Տեր-Պետրոսյանի գրքերն այսօր առգրավվում են որպես հանցագործության նյութ եւ որպես մարդկանց ներկայացվող մեղադրանքի նյութ: Դա է պատճառը, որ մենք ուզում ենք հաղթել, որովհետեւ այստեղ հավաքվածները տոնում են լույսի հաղթանակը խավարի դեմ, հավաքվել ենք, որ ազատությունն ու ժողովրդավարությունը հաղթեն բռնատիրությանն ու ստրկությանը»:

«Այսօր տոն է, այսօր երգ է, այսօր պար է, այսօր հաղթանակ է»,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ամենին հացադուլ չի սազում: Նա հավաքվածների անունից թվով 17 հացադուլավորներին խնդրեց դադարեցնել հացադուլը, տաք հագնվել եւ միանալ հանրահավաքի երգուպարին: Հանրահավաքի մասնակիցները, որոնք դեմքով կանգնած էին Թումանյան փողոցում «Հին Էրիվան» ռեստորանի պատին փակցված Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարի տակ, անընդհատ բթամատով ներքեւ էին ցույց տալիս եւ բղավում՝ «Սերժի՛կ, հեռացիր»: ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը եւ այլք մի քանի անգամ խնդրեցին հանգիստ թողնել այդ նկարը, սադրանքների չգնալ: «Հանգիստ թողեք այդ նկարը, որովհետեւ շուտով նրանից միայն այդ նկարն է մնալեւ ձեր հիշողության մեջ»,- խնդրեց Ա. Զուրաբյանը:

Հանրահավաքը վարող Միքայել Հայրապետյանն էլ հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ ԱՄՆ հայ համայնքում շատ նշանավոր «Քաջ Նազար» հանդեսի խմբագիր Հովհաննես Բալայանը վերադարձրել է Մովսես Խորենացու իր շքանշանը, «քանի որ կեղծիքների իշխանության կողմից շքանշանը պատիժ է»: «Այսինքն՝ մենք ոչ միայն զորիբալայաններ ունենք, այլեւ՝ իրական մտավորականներ»,- եզրակացրեց Մ. Հայրապետյանը:

ՀԺԿ նախագահ Ստ. Դեմիրճյանը բարձրախոսին մոտեցավ իր ազգանվան վանկարկման ներքո: «Այսօր պատմական օր է, եւ այդ պատմությունը կերտում եք դուք, բոլոր այն մարդիկ, ովքեր չնայած ցրտին ու ձյանը՝ կանգնեցին եւ կանգնած են հրապարակում: Այսօր մենք միասին եւ միահամուռ ոչ ենք ասում ստին եւ կեղծիքին, բռնություններին եւ կրիմինալ տականքին: Այսօր դրվում է նոր Հայաստանի սկիզբը: Իշխանությունները պետք է խոհեմություն ունենան եւ անհապաղ ընդունեն մեր բոլոր պահանջները՝ գիտակցելով, որ այս ուժը կոտրել հնարավոր չէ: Ժողովրդի դեմ հնարավոր չէ պայքարել, իսկ այսօր ոտքի է կանգնել ամբողջ հայ ժողովուրդը: Եվ մենք տրամաբանականին ենք հասցնում տարիներ շարունակ մղվող պայքարը եւ հաղթում ենք երգով-պարով»,- ասաց ՀԺԿ նախագահը:

Երեկ հանրահավաքի արանքում նաեւ երթ կազմակերպվեց, թեեւ ոստիկանները փորձում էին կանխել դա: Բազմահազարանոց երթը, որ շարժվեց Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց եւ Հանրապետության հրապարակ-Ազատության հրապարակ երթուղով, անցավ խաղաղ եւ առանց միջադեպերի՝ վերջում իր հետ հրապարակ բերելով նաեւ Սերժ Սարգսյանի հանրահավաքին քշված մասնակիցներին: Նրանք հրապարակ մտան ձեռքներին «Առաջ, Հայաստան» սպիտակ դրոշների մի մասը սեւ ժապավենով փաթաթած, մի մասը՝ ուղղակի ցեխակոլոլ արած, եւ թափեցին Տեր-Պետրոսյանի ոտքի տակ:

«Մենք խոնարհվում ենք ձեր առաջ, ձեր զգոնության, սթափության եւ անաղարտության առաջ»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանն էլ դիմելով հավաքվածներին՝ ասաց. «Ժողովուրդ, ձեզ տեսնելով ուզում եմ չհավատալ այն բանաստեղծին, որն ասել էր՝ քիչ ենք, բայց հայ ենք: Ախր, ինչքա՜ն շատ ենք, մի հատ նայեք՝ ինչքա՜ն շատ ենք: Երեկ ինչ որ երազում էինք, կատարվում է, ժողովո՛ւրդ: Ես գնացել էի Հանրապետության հրապարակ: Առաջին խմբի հետ քայլելով եկել եմ, երբ ոստիկանները ուզում էին պատնեշել, չթողնել մեզ, բայց կոտրվեց իրենց պատը: Ամեն մարդ միացել է մեզ: Հյուսիսային պողոտայում եւ արանքի փողոցներում ոստիկանությունն ուզում է կանգնեցնել մեզ, բայց ժողովուրդը գալիս ու միանում է: Այնտեղ արդեն մարդ չի մնացել: Ժողովո՛ւրդ, դուք հպարտություն եք, արժանապատվությունն եք այս երկրի: Ապրենք բոլորս, ապրի մեր բոլորի առաջնորդը՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Հավաքվածները երկար ժամանակ վանկարկեցին՝ «Լե՛-վո՛ն, նախագա՛հ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել