Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԿԱՏԱՐԵԼ ՇԱՏ ՄԵԾ ԴԵՐ»

Փետրվար 27,2008 00:00

\"\"Ասում է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը՝ թերեւս ակնարկելով ընտրությունների արդյունքներն իր ճանաչել-չճանաչելը:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ իր ասուլիսին հասավ 1 ժամ ուշացումով եւ պատճառաբանեց՝ քաղաքացիական համազգեստով 15-20 հոգի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ տեւական ժամանակ շրջափակել էին իր մեքենան՝ «Այն պատրվակով, թե փակ է ճանապարհը, հանրահավաք է ժամը 15-ին, իրավունք չունենք ոչ մեկին թողնել»: Խոսքը Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասին էր, որի առնչությամբ հարուցված արգելքները ՕԵԿ նախագահը կարողացել էր հաղթահարել միայն «տհաճ խոսակցություններից» հետո:

Կրկնելով իր նախընտրական գրասենյակի փետրվարի 25-ի հայտարարության դրույթները՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մենք դատապարտել եւ դատապարտում ենք այսօր քաղաքական գործիչների ձերբակալությունները: Դատապարտել ենք նաեւ երկու կողմից իրականացվող քայլերը. ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որը 65 տոկոսով իրեն Ազատության հրապարակում հռչակել է Հայաստանի նախագահ, ե՛ւ իշխանությունների կողմից այս կեցվածքը, որի արդյունքում ուղղակի անհեթեթ հոդվածներով մարդկանց ձերբակալում են: Չգիտեմ, թե իշխանություններն ինչ փաստերով կհիմնավորեն այդ ձերբակալությունները, բայց մինչ այսօր եղած բոլոր ձերբակալությունների մեջ մենք տեսնում ենք բացառապե՛ս քաղաքական ենթատեքստ»: Նաեւ հայտարարեց, թե ցուցարարների նկատմամբ ուժի հնարավոր գործադրումը չի հանգեցնի ներքաղաքական լարվածության թուլացման. «Ավելին՝ ներքաղաքական լարվածությունն ավելի է խորանալու»:

Արթուր Բաղդասարյանը հայտնեց, թե բանակցությունների մեջ է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ: Թեեւ չթաքցրեց, որ ինքն ու իր թիմը դեռ վիրավորված են իր հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարություններից: «Այնպես չէ, որ նրանց գործելակերպը մեզ համար 100 տոկոսով ընդունելի է, քանի որ տեսաք, թե իմ գլխին ինչ բերեցին՝ անպարկեշտ վիրավորանքներով: Բայց նաեւ գտնում ենք, որ մարդիկ պայքարում են այսօր»,- ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը նաեւ ասաց. «Չեմ կարող պաշտպանել մյուս կողմի մոլեռանդ ձգտումը, սարքած հանրահավաքները, թե ժողովուրդը ելել է ոտքի՜, իր ձայնե՜րն է պաշտպանում: Երկու կողմն էլ ընտրել են ծայրահեղական դիրքորոշում: Իմ ընտրողն ինձնից պահանջում է դիրքորոշում: Ես չեմ կարող ո՛չ մեկի ջրաղացին ջուր լցնել, ո՛չ էլ մյուսի, որովհետեւ երկու կողմի մոտ էլ նկատում եմ խիստ բեւեռացված դիրքորոշումներ»:

«Առավոտի» խնդրանքով պարզաբանելով, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ բանակցություններն այնուամենայնիվ ընթանում են հետընտրական միավորման շուրջ՝ պրն Բաղդասարյանն ասաց. «Ես չեմ կարող միավորվել մի մարդու հետ, որն ինքը իրեն հռչակել է նախագահ: Մենք կարող ենք միավորվել նոր ընտրությունների տեսլականի շուրջ: Համագործակցությունը կարող է լինել, թե ինչպես ենք տեսնում այս իրավիճակից հնարավոր զարգացումները»: Եվ հավելեց. «Գիտեմ, որ ես կարող եմ կատարել շատ մեծ դեր: Կարող եմ սթափեցնող դեր կատարել: Կարող եմ շատ վատ դեր կատարել, լավ դեր կատարել: Թե ինչ դեր է լինելու՝ պետք է լինի երկխոսություն»:

Պարզվեց, որ Արթուր Բաղդասարյանը դեռ որոշում չի կայացրել ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու վերաբերյալ. «Հաշվի առնելով Հայաստանում դատական համակարգի լիակատար կախվածությունը գործադիր իշխանությունից՝ այսօր որոշման կայացման փուլում ենք գտնվում»: Սակայն վերահաստատեց, թե ընտրություններում եղել են լուրջ ընտրակեղծիքներ. «Եվ այս ընտրությունների լեգիտիմությունը խորը կասկածի տակ է, նախեւառաջ՝ մեր ժողովրդի մեջ»: Մի քանի տվյալներ ներկայացրեց. «42 ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանը ստացել է 0: 129 ընտրական տեղամասերում ես ստացել եմ 5 ձայն: Հնարավո՞ր է, որ մի գյուղում ես ստանամ 200 ձայն, կողքի գյուղում՝ 0 ձայն»: Հիշեցրեց, թե ինքն էր միակ թեկնածուն, որի ձայներն ավելացան «թեկուզ այդ կեղծ վերահաշվարկի արդյունքում: Ինչու եմ ասում՝ կեղծ, քանի որ 150 տեղ էինք բողոքարկել, բացել են ընդամենը 36-ը»: Հիշեցրեց, թե Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ ՍԴ-ն իրավունք ունի ստեղծել հատուկ խմբեր, որոնք օժտվում են հատուկ գործառույթներով. «Բայց էլի եմ ասում՝ Հայաստանում անկախ դատական համակարգ գոյություն չունի»:

Արթուր Բաղդասարյանը հայտնեց, թե մշտական կապի մեջ է եվրոպական երկրների եւ ԱՄՆ դեսպանատների հետ. «Եվ բոլորն էլ խիստ մտահոգված են Հայաստանում ստեղծված իրավիճակով: Ու բոլորն էլ մեզնից ակնկալում են փաստաթղթավորված տվյալներ՝ նաեւ վերջնական եզրակացության գալու համար Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել