Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժներին «քշել» էին հրապարակ

Փետրվար 27,2008 00:00

Նրանց ստիպում էին հանդես գալ՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի

Երեկ Հանրապետության հրապարակում մեկնարկել էր ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ հերթական բեմադրված ակցիան, որին պարտադրել էին մասնակցել նաեւ մանկավարժների՝ հանրապետության մարզերից ու մայրաքաղաքից: Ամենափայլունը Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն էր աշխատել, ձնախառն անձրեւին հրապարակում ներկա էին Երեւանի բոլոր դպրոցների կոլեկտիվները, աչքաբաց տնօրեններից ոմանց ջանքերով հրապարակ էին եկել նաեւ բարձր դասարանցիներ: Տնօրենների մի մասը «Առավոտի» հետ զրույցում նշեց, բնականաբար խնդրելով չհրապարակել իրենց անունները, որ ծնողները ընդդիմացել են դպրոցականներին արհեստականորեն «քաղաքականացնելու» համար՝ մտահոգվելով իրենց երեխաների անվտանգությամբ: «Առավոտը» կապվեց քաղաքապետարանի կրթության վարչության պատասխանատուների հետ, որոնցից երկուսը՝ վարչության պետ Օնիկ Վաթյանը եւ նրա տեղակալ Սիլվա Աչոյանը ՀՀԿ անդամ են ու իրենց լծակները միշտ էլ ծառայեցնում են հարազատ կուսակցության շահերին: Օ. Վաթյանը, ինչպես եւ սպասվում էր, հերքեց, որ ուսուցիչներին հրահանգել են ներկա լինել հանրահավաքին, ասաց նաեւ, որ բարձրդասարանցիներ իր աչքով չեն ընկել: Հետո էլ հավելեց. «Եթե ուսուցիչները ցանկացել են գալ, դրա մեջ ի՞նչ վատ բան կա, կամ ով է ասում, որ հրապարակում միայն ուսուցիչներ են եղել: Հետո՝ ո՞վ կարող էր արգելել, ասել՝ մի գնացեք: Բնական է՝ իրենց կամքով եկած կլինեին: Այնպես որ՝ փառք ու պատիվ իրենց»:

Ս. Աչոյանն էլ գովելով իր կուսակցին՝ «Առավոտին» ասաց. «Ձեր կարծիքով աննորմա՞լ է այն փաստը, որ մարդիկ հավաքվում են ընտրված նախագահի մոտ եւ լսում գալիք տարիների մասին նրա խոսքը…Մարդիկ հաճույքով են եկել հրապարակ, նրանց ոչ ոք չի ստիպել: Այնտեղ այնպիսի երգեր էին հնչում, որոնք, կարծում եմ, յուրաքանչյուր հայի սրտամոտ էին, այնպիսի խոսք էր, որը հույս էր ներշնչում եւ ոչ թե վախ ու սարսափ առաջացնում»:

Կրթության վարչության մյուս պետի տեղակալը՝ Արմինե Վարդանյանն էլ ասաց. «Ես դեմ եմ դպրոցները քաղաքականացնելուն: Բայց ինչ-որ մեկը ասե՞լ է, որ հստակ բոլորին հրահանգված է եղել գալ հրապարակ… Մենք նման հանձնարարական չենք տվել: Բարձր դասարանի աշակերտների չեմ հանդիպել, իսկ ուսուցիչներն էլ երեւի տնօրենի հետ՝ իրենց իսկ ցանկությամբ են եկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել