Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԼՑՎԵԼՈՒ ՀՈՐԴՈՐԸ

Փետրվար 27,2008 00:00

\"\"ՀՀԿ նախագահի երեկվա ելույթը եւ ԱԺ-ում որոշ հանրապետականների հայտարարությունները տրամագծորեն հակադիր էին:

Վարչապետ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում ունեցած իր ելույթում երեկ հայտարարել էր. «Ես հորդորում եմ ձեզ չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ՝ մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են»: Թերեւս այս կոչին անհաղորդ մնացին նրա իսկ կուսակիցները, քանզի երեկ այդ հանրահավաքից ԱԺ նիստերի դահլիճ վերադարձած հանրապետականները մեկը մյուսի ետեւից դատափետող ելույթներ ունեցան Ազատության հրապարակում գտնվողների հասցեին:

Ասենք, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց. «Այսօր Ազատության հրապարակում կատարվող զանգվածային անկարգությունները, բացառիկ ցինիզմով խուլիգանությունները, քաղաքի բնակչության եւ հրապարակի մերձակա շենքերում ապրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որ զուգորդվում է շրջապատն ապականելով, ապօրինաբար զենք ու զինամթերք պահելն ու օգտագործելը, սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը «Քրեական օրենսգրքով» նախատեսված հանցագործություններ են, որ պարտավոր են կանխել իրավապահ մարմինները: Իմ՝ որպես իրավաբանի, որպես երկրում օրինականության, սահմանադրական եւ հասարակական կարգի անշեղ պահպանման ջատագովի կարծիքով՝ իշխանությունը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով եւ ժողովրդի պահանջով իրավունք ունի եւ պե՛տք է հարկադրանք կիրառելով վերջ տալ այս խժդժություններին, որոնց հեղինակների եւ կազմակերպիչների նկատմամբ գործադրի վերոնշյալ օրենքների ամբողջ խստությունը»:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Դանիելյանը հայտարարեց. «Գուցե ոմանց համար ժողովրդավարությունն ու ազատականությունը լոկ բառեր են, գուցե ոմանք տառապում են քաղաքական կարճատեսությամբ, գուցե սեփական անձին սիրահարվածության մոլուցքը նրանց ամբողջովին կուրացրել է, գուցե նախագահական նստավայր վերադառնալը եւ ամեն մեկին իր կողմից մատուցած ծառայության դիմաց խոստացված պաշտոններ բաժանելը ծերունական երազանք է: Գուցե: Այս դատողությունները անտարակույս ինքնանպատակ եւ հիմնազուրկ չեն: Դրանք իմաստազուրկ չեն նաեւ այն պատճառով, որովհետեւ ունեն կոնկրետ հասցեատեր, որը 7 երկար ու ձիգ տարիներ, իր անձնավորության թուլության պատճառով, ամբողջ մի երկիր ենթարկեց կողոպուտի եւ թալանի, ամենաթողության եւ իրավազրկության ենթարկեց քաղաքական համակարգը»:

Իսկ երբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարության մեջ պնդեց ՀՀԿ անդամներ Մհեր Սեդրակյանի եւ Լեւոն Սարգսյանի կատարած ընտրակեղծիքների մասին՝ Արմեն Դանիելյանը տեղից ընդհատեց նրան, գոռալով՝ «Սուտ ես խոսում»: Տիգրան Թորոսյանն էլ նախատեց. «Ամոթալի է իսկապես, ձեզ կարգին պահեք: Չի կարելի»:

ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն էլ իր հայտարարության մեջ՝ առանց անունը տալու, անդրադարձավ «Ժառանգությանը», նշելով, թե նրա «մոլեռանդ սկզբունքայնությունը, չգիտես ինչու, ծնեց, սնվեց ընտրություններից մեկ շաբաթ առաջ ընդամենը»: Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու նրանց որոշմանը հանրապետականն այսպես արձագանքեց. «Ես հասկանում եմ այդ մարդկանց՝ դժվար է հայտնվել դեսպանատներից մեկի կրունկի եւ Ազատության հրապարակի ասֆալտի արանքում: Դժվար դիրք է»:

Հիրավի՝ ուղղակի բարությամբ լեցուն դիտարկում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել