Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին մուրճի եւ սալի արանքում

Փետրվար 27,2008 00:00

Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը Ազգային ժողովում 26.02.2008

\"\"Իր պատմության հնագույն ժամանակներից սկսած, այս էլ որերորդ անգամ, ցավոք, Հայաստանը կրկին հայտնվել է մուրճի ու սալի արանքում: Հետեւաբար, նախագահական ընտրություններից հետո առկա կարծր առճակատումը պետք է հանգուցալուծվի խաղաղ, իրավական, քաղաքական եւ քաղաքակիրթ ճանապարհով: Հակառակ պարագայում, ինչպես միշտ, կարող են տուժել շարքային քաղաքացիները, կվտանգվի Հայաստանի միջազգային հեղինակությունը:Դատապարտելով ընտրությունների ընթացքում տեղի ունեցած անօրինականություններ եւ ընտրակեղծիքներ իրականացնողների ու կազմակերպիչների գործելաոճը՝ պահանջում եմ նրանց ենթարկել խիստ պատասխանատվության: Իշխանություններին կոչ եմ անում հարգել նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու հանրահավաքային ճանապարհն ընտրած խաղաղ ցուցարարների օրինական իրավունքները, բացառել որեւէ բռնություն, ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ հանդուրժողականություն մեր ժողովրդի այդ հատվածի նկատմամբ, զերծ մնալ քաղաքական հետապնդումներ իրականացնելու անհեռանկարային գայթակղությունից: Իշխանությունից հեռացած եւ հետագայում իշխանության վերադառնալու փորձ կատարող գործիչների համար կարող են ուսանելի լինել իշխանությունը կորցրած եւ որոշ ժամանակ անց դրան կրկին տիրացած գեներալ Դը Գոլի հետեւյալ խոսքերը, մեջբերում եմ. «Ինձ համար շատ ավելի հեշտ է իմ հին թշնամիների, քան իմ բարեկամների հետ: Վերադարձ իշխանության գլո՞ւխ: Դը Գոլը՝ այո՛… բայց առանց դըգոլականների», մեջբերման ավարտը: Հանրապետության ցանկացած նախագահի համար, թերեւս, նույնքան ուսանելի է Դը Գոլի մյուս արտահայտությունը, մեջբերում եմ. «Ես միայնակ մարդ եմ, որն իրեն չի խառնում ոչ մի կուսակցության, ոչ մի կազմակերպության հետ…: Ես մի մարդ եմ, որը չի պատկանում ոչ ոքի եւ պատկանում է բոլորին», մեջբերման ավարտը: Այսինքն՝ գեներալի նպատակը ոչ թե ազգը պառակտելը, այլ միավորելն ու համախմբելն էր: Եվ, վերջապես, բոլորի եւ հատկապես նախագահական հավակնություններ ունեցող գործիչների համար ընդօրինակելի է Նապոլեոնից հետո Ֆրանսիայի երկրորդ մեծ պետական գործչի վարքագծի այն դրվագը, որ Դը Գոլն իր համար դժվարին պահերին միայնակ ուղեւորվում էր տաճար եւ, ծնկի իջնելով, անշարժ քարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել