Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՉՍԵՂՄԵԼ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԸ

Փետրվար 28,2008 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ստեղծված իրավիճակում հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

– Դաշնակցության՝ իշխանության կոալիցիայի հետ համագործակցելու հարցը ե՞րբ է լուծվելու:

– Մենք դեռեւս չենք քննարկել այդ հարցը, որովհետեւ հետընտրական փուլը դեռ շարունակվում է, եւ երեկ տեղի ունեցավ մեր ընտրված նախագահի ընտրողների վերջնական հանրահավաքը: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն համաձայնագրին, ապա գաղտնիք չէ, որ դեռ 2003-ից մենք Դաշնակցության հետ ունենք համատեղ աշխատանքի փորձ, եւ կարծում եմ, մեր հանրապետությունը եւ մեր քաղաքացիները այդ համագործակցությունից միայն շահել են, քանի որ մեծապես հենց այդ ժամանակահատվածում է մեր երկրի տնտեսությունը գրանցել բավականին մեծ աճ, իսկ դա եղել է բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ: Դաշնակցությունը ինքնուրույն քաղաքական ուժ է եւ ինքը պետք է որոշի իր անելիքը: Մեր արձագանքը կլինի կոալիցիայի նիստից հետո: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ երեկ, հանրահավաքի ժամանակ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանն արդեն համագործակցության կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին՝ այդպիսով մեկ անգամ եւս ապացուցելով, որ ինքն անձամբ եւ Հանրապետականն ամբողջությամբ հանդես են գալիս քաղաքական հանդուրժողականության եւ պետականամետության դիրքերից:

– Նույն պահին, երբ Սերժ Սարգսյանը բոլորին համատեղ աշխատելու կոչ էր անում, Ռոբերտ Քոչարյանը իր հեռուստաելույթում խոսում էր այն մասին, որ վեց օր ինքը համբերել է եւ այլեւս չի պատրաստվում համբերել, հավանաբար ակնարկելով, որ ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառելու:

– Նախ, ասեմ, որ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին, առանց բացառության, համագործակցության կոչ արեց, եւ հենց դրանում է Սերժ Սարգսյանի եւ տերպետրոսյանական թիմի տարբերությունը: Սերժ Սարգսյանը վեր է կանգնում իր անձնական ամբիցիաներից, իր անձնական շահերից եւ առաջնորդվում է պետության շահերով, իսկ այս պահին պետության շահը պահանջում է, որ երկիրը լինի միասնական, միասին լուծեն այն խնդիրները, որ ծառացած են մեր հասարակության եւ պետության առջեւ: Չի կարելի չսեղմել մեկնած ձեռքը, մանավանդ՝ ընտրություններում երկրորդ տեղը գրաված գործիչը պետք է գիտակցի, որ ռուբիկոնի մյուս կողմում կանգնած է շատ ավելի մեծաթիվ ժողովուրդ, որը եւս մեր պետության քաղաքացիներն են, եւ չի կարելի անջրպետ մտցնել երկրի քաղաքացիների միջեւ, մարդկանց բաժանել յուրայինների եւ օտարների: Եթե, իրոք, նրանց նպատակը մեր երկրի առաջընթացն է, ապա գոնե պարտավոր են նստել եւ քննարկել առկա հարցերը: Ինչ վերաբերում է գործող նախագահի հայտարարությանը, որը, ձեր կարծիքով, հակասում է պարոն Սարգսյանի համագործակցության առաջարկին, ապա ասեմ, որ պարոն Քոչարյանը ոչ թե ուժային մեթոդների կիրառման կողմնակից է, այլ ինքը ապացուցել է, որ որպես պետության գլուխ՝ ինքը պարտավոր է հետեւել պետության անվտանգության հիմնախնդիրների լուծմանը: Նախագահը պարզապես ասաց, որ պետք է զանազանել ազատությունը եւ անկարգությունը եւ ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում: Մենք եւս համամիտ ենք, կարծում եմ, յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի ընդունում է, որ ժողովրդավարությունը առաջին հերթին օրենքի գերակայությունն է:

– Այնուամենայնիվ, այն բոլոր գործողությունները, որ իրականացնում է այսօր Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը, ամբողջովին տեղավորվում է ժողովրդավարության եւ Սահմանադրության շրջանակներում:

– Եթե խոսում ենք ժողովրդավարությունից, ապա կա արձանագրված փաստ, որ 52,08 տոկոսով հաղթել է Սերժ Սարգսյանը:

– Մյուս կողմը հենց դա չի ընդունում:

– Չի ընդունում քաղաքական մերժողականություն որդեգրած ուժը, բայց ընդունում են միջազգային բոլոր կառույցները, հասարակության մեծամասնությունը, դիտորդական բոլոր առաքելությունները, եւ չկա մեկը քաղաքակիրթ աշխարհում, որ կասկածի տակ առնի մեր ընտրությունները: Այո, քաղաքական փոքրամասնությունը չի ընդունում, եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պարոն Սարգսյանը կատարեց քայլ, որը հարիր է ազգի հորը եւ ընտրված նախագահին: Նա, որպես ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահ, համագործակցության ձեռք մեկնեց բոլոր քաղաքական ուժերին եւ ասաց՝ քույրեր եւ եղբայրներ, այո, կա խնդիր, եկեք միասին քննարկենք եւ լուծում գտնենք: Դրանից այն կողմ ժողովրդավարությունը ես չեմ պատկերացնում, որովհետեւ ժողովրդավարություն առանց երկխոսության չի կարող առաջ գնալ:

– Ձեր հանրահավաքին եկածները միացան Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, կարծես մարդիկ ուղիղ իմաստով հասկացան Սերժ Սարգսյանի խոսքը՝ թե այն հրապարակում հավաքվածները մեր քույրերն ու եղբայրներն են:

– Հարցին կատակով պատասխանեմ, այո, ընտրված նախագահն ասաց, որ մյուս հրապարակում հավաքվածները եւս մեր քույրերն ու եղբայրներն են, եւ մարդիկ գնացին տեսնելու, թե իրենց ինչպես են զգում իրենց քույրերն ու եղբայրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել