Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոնականներին» հալածում են

Փետրվար 28,2008 00:00

\"\"Իշխանության ներկայացուցիչները նրանց սպառնում են, բնակարանները խուզարկում, զրկում նպաստից ու աշխատանքից:

Նրանք, ովքեր մասնակցում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին, առավել եւս՝ ովքեր ելույթ են ունենում հանրահավաքների ժամանակ, իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվում են խոշտանգումների ու հետապնդումների: Ոստիկանության աշխատակիցները խուզարկում են նրանց բնակարանները, հանրապետական գործատուները՝ ազատում են նրանց աշխատանքից, բացի այդ, անհայտ մարդիկ զանգահարում են առավել ակտիվ միտինգավորներին ու սպառնում՝ «եթե չդադարեցնեք Ազատության հրապարակ գնալը՝ ընտանիքի անդամներին կվնասենք»:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Սմբատ Շաբոյանին «Հայջրմուղկոյուղի» ընկերությունում հսկիչ-գործակալի աշխատանքից ազատել են, ինչ է թե՝ ակտիվ մասնակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին. «Ինձ մի օր Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Սամվել Խաչատրյանը, որը հանրապետական է, կանչեց իր մոտ: Նրան բոլորը Վարդենիսում ճանաչում են «Խրյուշ» մականունով: «Խրյուշն» առաջարկեց, որ իր կուսակցության անդամ դառնամ, երբ հրաժարվեցի՝ ինձ իր մոտ կանչեց մեր «Ջրմուղկոյուղու» տնօրեն Տիգրան Շաբոյանը: Նա ասաց, որ իրեն վերեւներից «զաստավիտ» են անում, որ ինձ արգելի ցույցերի գնալ: Եթե համաձայնեի՝ ինձ ավելի բարձր պաշտոն էին առաջարկում՝ բարձր աշխատավարձով: Բայց ես չուզեցի, որի արդյունքում գործից ազատեցին»: Սմբատ Շաբոյանը երկրապահ է, եւ մարտի դաշտում հաշմանդամ է դարձել: Լեւոնի հետ համագործակցելուց հետո իշխանությունները նրան զրկել են անգամ հաշմանդամության թոշակից: Ս. Շաբոյանի խոսքերով՝ «ներկայումս քույրս աշխատում է Վարդենիսի տուն-ինտերնատում՝ «Խրյուշի» մոտ: «Խրյուշը» խոստացել է, որ եթե շարունակեմ նման պահվածքս՝ քրոջս էլ աշխատանքից կազատի»:

Երեկ հանրահավաքի ժամանակ Վարդենիսի ցուցարարները փաստեցին, որ իրենց քաղաքում ընդհանրապես արտոնյալ են եւ լավ աշխատանքի են անցնում նրանք, ովքեր հանրապետականի վկայական ունեն: Իսկ ով հանրապետական չէ՝ գործազուրկ է:

Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող Վարդենիսի բնակիչ Մհեր Մուրադյանը ոչ միայն իր հայրենի քաղաքում աշխատանք չի կարողանում գտնել, այլեւ վերջին շրջանում, ինչ նա սկսել է մասնակցել հանրահավաքներին, զրկվել է «Փարոսի» նպաստից: Նա երկու անչափահաս երեխա ունի եւ ընտանիքում էլ ոչ ոք չի աշխատում:

«Ոգու փորձություն» կազմակերպության Դիլիջան քաղաքի մասնաճյուղի նախագահ Գեւորգ Ամիրխանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ արդեն երկու շաբաթից ավելի է՝ անընդհատ ահաբեկում են իրեն ու իր ընտանիքի անդամներին: Երեկ առավոտյան ժամը 6-ին Դիլիջանի ոստիկանությունից մոտ 10 հոգի եւ եւս մի խումբ քաղաքացիական հագուստով տղամարդիկ ներխուժել են Ամիրխանյանի բնակարան, տունը տակնուվրա արել ու վերցրել Գեւորգի անձնագիրը: «Այդ ընթացքում ես տանը չէի, միտինգի էի: Նրանք ջարդուփշուր էին արել բնակարանի իրերը եւ անձնագրից բացի, վերցրել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ձայնագրությունները: Զավեշտալի է, որ իբրեւ ապօրինի զենք, իմ բնակարանից առգրավել են մուչագին, որն օգտագործում եմ մարզվելու նպատակով»,- ասաց Գեւորգը: Գեւորգն արդեն 7-րդ օրն է՝ տուն չի գնացել: Այդ ընթացքում անընդհատ նրա ընտանիքի անդամներին ստիպել են Գեւորգին «բերման ենթարկել» ու սպառնացել, որ եթե չգա՝ վատ կլինի: Գեւորգի խոսքերով՝ «եթե տուն գնամ՝ վստահ եմ, որ հենց նույն օրն ինձ կձերբակալեն»: Հալածանքների ենթարկվում են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքներին մասնակցող ուսանողները: Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողները պատմեցին, որ իրենց բուհի դռներն արդեն փակ են իրենց առջեւ. «Հենց դասը սկսվում է՝ լսարանների դռները փակում են, որ ոչ ոք միտինգի չգնա: Մեզ սպառնացել են, որ եթե միտինգի գնանք՝ համալսարանից դուրս կթողնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել