Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Է՞Լ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱՎՈՐ

Փետրվար 28,2008 00:00

\"\"Նախաքննությունը փորձում է մեղքը գցել ՕԵԿ-ի վրա

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննության մարմինը պարզել է, որ ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ Երեւանի թիվ 9 ընտրատարածքի թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, գործով մեղադրյալ Էդուարդ Աղաջանյանը, անձնական շահագրգռությունից ելնելով՝ պաշտոն ստանալու ակնկալիքով, չարաշահել է իր դիրքը: Ըստ նախաքննության նյութերի, նա համաձայնել է «Օրինաց երկիր» կուսակցությունից հանձնաժողովի անդամ Հենրիկ Ստեփանյանի առաջարկությանը՝ քվեաթերթիկներն ըստ թեկնածուների առանձնացնելու եւ հաշվելու ժամանակ աղավաղումներ կատարելու եւ քվեարկության արդյունքները կեղծելու մասին՝ նպատակ ունենալով այդ եղանակով հասնել ընտրությունների ընդհանուր արդյունքների բողոքարկմանն ու վերանայմանը, որը նրանց կարծիքով կապահովեր Արթուր Բաղդասարյանի հաղթանակն ընտրություններում:

Գործի նյութերի համաձայն, Էդուարդ Աղաջանյանն ու Հենրիկ Ատեփանյանը, հանձնաժողովի անդամներից ու մասնակիցներից գաղտնի, պայմանավորվել են կատարել դերաբաշխում՝ Հենրիկ Ստեփանյանը ձեւականորեն վիճել է նրա հետ ձայների հաշվման սահմանված կարգը խախտելու շուրջ, աղմկել, ապա, իբր անզգուշորեն, թեւով դիպել է սեղանին, որտեղ քվեաթերթիկների տրցակներն են եղել, թափել է սուրճը, որի առիթով Էդուարդ Աղաջանյանն ու մյուսները հավաքել, միմյանց են խառնել տրցակները: «Արտակարգ» իրավիճակից օգտվելով՝ Է. Աղաջանյանը տարբեր թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկների տրցակներից աննկատ վերցրել եւ մյուսների վրա է դրել որոշ քանակության քվեաթերթիկ, ապա, ժամը 03-ի սահմաններում, վկայակոչելով հանձնաժողովի անդամների հոգնածությունը՝ տրցակներն առանձին-առանձին ծրարավորել եւ կնքել է՝ հնարավորություն չտալով ավարտելու վերահաշվարկը: Նրա թելադրած ակնհայտ սխալ տվյալներով կազմվել եւ ստորագրություններով հաստատվել է քվեարկության արդյունքների մասին արձանագրություն: Հ. Ստեփանյանը, իբր նախնական պայմանավորվածության համաձայն, հետագա բողոքարկման նպատակով, հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց եւ գործավարության մատյանում գրել հատուկ կարծիք՝ թույլ տրված աղավաղումների վերաբերյալ: Այդ գրառումը հետագայում հիմք է հանդիսացել, որպեսզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ՕԵԿ-ի վստահված անձը բողոք բերի՝ ընտրատեղամասի արդյունքները վերանայելու մասին: Վերահաշվարկով պարզվել է, որ թեկնածուներից Արթուր Բաղդասարյանին տրված ձայներից պակասեցվել է 50 ձայն, Արտաշես Գեղամյանի ձայներից՝ 1, Տիգրան Կարապետյանի ձայներից՝ 11, Արամ Հարությունյանի՝ 1 ձայնը, Վահան Հովհաննիսյանի ձայներից պակասեցվել է 117, Վազգեն Մանուկյանի՝ 57 ձայնը, Արման Մելիքյանի՝ 6 ձայնը, Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայներից պակասեցվել է 16, իսկ Սերժ Սարգսյանին տրված ձայներն ավելացել են 314-ով:

Նկարագրված հանցավոր արարքի համար Էդուարդ Գուրգենի Աղաջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրօրի 150-րդ հոդվածով: Հենրիկ Պողոսի Ստեփանյանի նկատմամբ գործի մասն անջատվել է՝ ՀՀ քրօրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով: Առաջադրված մեղադրանքում Էդուարդ Աղաջանյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Նախաքննության ընթացքում տված իր բոլոր ցուցմունքներում նա խոստովանել եւ քննությանը հայտնել է ՀՀ նախագահի 19.02.2008թ. ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքի մանրամասները: Մասնավորապես, նշել է, որ կեղծիքները կատարել է ՕԵԿ-ից հանձնաժողովի անդամ Հենրիկ Ստեփանյանի առաջարկով: Երբ բացել են քվեատուփը, ինքը սկսել է քվեաթերթիկները հատ-հատ հանել ու ըստ թեկնածուների դնել առանձին տրցակներով. «Որոշ ժամանակ հետո՝ սենյակից դուրս է եկել ծխելու, որի ընթացքում իրեն է մոտեցել Հենրիկ Ստեփանյանը եւ ասել, թե խոսելու լուրջ բան կա, ապա ավելացրել, որ Արթուր Բաղդասարյանի ձայներից բացի, մնացածի հետ ինչ ուզում է՝ կարող է անել: Իր հարցին, թե ինչո՞ւ, Հ. Ստեփանյանը պատասխանել է, որ Արթուր Բաղդասարյանը միանշանակ հաղթելու է, եւ այդ գործում աջակցելու դեպքում նա խնդիրներ չի ունենա, լավ պաշտոնն էլ երաշխավորված է: Մյուս հարցին, որ եթե Ա. Բաղդասարյանի ձայները չեն ավելացվելու, ապա կեղծումների նպատակը ո՞րն է, Հ. Ստեփանյանը պատասխանել է, որ մյուս թեկնածուների ձայները կեղծելու, հատկապես Սերժ Սարգսյանի ձայներն ավելացնելու դեպքում ՕԵԿ-ը հիմք կունենա բողոքարկելու մեր տեղամասի ընտրությունների արդյունքները, այդ կապակցությամբ ընտրատարածքային հանձնաժողովը կվերահաշվարկի քվեաթերթիկները, արդյունքում՝ կպարզվեն կեղծիքները, որը հիմք կհանդիսանա, որպեսզի ողջ ընտրությունների արդյունքները վերստուգվեն: Այդ դեպքում՝ Արթուր Բաղդասարյանը հաղթող կճանաչվի: Իր հաջորդ հարցին, թե իրեն կարող են դատի տալ եւ պատժել, Հ. Ստեփանյանը պարզաբանել է, որ անհանգստանալու կարիք չկա, դրա տեւողությունը մի քանի օր է, որից հետո Արթուր Բաղդասարյանը կդառնա նախագահ, եւ ինքը կազատվի, մի լավ էլ պաշտոն կստանա»: Աղաջանյանն իր ցուցմունքները պնդել է նաեւ առերես հարցաքննության ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել