Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Օգոստոս 01,2008 00:00

\"\"Մեր երկրի պետական կառավարման համակարգում մեկնարկել է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործընթացը: Հիմնական նպատակը՝ քաղաքացի-պետական կառավարման մարմիններ փոխհարաբերությունները հեշտ, օպերատիվ եւ արդյունավետ դարձնելն է:

Էլեկտրոնային կառավարման համակարգն արդեն ներդրվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Աշխատանքներն իրականացնում է նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, որի տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքերով՝ էլեկտրոնային կառավարման համակարգը հեղափոխություն է կատարելու մեր երկրի պետական կառավարման համակարգում, մեր կյանքում: Ծավալուն թղթապանակներին եւ տրցակներին փոխարինելու է էլեկտրոնային տեղեկատվությունը: Վերանալու է տեղեկանք կամ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ստանալու համար տարբեր մարմիններ անձամբ ներկայանալու, հետաքրքրող հարցերի պատասխաններին անորոշ ժամանակով սպասելու, հարկեր վճարելու կամ հաշվետվություններ հանձնելու համար հերթ կանգնելու եւ մեր տրամադրությունը փչացնող ու թանկ ժամանակը խլող բազմաթիվ այլ գործողությունների անհրաժեշտությունը: Այս ամենը հասանելի կլինի ինտերնետի միջոցով:

– Պարոն Չոբանյան, ինչո՞վ կհիմնավորեիք այս համակարգի անհրաժեշտությունը:

– Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը պայմանավորված է ժողովրդավարական մի շարք հիմնարար սկզբունքներով՝ նախ եւ առաջ այն տեղեկատվություն եւ որակյալ ծառայություններ ստանալու քաղաքացու իրավունքն է։ Քաղաքացին իրավունք ունի իր վճարած հարկերի դիմաց պետությունից պահանջել որակյալ ծառայություններ եւ վերահսկել դրանց իրականացումը։ Նա պետք է հնարավորություն ունենա ոչ միայն դիմել որեւէ գերատեսչություն, այլեւ վերահսկել իր դիմումի ընթացքը, իրեն մատուցվող ծառայության որակը։ Ընդ որում՝ այն պետք է լինի իրեն հարմար եղանակով, հստակ ընթացակարգով, մեկ միասնական պատուհանով։

Ներկայումս պետական մարմինների գործառույթների հստակեցման, կրկնություններից խուսափելու խնդիր ունենք: Երբեմն նույնիսկ պետական մարմիններն են շփոթվում, թե որ գործառույթն ով է իրականացնում, ուր մնաց՝ քաղաքացին։ Ենթադրենք, մարդն ուզում է տուն կառուցել: Պարզվում է՝ տուն կառուցելու ամենակարեւոր պայմանը հող գնելն ու կառուցելը չէ։ Որեւէ մեկը հաշվե՞լ է, թե քանի քայլ ենք կատարում, քանի պետական մարմին ենք դիմում, որքան ծավալուն «փաստաթղթային տրցակներ» ենք պատրաստում, ինչպիսի տհաճ պահեր ենք ապրում: Արդյունքում՝ եթե փակուղային վիճակում չենք հայտնվում, նոր սկսում ենք տունը կառուցել։ Նման օրինակներ կարելի է անվերջ թվել: Այս վիճակն այլեւս շարունակվել չի կարող: Քաղաքակիրթ աշխարհը վաղուց լուծումները գտել է: Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման արդյունքում մենք կարող ենք մասամբ կամ ամբողջովին ձերբազատվել բոլոր նմանատիպ խնդիրներից։ Ես համոզված եմ, ոչ հեռու ապագայում այն դառնալու է մեր կենցաղի ու առօրյայի անբաժանելի մասը: Մենք պարտավոր ենք փոխել մեր գործելաոճը:

– Պարոն Չոբանյան, Դուք խոսում եք մի գործընթացից, որի մասին հասարակությունը տեղյակ չէ: Նման խոշոր ծրագրի իրականացման դեպքում սովորաբար քննարկումներ են լինում կառավարության մակարդակով, մշակվում է հայեցակարգ: Լինում են նաեւ հանրային քննարկումներ:

– ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մշակվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի նախագիծը, որի մաս է կազմում նաեւ էլեկտրոնային կառավարումը։ Ոլորտի մասնագետների, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են սեմինարներ, հայեցակարգի վերաբերյալ եղել են հանրային քննարկումներ: Բնականաբար, ինչպես ցանկացած մեծ նորամուծություն, այն եւս միանշանակ չընդունվեց: Գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին քննադատել հայեցակարգի նախագիծը: Եղան նաեւ ռացիոնալ առաջարկություններ, որոնք ընդունելի էին, բայց էական չէին, եւ արդյունքում մի քանի ամիս հետաձգվեց հայեցակարգի ընդունումն ու ծրագրի մեկնարկը: Հայեցակարգը պետք է դառնա հիմնարար փաստաթուղթ: Հույս ունեմ, որ այն շուտով կընդունվի կառավարության կողմից: Մենք պետք է այնպես անենք, որ կարողանանք այս ծրագրի նկատմամբ հետաքրքրություն եւ ոգեւորություն առաջացնել:

– Արդյո՞ք դրանից հետո խնդիրները կպակասեն:

– Իհարկե՝ ոչ: Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման փուլում մենք խնդիրներ կունենանք եւ քաղաքացիների, եւ պետական ծառայողների հետ: Նոր համակարգով աշխատելը ենթադրում է բոլորովին նոր ոճ, նոր հոգեբանություն, նոր գիտելիքներ: Ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու համար անհրաժեշտ է անընդհատ սովորել: Մարդիկ դժվարությամբ են համակերպվում ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու անհրաժեշտության գաղափարին։ Սա առաջին հերթին հակազդեցություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր բավարար չափով չեն տիրապետում համակարգչին կամ արդեն սովորել են աշխատել հին ձեւով եւ այն փոխելու ցանկություն չունեն: Մենք ուսուցում ենք կազմակերպել մեր նախարարության աշխատակիցների համար եւ նույնիսկ նրանց կողմից ենք երբեմն լուրջ դիմադրության հանդիպում: Ինչ-որ տեղ դա հասկանալի է, սակայն մենք պարտավոր ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, լինել սկզբունքային, եթե պետք է՝ որոշ առումով նաեւ ագրեսիվ եւ հետեւողական: Եթե գործընթացը կազմակերպված չտանենք, ավելորդ ժամանակ եւ ռեսուրսներ կվատնենք։

Խնդիրներ կունենանք նաեւ քաղաքացիների հետ: Այսօր մեր բնակչության ընդամենը 10 տոկոսին է հասանելի համակարգիչն ու ինտերնետը: Դա էլ հիմնականում վերաբերում է Երեւանին: Հատկապես մարզերում հսկայական աշխատանք պետք է կատարվի:

– Է՞լ ինչ խնդիրներ կնշեիք։

– Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պետության բազմակողմանի աջակցությունը:

Անհրաժեշտ է հնարավորինս զարգացնել հեռահաղորդակցությունը, ինտերնետային ենթակառուցվածքները, հստակ քաղաքականություն մշակել համակարգչային համընդհանուր հասանելիություն ապահովելու համար, մշակել եւ իրականացնել ցածր գներով համակարգիչներ ներկրելու ծրագրեր: Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ այսպիսի նախաձեռնությունները շատ կարճ ժամանակում տվել են շոշափելի արդյունքներ:

– Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման պատրաստվածությամբ աշխարհի կամ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ի՞նչ դիրք է զբաղեցնում:

– ԱՊՀ հանրապետությունների մեջ Հայաստանը միջին դիրք է զբաղեցնում: Դասակարգում կա, թե երկրները որքանով են պատրաստ էլեկտրոնային կառավարման համակարգին: 182 երկրների շարքում Ռուսաստանը գտնվում է 60-րդ տեղում, Ադրբեջանը՝ 89-րդ, 90-րդ տեղը զբաղեցնում է Վրաստանը, իսկ Հայաստանը գտնվում է 103-րդ տեղում: Ռուսաստանը հետեւողական քայլեր է անում առաջիկա մի քանի տարիներին ամբողջ երկրում էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Մի քանի օր առաջ ՌԴ նախագահը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցի քննարկման ժամանակ պետական պաշտոնյաների, հատկապես ղեկավարների համար հայտարարություն արեց. կամ՝ սովորեք, կամ՝ հեռացեք: Ռուսաստանում այսօր ներդրման բավականին հաջողված օրինակներ կան: Առաջատարներն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը եւ Կալինինգրադը: Շատ կարեւոր է, որ մեր իշխանությունները եւս աջակցում են այս գործընթացներին, սակայն պատրաստակամությունը դեռ բավարար չէ:

– Միգուցե՞ դանդաղելու պատճառն այն է, որ ծրագրի հայեցակարգը դեռեւս ընդունված չէ:

– Այո, հայեցակարգը հստակ խնդիր կլուծի։ Ունենալով աշխատանքների համակարգված իրականացման ձեւաչափ՝ մենք անպայման կհասնենք հաջողության։ Մեր կողմից նախատեսված գործողությունների ծրագիրն ավարտվում է 2010թ. երկրորդ կեսին: Հստակեցված են աշխատանքային փուլերը՝ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման համար անհրաժեշտ տեղեկատվական բազաների ստեղծում, կառավարման համակարգերի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն եւ այլն: Պետք է ստեղծվեն նաեւ այս համակարգերի գործունեությանն աջակցող մոդուլները, որոնք կապահովեն օգտվողների նույնականացումը եւ իրավասությունների ճանաչումը: Քաղաքացու նույնականացումը կապահովվի սոցիալական ապահովության քարտի համարի, իրավասությունների ճանաչումը՝ էլեկտրոնային ստորագրության հիման վրա: Հաջորդ փուլը գործող տեղեկատվական համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ստեղծումն է, ապա՝ ինտերնետային կայքերի, պորտալների ձեւավորումը: Որպես էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման վերջին փուլ՝ դիտարկում ենք սոցիալական ապահովության քարտերի համարների հիման վրա միասնական նույնականացման ID քարտերի ստեղծումը: ID քարտը հանրապետության տարածքում կփոխարինի քաղաքացու սոցիալական քարտին ու անձնագրին:

– Իրատեսակա՞ն է, արդյոք, 1,5-2 տարվա ընթացքում ամբողջ ծրագրի իրականացումը:

– Չկազմակերպված, չհամակարգված աշխատանքի դեպքում կարելի է տասնամյակներ շարունակ տեղում դոփել: Հաջողության հասնելու համար պետք է մշակել եւ ապահովել հստակ մեխանիզմներ բոլոր նախաձեռնությունների եւ գործընթացների միջեւ։ Շատ կարեւոր է պետական միանշանակ եւ հստակ աջակցությունն ու համապատասխան ֆինանսական միջոցներ ապահովելը։ Ընդ որում, այս աշխատանքները կարող են իրականացվել պետական բյուջեով սահմանված միջոցների հաշվին: Վերջին տարիներին տարբեր ոլորտներում հատկացվել են բավարար ֆինանսական միջոցներ տեղեկատվական համակարգերի ներդրում ապահովելու համար, սակայն անկազմակերպ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով դրանք արդյունավետ չեն եղել: Առաջին հերթին մենք ակնկալում ենք կառավարության եւ յուրաքանչյուր նախարարի աջակցությունը, որպեսզի յուրաքանչյուր ոլորտում հնարավոր լինի կազմակերպված եւ հետեւողական աշխատանք տանել տեղեկատվական համակարգերի ներդրման, համապատասխան մշակույթի ձեւավորման ուղղությամբ: Ի դեպ՝ քիչ կարեւոր չէ այն հանգամանքը, որ արդեն կա բավարար փորձ, գիտելիք եւ ցանկություն։ Համակարգչային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովվածության առումով աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը գտնվում է առաջնակարգ դիրքերում։ Տարիներ շարունակ նախարարությունն իր ծրագրերն իրականացնում է տեղեկատվական համակարգերի համակողմանի կիրառմամբ, գործում են 10-ից ավելի տեղեկատվական համակարգեր, այդ թվում՝ տեղեկատվական հիմնական ռեգիստրները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, կադրերի կառավարման համակարգը: Նախարարության էլեկտրոնային կայքը ներառում է այնպիսի ինտերակտիվ գործառույթներ, ինչպիսիք են քաղաքացիների կողմից էլեկտրոնային դիմումների ստացումը, ընդունելության համար հերթագրումը, նախարարության իրավաստեղծ գործունեության հրապարակային քննարկման ապահովումը եւ այլն։ Ընդ որում, նախարարության տեղեկատվական համակարգերում լիարժեք լուծված է տվյալների նույնականացման խնդիրը, որը հնարավորություն է տալիս իրականացնել տեղեկատվության ավտոմատ փոխանակություն եւ համադրումներ: Նախարարության աշխատակազմը, առանձնացված ստորաբաժանումները եւ նրանց տարածքային կենտրոններն ամբողջությամբ հագեցած են համակարգչային տեխնիկայով, լոկալ ցանցերով, հիմնականում ապահովված են ինտերնետ (ինտրանետ) կապով:

– Պարոն Չոբանյան, կա՞ հաշվարկ, թե որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու համար:

– Հիմա աշխատում ենք համակարգի ներդրման հայեցակարգի վրա, որի մաս կլինի նաեւ գործողությունների ծրագիրը՝ բյուջեով։ Ներդրված գումարները տարբեր, այդ թվում՝ ֆինանսական դիվիդենդների տեսքով ետ են գալու առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում: Պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունն անհամեմատ կբարձրանա, կիջնեն կոռուպցիոն ռիսկերը, պետության կողմից մատուցվող ծառայություններն ավելի մատչելի, ծավալուն եւ հասցեական կդառնան: Վերջապես, քիչ կարեւոր չէ ապրել եւ աշխատել քաղաքակիրթ եղանակով, լինել աշխարհի զարգացած երկրների շարքում, որովհետեւ սա միանշանակ առաջընթացի ցուցանիշ է:

– Ո՞վ պետք է իրականացնի էլեկտրոնային կառավարման ամբողջ համակարգի ներդրման ծրագիրը:

– «Նորք» կենտրոնն ունի մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներ, փորձ եւ մեծ պատրաստակամություն՝ այս գործընթացն արդյունավետ իրականացնելու համար: Լիովին պատկերացնում ենք նաեւ պատասխանատվության աստիճանը: Մեր մոտեցումները հավանության են արժանացել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Վերջում կցանկանայի նշել, որ աշխատանքները շատ ծավալուն են, ուստի ուրախ կլինենք ստանալ համագործակցության առաջարկներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել