Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկած թուղթը

Օգոստոս 01,2008 00:00

/հատված/

\"\"Թագադիր Ասպետ Իշխան Սահակ Բագրատունին այդպես էլ չէր իմանալու, որ իր ցեղի անցյալ փառքը մի օր թագավորական խույր է կրելու, եւ դա լինելու է իր նահատակությունից չորս հարյուր տարի հետո: Չէր իմանալու նաեւ, որ Մովսես փիլիսոփային գրած իր առաջարկ-նամակը դառնալու էր Բագրատունյանց թագավորության բանալին:

Իշխանը հաստատ չգիտեր նաեւ, որ իր սերմը աշխարհում դեգերելու է երկու հազար տարի շարունակ՝ լուծվելով ժամանակի կենդանի ու մեռած ջրերում: Ու շատ ավելի ուշ նրանք աշխարհ էին վերադառնալու այլակերպ՝ հոգիները դրսում, մարմինները ներսում, եւ տեսնողները չէին ճանաչելու նրանց, քանզի մոռացել էին Բագրատունյանց վագրը, որը երկու հարյուր տարի իր թաթը չիջեցրեց երկիր գնդի վրայից:

Այնինչ ազգերի հոգեւոր ջրերի խորքերում ապրում էր Լեգեոն անունով ձուկը, որի պոչը այնքան երկար էր, որ ձուկն իր պոչը չէր ճանաչում եւ տեսնելիս ուզում էր կծել: Իսկ երբ կծեր, աշխարհը խորտակվելու էր: Եվ եղան ազգեր, որոնց հետ պատահեց այդ բանը, ու վաղորդյան մշուշի պես նրանք տարրալուծվեցին ժամանակի խաբուսիկ զրնգոցների մեջ ու վերացան աշխարհի երեսից:

Իսկ Քրիստոսից հետո, հայոց կյանքի հինգերորդ տարում, եղավ այնպես, որ Հայկ ցեղի ներսում ապրող նախաջրհեղեղյան հոգնած ձուկը մի օր տեսավ իր պոչը, ու երկրում սկսվեցին եղբայրասպան կռիվներ:

Բայց մինչ այդ, ինչը գրեթե արդեն մոռացվել էր, թագավորասպան Անակ Պարթեւի որդի Գրիգորը երկրում հռչակվեց սուրբ: Եվ օտարամուտ հրոսակների իր ամբոխով առաջինը սկսեց Տիր աստծու տաճարի կործանումից՝ ջնջելով, քերելով գիր ու մագաղաթ, արեւելքի հեռու խորքերից բերած կավահամ փոշու տակ թաղելով հինգհազարամյա աստվածների գլխատված մարմիններն ու խոսքը: Եվ զարմանալի կրքով բռնկված՝ Միհրի տաճարում հընթացս տապալեց նաեւ մարմարյա շքեղ պատվանդանը՝ ձոնված սպասվող-գալիք Աստծուն, այսինքն թե՝ Քրիստոսին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել