Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունք չե՞ս տվել՝ կտաս

Օգոստոս 08,2008 00:00

Վկային թելադրել են այն ցուցմունքի տեքստը, որից նա հրաժարվել էր

Հուլիսին, երբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Մարտի 1»-ի գործով կալանավորված Արման Շահինյանի գործի դատաքննությունը (նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի՝ «Զանգվածային անկարգություններ», եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով), դատարան հրավիրվեց եւ ցուցմունք տվեց ժամկետային զինծառայող, Ապարանի Հարթավան գյուղի բնակիչ Կարեն Հայրապետյանը: Վերջինս մեղադրող կողմի վկաներից էր, որը, իբր, նախաքննության ընթացքում Ա. Շահինյանի դեմ ցուցմունք էր տվել: Դատարանում Կ. Հայրապետյանը մի քանի անգամ հայտարարեց, որ իրեն ոչ ոք երբեւէ չի հարցաքննել, եւ ինքը որեւէ ցուցմունք չի տվել, որ այդ ցուցմունքն իր ձեռագրով չի գրված: Նա բացատրեց, որ ինքը մի անգամ ոստիկանություն է կանչվել` իբր, բանակից խուսափելու պատճառաբանությամբ, որտեղ իրեն ասել են, թե շփոթմունք է եղել, ու «մեկն ինձ թղթեր տվեց ու ասեց՝ ստորագրի, գնա տուն: Ես էլ, մտածելով, որ էդ սխալմունքի հետ կապված թղթեր են` ստորագրեցի»: Հաջորդ անգամ Կարենին թղթեր էին առաջարկել ստորագրել արդեն զորակոչվելու օրը՝ հավաքակայանում: Ու նա կրկին ստորագրել է դրանք, կարծելով, թե «ծառայության հետ կապված թղթեր են»: Ի պատասխան, Գլխավոր դատախազությունում պնդել էին, որ Կ. Հայրապետյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում 2 անգամ, ինչի մասին կազմվել են արձանագրություններ, իսկ «ցուցմունքներից մեկը Կ. Հայրապետյանը գրել է անձամբ իր ձեռքով, որի կեղծված լինել-չլինելը» կպարզվի դատաձեռագրաբանական փորձաքննությամբ:

Օգոստոսի 6-ին Կ. Հայրապետյանն իր անմիջական հրամանատարի ուղեկցությամբ «զրուցելու» նպատակով բերվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի շենք, որտեղ նրա հետ «զրուցելու» փորձ են արել դատավոր Ափինյանը եւ էլի մեկը՝ ճաղատ գլխով, որին Կ. Հայրապետյանը չի ճանաչում: Ափինյանը Կարենին հորդորել է գլխացավանքի մեջ չընկնելու համար դատարանում ասել այն, ինչ նա, իբր, գրել է իր նախաքննական ցուցմունքում: Մերժում ստանալուց հետո դատավորը ներկայացրել է երրորդ անձնավորությանը` որպես Կարենի ձեռագիրը փորձաքննության ենթարկողի, թեեւ վերջինս ավելի ճշտել է, որ ինքը միայն ձեռագիրը տանելու է փորձաքննության: Նա Կարենին առաջարկել է թղթի վրա գրել այն, ինչ գրված է ցուցմունքում: Կարենն ասել է, որ ինքը դա կանի փաստաբանի ներկայությամբ: Բայց տղային համոզել են, թե՝ քո վրա ճնշումներ չկան, գրելու մեջ էլ բան չկա, պիտի գրես, որ ձեռագիրդ տանենք համեմատելու: Միամիտ տղան քաղցր խոսքերին հավատացել եւ սկսել է գրել իրեն վերագրված նախաքննական ցուցմունքը, որի տակ ստորագրել են ինքը, երրորդ անձը եւ դատարանում աշխատող երկու աղջիկներ:

Դատարանից դուրս գալուց հետո Կ. Հայրապետյանը սկսել է կասկածել, թե իր «գլխին սարքում» են, որ այդ գրությունը ՀՔԾ-ն կարող է կարել քրգործում որպես Կ. Հայրապետյանի տված նախաքննական ցուցմունք, հետո ուղարկել փորձաքննության եւ «պարզել», որ դա Կարենի ձեռագիրն է: Հակառակ դեպքում, ըստ Կ. Հայրապետյանի մտերիմների, իմաստ չուներ նրան ցուցմունքն ամբողջությամբ թելադրել, որովհետեւ փորձաքննության համար բավարար կլիներ ընդամենը մի հատվածը: Կատարվածի մասին երեկ տեղեկացվել են իրավապաշտպանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել