Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆԱՐԱՐՔԻ ՇՈՒՐՋ

Օգոստոս 08,2008 00:00

«Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը, որի նկատմամբ օգոստոսի 6-ին բռնություն էր կիրառվել «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատի ժամանակ՝ երեկ Դատաբժշկական հանրապետական կենտրոնում փորձաքննության է ենթարկվել, եւ արձանագրվել են նրա բազուկների շրջանում արյան զեղումները, ինչպես նաեւ՝ ծնկների շրջանում վնասվածքները:

Լրագրողի նկատմամբ կատարվածի առնչությամբ երեկ վրդովմունք են արտահայտել ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը եւ «Ժառանգություն» խմբակցությունը, որի տարածած հայտարարության մեջ նշված է. «Փաստում ենք, որ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների ու լրագրողական աշխատանքի խոչընդոտման պատճառը դատավորների, իրավապահ մարմինների եւ դատարանների անպատժելիությունն է, ովքեր հաշվեհարդարի «օրինականացված» միջոցներ են կիրառում իրենց հակաօրինական գործողությունների վրա հանրության ուշադրությունը հրավիրող լրագրողների նկատմամբ»: «Ժառանգություն» խմբակցությունը երկրի ղեկավարությունից պահանջում է «միարժեք իրավական-քաղաքական գնահատական տալ կատարվածին»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը «Ազատություն» ռ/կ-ին հետեւյալ բացատրությունն է տվել կատարվածի մասին. «Դատավորը կարգադրեց, որպեսզի բոլոր լրատվամիջոցները անջատեն իրենց տեսախցիկները եւ ձայնագրություններ չկատարեն, իսկ Գոհար Վեզիրյանը չկատարեց դատարանի կարգադրությունը… Դատավորի կարգադրությանը, որպեսզի նա ոտքի կանգնի, ոտքի չկանգնեց, ասելով՝ «դուք ո՞վ եք, որ ես պիտի ոտքի կանգնեմ», ու սկսեց արդեն վիրավորել դատարանին… Մենք ուժ ենք գործադրել օրենքի սահմաններում, որովհետեւ Գոհար Վեզիրյանը ինքնակամ չէր լքում դատարանի դահլիճը, եւ դատավորը, դատարանը հրահանգեց, որպեսզի մենք նրան դուրս հանենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել