Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԵՎ ՈՍԿԵ ԴԻՊԼՈՄ՝ ԱՎՍՏՐԻԱՅԻՑ

Օգոստոս 08,2008 00:00

\"\"Էջմիածնի «Տարոն» երգչախմբի նվաճումները

Հուլիսի 9-19-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացել է 5-րդ երգչախմբային համաշխարհային օլիմպիադան, որտեղից Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը վերադարձել է ոսկե դիպլոմով եւ բրոնզե մեդալով:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Գեւորգ Չաքմանյանը «Առավոտին» հայտնեց, որ այս օլիմպիադային իրենք մասնակցում էին 2-րդ անգամ: Նախորդ օլիմպիադան կայացել է 2004-ին՝ Գերմանիայի Բրեմեն քաղաքում, որտեղ «Տարոնն» արժանացել էր բրոնզե մեդալի՝ «ֆոլք» անվանակարգում:

Մեր զրուցակիցը նշեց, որ այս տարի ներկայացված է եղել շուրջ 80 երկրի 450 երգչախումբ եւ մրցել են 28 անվանակարգում: Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող «Տարոնին», այն հանդես է եկել 28-րդ՝ «Ազգային ֆոլք» անվանակարգում ու մրցել 50-ից ավելի երգչախմբերի հետ, ոսկե դիպլոմ նվաճելով՝ անցել եզրափակիչ, ապա արժանացել բրոնզե մեդալի:

«Ոսկե դիպլոմը» շահելուց հետո «Տարոն» երգչախմբին իրավունք տրվեց Գրացի կենտրոնական հրապարակում 30 րոպեանոց համերգով հանդես գալ: Լեփ-լեցուն հրապարակում մենք կատարեցինք երգեր Սայաթ-Նովայի, Ջիվանու երգացանկից: Վերջին՝ Ջիվանու «Ընկերը» երգից հետո ծափահարություններն այնքան բուռն էին, որ մեզ հիշեցրին մեր երեւանյան մենահամերգը»,- պատմեց Գ. Չաքմանյանը: Նաեւ հիշեց, որ Գրացի փոքրաթիվ՝ 5-6 ընտանիքից բաղկացած հայկական համայնքը համերգներին ներկա է եղել Եռագույններով ու իրենց ելույթների ժամանակ բացականչել են «Արմենիա-Հայաստան»: Ի տարբերություն, օրինակ, Կորեայի Հանրապետության 60 հոգանոց կամ Չինաստանի 100 հոգանոց երգչախմբերի, «Տարոնը» ներկայացել է 8 հոգանոց խմբով՝ դուրս մղելով Կանադայի, Մեքսիկայի, Լատվիայի, Վենեսուելայի ու մյուս երկրների երգչախմբերին: «Տարոնի» ամենակրտսեր մասնակիցները 9 տարեկան Էլեն Գաբրիելյանն ու 10 տարեկան Հենրիկ Ալեքսանյանն էին: «Մենք շատ ուրախ ենք մեր ձեռքբերման համար: Այս մրցույթում ոչ sms կար, ոչ հեռախոսազանգ, ոչ էլ Սփյուռքի աջակցություն: Ամեն ինչ վճռում էր 7 հոգուց բաղկացած խստապահանջ պրոֆեսիոնալ ժյուրին…»,- նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Ավստրիա մեկնելուն իրենց աջակցել են ՀՀ նախագահը եւ Էջմիածնից՝ Սախկալյան ընտանիքը:

«ԳԱՎ» մշակութային, սպորտային, բարեգործական հ/կ-ի նախագահ, երգչախմբի տնօրեն Վահրամ Քոչարյանն էլ պատմեց, որ երգչախմբին սիրով հյուրընկալել է Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը. «Նա երեխաներին շնորհավորեց, ոգեւորեց՝ ասելով, որ ամենալավ դեսպանները ոչ թե իրենք են, այլ շնորհալի երեխաները: Նա պաշտոնական հաղորդագրություն է ուղարկել Հայաստան, ու մինչեւ մեր ժամանելը այստեղ գիտեին, որ շահել ենք բրոնզե մեդալ»: «Տարոնը» մի փոքրիկ համերգային ծրագիր էլ ներկայացրել է Վիեննայի հայ համայնքի համար՝ Ավստրո-հայկական մշակութային միության եւ տեղի հայկական եկեղեցու հովանավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել