Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Նահապետի մատը խա՞ռն էր

Օգոստոս 08,2008 00:00

Դիցաբանական հերոսը հռչակվում է անկախ պետականության ջատագով

«Օգոստոսի 10-ին լրանում է Հայոց բուն տոմարի սկզբնավորման 4500-ամյակը: Սա այն օրն է, երբ Հայկ Նահապետը նետահարեց Բելին՝ ապացուցելով, որ հայն անկախ պետականության ջատագով է, որ առաջնորդվում է մեկընդմիշտ տարված կատարելատիպերով, որոնք ենթադրում են ոգու խռովք, նպատակասլացություն, լավագույնին հասնելու ձգտում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Սերունդ» նախաձեռնող խմբի նախագահ Հայկ Չոբանյանը եւ լրագրողներին հրավիրեց մասնակցելու Լոռու մարզի Հարթագյուղից 5 կմ հարավ գտնվող Բագեր սրբավայրում կայանալիք տոնակատարությանը: Այստեղ նախատեսվում է առաջիկայում կառուցել Ազգային միասնության տաճար, տեղադրվելիք հուշաքարի բացումը կկայանա օգոստոսի 10-ին: Հ. Չոբանյանի խոսքերով. «Մեր հիմնական նպատակը այդ օրը հայկական պետական տոնացույց մտցնելն է: Քանի որ պետականորեն առանձնապես մեծ միջոցառում նախատեսված չէր, մենք որոշեցինք այդ օրը որեւէ ձեւով նշել եւ դարձնել համազգային միջոցառում: Պատրաստվում ենք նաեւ առաջարկությամբ հանդես գալ Հայաստանի իշխանությունների ու կառավարության առջեւ, որ մյուս տարվանից այդ օրը պետական մակարդակով նշվի: Միջոցառումն իրականացվում է «Հայկյան սերունդ» խորագրով, ու հենց այստեղից էլ ընտրել ենք նախաձեռնող խմբի անվանումը: Նշեմ, որ ստեղծվել է նաեւ www.serund.am կայքը»:

Նախաձեռնող խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանն անդրադառնալով Բագերում կառուցվելիք Ազգային միասնության տաճարին՝ հավելեց. «Այսօր ամենից շատ մենք ազգային միասնության կարիքն ունենք: Աշխարհում ապրող մոտ 10 միլիոն հայությունից միայն 3 միլիոնն է իր հողի վրա պարում եւ այն էլ՝ ոչ միասնաբար: Մենք քիչ սիմվոլներ ունենք, որոնց շուրջ կարող է միավորվել համայն հայությունը: Տոնի կապակցությամբ մեր շեշտադրումները մի քանիսն են: Նախ՝ դա մեր անկախ պետականության տոնն է, այսինքն՝ անկախ պետականությունը որպես բացարձակ արժեք, ապա հայի բնույթը՝ որպես արարչագործ, լուսապաշտ էություն եւ, ի վերջո, հայերենապաշտությունը, որը մեզ շատ պետք է հատկապես նոր սերնդի մեջ արմատավորելու եւ խորացնելու համար: Այս խորհուրդների շուրջ էլ կկենտրոնանանք օգոստոսի 10-11-ին կայանալիք միջոցառումների ժամանակ: Ամսի 10-ին Բագերի նավասարդյան տոնակատարությանը կմասնակցեն նետաձգության, հրաձգության, որսորդմիության, սուսերամարտի, ըմբշամարտի ֆեդերացիաները, այսինքն՝ լինելու է այնպես, ինչպես Նավասարդյան խաղերի ժամանակ: Կլինի նաեւ ցուլի զոհաբերման ծես, իսկ ամսի 11-ի առավոտյան Նորքի զանգվածում Հայկ Նահապետի արձանի մոտ պսակներ կդրվեն, որովհետեւ արձանի դիմաց Ազատության այգին է, իսկ մեր ինը ազատամարտիկներն այնտեղ են թաղված: Ազատության այգում կլինի նաեւ պատվո համազարկեր՝ մեր հաղթանակների ժամանակ զոհված հերոսների հիշատակին»: Ա. Մովսիսյանն ասաց, որ իրենք միջոցառումը կազմակերպում են պաշտպանության նախարարության հետ միասին: Բագերի միջոցառման ժամանակ կլինի զինվորական շքերթ, իսկ տոնական երկու օրերին Գառնիում՝ «Արորդիների ուխտը», Եղեգնաձորում՝ «Հայ ասպետ» հիմնադրամը միջոցառումներ կանցկացնեն:

Հարթագյուղի դպրոցի տնօրեն Սամվել Հունանյանն էլ նշեց. «Բագերը հին ու զորավոր ուխտատեղի է, որի հետ առ այսօր ժողովուրդը դեռ կապված է, չնայած որեւէ ճարտարապետական կոթող, շինություն չի պահպանվել: Հաշվի առնելով Բագերի աշխարհագրական դիրքը՝ նպատակահարմար գտանք Ազգային միասնության տաճարը կառուցել Բագերում, որը կունենա մեր նախաքրիստոնեական ու քրիստոնեական մշակույթի խորհուրդը: Տաճարի կառուցման համար ակնկալում ենք հոբելյանական տարում հատել ու վաճառել 4500 արծաթե մեդալ»:

Դիցաբանությունն իբրեւ ճշմարտություն ներկայացնելը, մասնավորապես պնդել, թե Հայկ Նահապետը անկախ պետականության ջատագով էր, եւ հենց այդ պատճառով էլ նետահարեց Բելին՝ բավականին վիճահարույց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել