Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ ՍԿՍՎԵՑ

Օգոստոս 08,2008 00:00

\"\"Վաղը կկայանա ամառային 29-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կտեւի 3,5 ժամ: Այնուհետեւ շուրջ 10 հազար մարզիկներ շուրջ երեք շաբաթ կպայքարեն օլիմպիական մեդալների համար:

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանն սկսել է ընդունել նաեւ բարձրաստիճան հյուրերին՝ տարբեր երկրների նախագահների, վարչապետների, արքայական տոհմերի ներկայացուցիչների:

\"\"Երեկ Չինաստան մեկնեց նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա հետ էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, օլիմպիական պատվիրակության կազմում ընդգրկված պաշտոնյաներ, հյուրեր եւ հրավիրված անձինք:

Մոտ մեկ ամիս «Առավոտը» հետաքրքրվում էր, թե մեր երկրի օլիմպիական պատվիրակությունն ընդհանուր առմամբ քանի՞ հոգուց է բաղկացած եւ բացման արարողության շքերթին մեր երկրից քանի՞ հոգի է մասնակցելու: Նպատակը ոչ մի հետին միտք չէր հետապնդում: Ընդհակառակը՝ ուրախ կլինեինք Խաղերին անհամբերությամբ սպասող հայ մարզասերին նախապես իրազեկել, որ մերոնք էլ նկատելի կլինեն հանդիսավոր շքերթի մասնակից այլ երկրների պատվիրակությունների շարքում: Սակայն ոչ նախարարության, ոչ էլ օլիմպիական կոմիտեի որեւէ աշխատակից գոնե մոտավոր թիվ այդպես էլ չհայտնեց: Շրջանցենք այդ «արհեստական գաղտնիությունը», որը ոչինչ չի որոշում, եւ խոսենք այն մասին, թե մեր մարզիկներն ի՞նչ տրամադրությամբ են մեկնում Պեկին:

Պարտականությունների կատարման բերումով հուլիսի 25-ին տողերիս հեղինակները Մոսկվայով մեկնում էին Նորվեգիա՝ ֆուտբոլի «Norway Cup» ավանդական մրցաշարը լուսաբանելու: Ստացվեց այնպես, որ նույն օդանավով Մոսկվա էր մեկնում նաեւ 75 կգ քաշային ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա, ինչպես ժամանակին տեղեկացրել էինք, Պեկինում փոխարինելու է Մոսկվայում ուսումնամարզական հավաք անցկացնելու ընթացքում անակնկալ հիվանդացած Մելինե Դալուզյանին: Հռիփսիմեի տրամադրությունը բարձր էր, բայց նաեւ մտահոգված էր իր թիմակցի առողջական վիճակով:

Մեր հարցին, թե պատրա՞ստ է իրեն լիարժեքորեն դրսեւորել Պեկինում, Հռիփսիմեն պատասխանեց. «Անկեղծ ասած, մտքովս չէր անցնի, որ նման իրավիճակ կարող է առաջանալ: Թեեւ գիտեի, որ Պեկին չեմ մեկնելու, բայց ընդհանուր մարզավիճակս պահպանելու համար ամեն օր մարզվում էի: Ճիշտ է, ոչ հատուկ պլանով: Այս պահին, ճիշտն ասած, հեռու եմ իմ օպտիմալ մարզավիճակից: Բայց նպատակադրվել եմ այս մի քանի օրվա ընթացքում ձեռք բերել հնարավոր առավելագույնը: Պիտի հասցնեմ մեկնարկիս օրը պատրաստ լինել իրական հնարավորություններիս գոնե 80 տոկոսի չափով: Բայց անկախ ամեն ինչից՝ պայքարելու եմ մեդալի համար ու աշխատելու եմ անել անգամ անհնարինը»:

Հանգամանքների բերումով Օսլոյից վերադառնալու ճանապարհին «Շերեմետեւո 2» օդանավակայանում հանդիպեցինք Պեկին մեկնող մեր հունահռոմեական ըմբիշներին: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ գերադասեց նախապես գուշակություններ չանել: «Փառք Աստծո, տղաները վնասվածք չունեն,- ասաց նա:- Բոլորն էլ լավ մարզված են ու տրամադրված են մարտականորեն: Ժամանակից առաջ չանցնենք ու սպասենք մեր օրերին»: Իսկ անցած տարի Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Յուրի Պատրիկեեւն ավելի կոնկրետ արտահայտվեց: «Գերազանց մարզավիճակում եմ: Մեկնում եմ օլիմպիական մեդալի ետեւից: Ավելին, մտածում եմ «ոսկու» մասին: Այլապես, Պեկին մեկնելս անիմաստ է»: Մեզ մնում էր ընդամենը բարի ճանապարհ ու հաղթական վերադարձ մաղթել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել