Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՅՑԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

Օգոստոս 08,2008 00:00

ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը «Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում երեկ հայտնեց, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը եւ պարզաբանումներ պահանջել վերջին 10 օրերի ընթացքում արձանագրված միանման միջադեպերի մասին: Նման բան պատահել է նաեւ Ռուզան Խաչատրյանի հետ՝ շուրջ մեկ շաբաթ առաջ առավոտյան նրանց տուն են եկել 2 ոստիկաններ. «Ասացին, թե իմ բջջային հեռախոսի համարից զանգ է եղել Մարտունի: Ու չբացահայտեցին, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել, ասացին՝ գաղտնիք է: Ակնարկներ արեցին, թե այնտեղ կարծես հանցագործություն է կատարվել, ու հեռախոսազանգ է եղել իմ համարից: Բացառեցի դա՝ ասացի, որ ես չեմ զանգահարել»: Ավելի ուշ Ռուզան Խաչատրյանը պարզել է. «Նույնատիպ այցելություններ կամ հեռախոսազանգեր եղել են ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչների՝ նույն Արտակ Զեյնալյանին, Սուրեն Աբրահամյանին, Ռաֆիկ Մկրտչյանին: Ընդ որում՝ Ռաֆիկ Մկրտչյանի հետ բնակվում ենք նույն տարածքում՝ Աջափնյակում, եւ ոստիկանների երեւակայությունը հնարավորություն չի տվել գոնե այլ վայրի հեռախոսազանգ նշել, եւ էլի ասել են, թե այս հեռախոսով զանգել եք Մարտունի»:

ՀԺԿ մամուլի քարտուղարն այս յուրօրինակ «բջջային հետաքննությունը» դիտարկեց Հատուկ քննչական ծառայության պետի քննչական հանձնարարության համատեքստում. «Այդ փաստաթուղթը, որը հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ըստ երեւույթին գործի է դրված, այսինքն՝ ընդդիմության ներկայացուցիչներին պահում են անընդհատ հսկողության տակ, միգուցե դիմում հարեւաններին, փորձում ինչ-որ տեղեկատվություն հավաքել: Իհարկե, ինձ թույլ չեմ տվել մեր հարեւաններին հարցնել, թե իրենց դիմե՞լ են, թե՞ ոչ: Բայց սա է այս իշխանությունների դեմքը»:

Հ. Գ. Ռուզան Խաչատրյանն «իմիտացիոն քայլեր» անվանեց կոռուպցիայի դեմ պայքարի անվան ներքո վերջին շրջանում արվող ձերբակալությունները: «Ձուկը փտում է գլխից» հիշեցրեց նա եւ ասաց. «Եվ եթե իրական պայքար ես ուզում տանել կոռուպցիայի դեմ՝ դու պետք է պարզապես կտրես այդ գլուխը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել