Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշխարհը բացասական է արձագանքում

Օգոստոս 28,2008 00:00

ԱՊՀ անդամ որոշ երկրներ արդեն իսկ արձագանքել են Աբխազիայի եւ Հարավoսեթիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի հրամանագրին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Ուկրաինան երկրի արտգործնախարարության տարածած մի հաղորդագրությամբ խստորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը, որը «հակասում է միջազգային նորմերին եւ սկզբունքներին»: «Ցավալի է, որ Ռուսաստանը, որպես ԱՊՀ հիմնադիր երկրներից մեկը, անտեսել է ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրն ու հռչակագիրը, որտեղ նշված է, որ անդամ երկրները ճանաչում են այդ կառույցի մյուս երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Վրաստանի»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հղած հայտարարությունում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը, իր հերթին, նախօրեին հայտարարել է, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել»,- մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի որոշումը՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: ԱՊՀ անդամ մյուս երկրներն առայժմ որեւէ հայտարարություն չեն արել: Մոսկվայում, բնականաբար, ակնկալում են առաջին հերթին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների աջակցությունը:

Արեւմտյան գրեթե բոլոր առաջատար պետություններն ու գործիչներն արդեն արձագանքել են Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Կրեմլի որոշմանը: Պաղեստինում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ սա «ծայրահեղ անհաջող եւ ափսոսանքի արժանի քայլ էր Ռուսաստանի կողմից»: Ռայսը նաեւ նշել է, թե Միացյալ Նահանգների համար Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնում են ուժի մեջ:

«Մենք արգելափակելու ենք Ռուսաստանի ցանկացած փորձ՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կարգավիճակները փոխելուն»,- հայտարարել է պետքարտուղարը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում եւս նշված է, թե պաշտոնական Lոնդոնը ճանաչում է Վրաստանի՝ միջազգայնորեն ընդունված սահմանները՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ներառյալ: Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը «անընդունելի» է որակել Ռուսաստանի որոշումը: «Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախ կարգավիճակը ճանաչելու համար առկա իրավական հիմքերը բավարար չէին»,- Հռոմում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է վրացական կողմի արձագանքին, ապա այն, ինչպես եւ սպասվում էր, խիստ բացասական է: Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Կախա Lոմայան հայտարարել է, թե «Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դադարեցվում են երկար ժամանակով, եթե ոչ՝ ընդմիշտ»: ՌԴ նախագահի որոշումը խստորեն դատապարտել է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել