Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

Օգոստոս 28,2008 00:00

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահ է, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումն է՛լ ավելի սրեց լարվածությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ՌԴ հարաբերություններում. «Լարվածության այս մակարդակը որեւէ կերպ չի համապատասխանում մեր տարածաշրջանի ժողովուրդների եւ երկրների շահերին: Վրացի գործընկերները հնչեցնում են մի միտք՝ Ռուսաստանի մեկուսացված լինելու մասին: Ես չեմ պատկերացնում, թե ՌԴ մեկուսացված լինելն ում շահերից է բխում: Կարծում եմ՝ ՌԴ մեկուսացումը շատ վտանգավոր է բոլորիս համար՝ ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ՝ ողջ աշխարհի: Դա կնշանակի ունենալ անկանխատեսելի Ռուսաստան, իսկ սա պարզ է, թե ինչ է: Հույս ունեմ, որ նույնիսկ այս լարված իրավիճակում կողմերը կփորձեն կարգավորել խնդիրը ՌԴ-ՆԱՏՕ, ՌԴ-ԱՄՆ երկխոսության միջոցով: Չլինի երկխոսություն, նշանակում է՝ սառը պատերազմի սկիզբ, իսկ դրա հետեւանքները անկանխատեսելի են»: Հարցին՝ ԼՂ վրա այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա, Ա. Ադոնցը պատասխանեց. «Վրաստանը դարձել է գլխացավանք աշխարհի համար: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես դեմ եմ, որ Հայաստանն ու Ղարաբաղը եւս դառնան գլխացավանք: Վստահ եմ, խաղաղ բանակցությունները ԼՂ հարցի լուծման միակ միջոցն են, կլինի՞ ադրբեջանական ագրեսիա Ղարաբաղի նկատմամբ՝ կլինի համարժեք հակահարված: Սակայն հարավօսեթական իրավիճակը ցույց տվեց, որ այն, ինչ կատարվում է մարտի դաշտում, ոչինչ է քարոզչական պատերազմի դեմ: Եթե ունենք քարոզչական մեքենա, պետք է առավելագույնս պատրաստ լինենք նման բաների, այսինքն՝ առաջին հերթին ԱԳՆ-ն, կառավարությունն ու ԶԼՄ-ները պետք է միշտ պատրաստ լինեն արժանի քարոզչական հակահարվածի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել