Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրական տունը՝ կռվախնձոր

Սեպտեմբեր 20,2008 00:00 Share

Քույրը եղբորից պահանջում է՝ հայրական տան վաճառքից ստացված ողջ գումարն իրեն տալ

«Հայրս մահանալիս իր տունը կտակեց ինձ, քանի որ այդ տունը ես էի գնել, երբ Թբիլիսիից նոր էի եկել: Տունը 37 քմ էր, ես այն դարձրել եմ 106 քմ՝ օրինական ճանապարհով: Հետո ես ամուսնացա ու իմ ընտանիքով տեղափոխվեցի: Տղաս, երբ ամուսնացավ, գնաց իմ հայրական տանն ապրելու: Այն գտնվում է Ուլնեցու 11 հասեցում: Այդ ժամանակ քույրս իր տունը վաճառեց, որը Տիգրանյան 19 հասցեում է ու բնակարան չունենալու պատճառով եկավ տղայիս մոտ, որ մեր հայրական տանն ապրի՝ մինչեւ տուն գնի: Սա հարսիս դուր չեկավ, ես քրոջս իր ընտանիքի հետ հրավիրեցի իմ տուն՝ Նոր Նորք: Նա որոշ ժամանակ մեր տանը մնալուց հետո մեր հայրական տան գրքույկը գողացավ ու ինձնից թաքուն գրանցվեց այդ տանը, որպեսզի այդ տնից էլ իրեն բաժին հասնի: Ընդ որում՝ նոտարով հաստատված փաստաթղթում սխալ է թույլ տրվել: Այնտեղ Ուլնեցու 11-ի փոխարեն՝ գրել են քրոջս նախկին տան հասցեն՝ Տիգրանյան 19»,- պատմեց օրերս մեր խմբագրություն եկած Կառլեն Հովհաննիսյանը: Նա ասաց նաեւ, որ քույրը՝ Ելենա Հովհաննիսյանն, իր սեփական տունը վաճառելուց անմիջապես հետո Ղուկասյան գյուղում տուն է գնել, որը, սակայն, իրենից թաքցրել է:

Որոշ ժամանակ անց Կ. Հովհաննիսյանի հայրական տան հարեւանությամբ տուն է գնել մի մեծահարուստ, որն իր տարածքն էլ ավելի ընդլայնելու նպատակով առաջարկել է Կ. Հովհաննիսյանին տունը վաճառել, ինչին վերջինս համաձայնել է: Կ. Հովհաննիսյանը տունը վաճառել է 73 հազար դոլարով եւ քանի որ նրա քույրն էլ էր արդեն համարվում ժառանգորդ, ուստի Կ. Հովհաննիսյանը ստիպված է եղել այդ գումարի կեսը քրոջը բաժին հանել:

Սակայն Կ. Հովհաննիսյանի պատմելով, քույրը տարբեր պատճառաբանություններ բերելով՝ լրացուցիչ մոտ 4000 դոլար է պահանջել՝ պայմանով, որ կվերադարձնի:

Չնայած եղբայրը բոլոր հարցերում քրոջը ընդառաջել է, Ելենա Հովհաննիսյանը չբավարարվելով իրեն բաժին հասած գումարով, դիմել է դատարան, որպեսզի իրեն ճանաչեն Ուլնեցու 11 հասցեի հայրական տան միակ ժառանգորդ, որ ողջ գումարը եղբորից վերցնի: «Առավոտի» խմբագրություն եկած Կ. Հովհաննիսյանը դժգոհեց դատական համակարգի անարդարությունից. «Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների առաջին ատյանի դատարանը, ինչպես նաեւ վերաքննիչը կեղծել են իմ կողմից դատարանին ներկայացրած բազմաթիվ փաստաթղթեր: 2 տարի եւ ավելի տեւած դատական նիստերը վարել են առանց պատասխանողի, իմ հայցադիմումները թողել են առանց քննության: Առաջին ատյանի դատավոր Սիմա Հովսեփյանը, առանց խղճի խայթ զգալու, արգելանք է դրել իմ գույքի վրա՝ $15 հազարի չափով: Փաստորեն, ինձ պատկանող գումարից մոտ $30 հազարն արդեն հափշտակված է: Ամենայն հավանականությամբ, սարսափելով իր կայացրած վճռից, մինչեւ այսօր չի ստորագրել այդ վճռի տակ, չնայած դատը կայացել է 4 տարի առաջ: Իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Նոյեմզար Հովսեփյանը համաձայնություն չէր տալիս, որ ես վճռի պատճենը վերցնեմ: Դրա պատճառն էլ հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ես, ի վերջո, պատճենը ձեռք բերեցի. կային 2 տարբեր օրինակներ՝ հայցվորի եւ պատասխանողի համար: Ես բազմաթիվ անգամ դիմել եմ վճռաբեկ դատարան, սակայն մերժել են»: Կ. Հովհաննիսյանը մտահոգված է մասնավորապես այն փաստով, որ վերաքննիչ դատարանը հաստատել է այն, որ ինքը տան վաճառքից ստացված գումարը քրոջ հետ հավասար չի բաժանել. «Այս վճռում գրված է, որ նա ընդհանուր առմամբ ինձնից ստացել է $21 500: Ասում են նաեւ, որ $18 հազար էլ հասել է որդուս, եթե դա ընդունենք, ապա ընդհանուր գումարից $3000 պակասում է: Ասում եմ՝ եթե ընդունենք, քանի որ որդիս ընդամենը $2000 է ստացել: Մի քանի անգամ նվազեցվել է այն գումարի չափը, որ քույրս ինձ պարտք էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել