Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվար 05,2009 00:00 Share

\"\"«Regnum» գործակալությունը, վկայակոչելով ըմբշամարտի եվրոպական կոմիտեի փոխնախագահ Գեորգի Բրյուսովի՝ ռուսաստանյան լրատվամիջոցներին արած հայտարարությունը, տեղեկացնում է, որ սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար բարձրագույն մարմինն օրերս Հռոմում կայացած նիստում հունահռոմեական ըմբշամարտի կանոններում փոփոխություններ է կատարել:

Գ. Բրյուսովը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունները կատարվել են նաեւ ՄՕԿ-ի գործադրած ջանքերի շնորհիվ: Ու թեեւ, ըստ սահմանված կարգի, այդ իրավունքը վերապահված է ՖԻԼԱ-ի համաժողովին, իսկ բարձրագույն մարմինը լիազորված է ընդամենն առանձին ուղղումներ կատարել, փոխզիջումային տարբերակ, այնուամենայնիվ, գտնվել է: Ըստ այդմ, որոշվել է ապրիլին Վիլնյուսում մեկնարկող Եվրոպայի առաջնությունն անցկացնել նոր օրենքներով, որոնց մեջ կարեւորագույններն են. ամբողջովին բացառվում է վիճակահանությունը, մարտը բաղկացած է երկու րոպե տեւողությամբ երեք մրցափուլից, ըմբիշները կանգնած դիրքում գոտեմարտում են ոչ թե մեկ, այլ մեկուկես րոպե:

Եթե առաջին մրցափուլում արդյունավետ հնարք չի կատարվում, չորեքթաթ դրություն ընդունում է պայմանական «կարմիր» մարզահագուստով ըմբիշը: Երկրորդ մրցափուլում նույնը կրկնվելու դեպքում տեղերը փոխվում են: Իսկ եթե մարտի ավարտին հաղթողն ի հայտ չի գալիս, նախապատվությունը տրվում է ընդհանուր հաշվարկով այդ պահին առավելություն ունեցող մարզիկին: Գեորգի Բրյուսովը հավելել է նաեւ, որ, հնարավոր է, ապագայում կոսմետիկ որոշ փոփոխություններ կատարվեն:

«Առավոտը» երեկ փորձեց կատարված փոփոխությունների հավաստիության եւ անհրաժեշտության մասին պարզաբանումներ ստանալ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից: «Որ մեր մարզաձեւի կանոններում պարտադիր ինչ-ինչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կար, միայն ես չէ, որ համոզված եմ: Այդ մասին բազմիցս խոսել են գրեթե բոլոր երկրների մասնագետները,- ասաց նա:- Սպասվելիք փոփոխությունների մասին մենք գիտեինք, բայց ՖԻԼԱ-ից որեւէ փոփոխության մասին պաշտոնապես որեւէ ծանուցում կամ հաստատում՝ մեր ֆեդերացիան չի ստացել: Եղել է առաջարկների ընդամենը մի քանի տարբերակ, բայց կոնկրետ հանձնարարականներ՝ ոչ: Մասնավորապես, որ կանգնած դիրքում ըմբիշներին պայքարելու հնարավորություն կարող է տրվել երկու րոպե: Եթե կրկին հնարք չգրանցվեց, նրանց կհատկացվի եւս կես րոպե: Դրանից հետո մարզիկներից մեկը կմոտենա պարկին եւ ինքը վիճակահանություն կկատարի: Խոսակցություն կա, որ ըմբշամարտում ընդունված «պարտեր» տերմինի ժամանակ վերեւից աշխատող մարզիկը պետք է աշխատանքն սկսի սովորականի պես՝ ձեռքերը մրցակցի մեջքին հպած դիրքից, այլ ոչ թե հակառակ բռնվածքով: Ես դրան միանշանակ կողմ եմ, որովհետեւ այդ դեպքում հնարավոր խարդախությունները նվազագույնի են հասցվում, եթե չասենք՝ բացառվում են: Չգիտեմ, թե ռուսաստանյան լրատվամիջոցներում ի՞նչ են գրել, կրկնում եմ, որ եթե նման որոշումներ արդեն կայացված լինեին, մենք դրանց պաշտոնապես արդեն տեղեկացված պետք է լինեինք: Հնարավոր է, որ քննարկումներ, անգամ պայմանավորվածություններ ձեռք բերվել են: Բայց այդ ամենը պետք է հաստատվի ՖԻԼԱ-ի համաժողովում: Եկեք մի քիչ էլ սպասենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել