Լրահոս
Օրվա լրահոսը

Ողնաշարի ծռումներ՝ բարձրակրունկ կոշիկներից

Ապրիլ 17,2009 00:00

Դեռահասին արգելված է բարձրակրունկը

«Օրեր առաջ դպրոցից եկա, կոշիկներս հանեցի եւ նկատեցի, որ ամբողջ մաշկս կարմրել էր, ոտքերս լվացի, մի քանի ժամ հետո սկսվեց անտանելի քոր ու այդպես չկարողացա քնել…»,- պատմում է 15-ամյա Աստղիկը, որը կոշիկների հետ կապված՝ միշտ վիճում է մայրիկի հետ, որովհետեւ վերջինս դեմ է, երբ դուստրն այդ տարիքում բարձրակրունկ կոշիկ է հագնում: Այս անգամ նրանք հիվանդանոց էին եկել ոչ թե բողոքելու, որ բարձր կրունկներից գերհոգնածություն է առաջանում Աստղիկի մոտ, այլեւ հասկանալու, թե ինչո՞ւ է մաշկը կարմել եւ ինչպե՞ս պայքարել քորի դեմ: Բացի դա, Աստղիկը վերջերս մի քանի անգամ ուշագնաց է եղել, ինչը եւս մայրը կապում է նրա կրած կոշիկների հետ. «Ամառ-ձմեռ ուզում է բարձրակրունկ հագնել, ինչ անում եմ՝ չեմ կարողանում պոկել էդ անտեր կոշիկներից…»,- ասաց տիկին Գոհարը: Վերջինիս խոսքերով՝ շատ է բարկանում Աստղիկի համառության համար: Տիկին Գոհարը նաեւ պատմեց, որ ձմռանը բարձրակրունկների պատճառով Աստղիկը ոտքը վնասել եւ մեկ ամիս դպրոց չի գնացել:

Բարձրակրունկների սիրահար Աստղիկն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Իմ բոլոր ընկերուհիներն էլ հագնում են բարձրակրունկ կոշիկներ, ուղղակի ես մարմնով մի քիչ փոքր եմ, դրա համար էլ չեմ կարողանում հեշտ սովորել, իսկ մաման իզուր է բարկանում, մեկ է, որ ուսանող դառնամ՝ հագնելո՞ւ եմ, չէ, տարբերությունը ո՞րն է, երկու տարի շուտ, թե ուշ…»:

«Տարբերությունը իհարկե մեծ է»,- նշում է թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենի մանկական գծով տեղակալ Անահիտ Պիվազյանը, ըստ որի, դեռահասների ոսկրային համակարգը դեռեւս ամբողջական ձեւավորված չէ եւ, բարձրակրունկ կոշիկներ հագնելով, խանգարվում է կազմվածքի նորմալ ձեւավորումը:

Ա. Պիվազյանի խոսքերով. «Փոքր տարիքում երեխաները պետք է կրեն ճկուն ներբանային հատվածով կոշիկներ, սակայն երբեմն դժվար է լինում նման կոշիկներ գտնել»:

Ըստ բժշկի, դեռահասները, եւ ոչ միայն նրանք, պետք է կրեն ազատ, հարմարավետ եւ, ամենակարեւորը, կաշվե կոշիկներ, ու երբեք տուրք չտան միայն գեղեցկությանը: Ա. Պիվազյանը հավելեց նաեւ. «Մեկ-երկու անգամ կարելի է բարձրակրունկ կոշիկ հագնել, դա վերաբերում է դպրոցական աղջիկներին, իսկ սովորաբար նրանց տարիքի համար 8 սմ եւ ավելի բարձր կրունկները հակացուցված են, քանի որ կարող են առաջանալ ողնաշարի ֆիզիկական ծռումներ, բացի դա՝ ոտքերի գերհոգնածություն, մկանների լարվածություն, երակների լայնացում, ալերգիկ գրգռվածություն ու շատ այլ խնդիրներ…»: Իսկ այն դեռահասներին, որոնք ամեն դեպքում բարձրակրունկների սիրահար են ու չեն հրաժարվում դրանցից՝ բժիշկը խորհուրդ տվեց կրել գոնե կաշվե կոշիկներ. «Ամեն անգամ կոշիկները հանելուց հետո լվանալ ոտքերը, հանգստացնող քսուքներ օգտագործել ու ոտքերին տալ բարձր դիրք, որ լարվածությունն անցնի»:

Ա. Պիվազյանը նաեւ ասաց, որ կաշվե կոշիկների դեպքում ոտքերը շնչում են, չեն քրտնում: Ինչ վերաբերում է կրունկների բարձրությանը, ապա, ըստ վերջինիս, պարտադիր է, որ կոշիկն ունենա 4 սմ կրունկ, որպեսզի կինն ուղիղ, ձիգ եւ կանոնավոր քայլի:

Թեմայի վերաբերյալ հոգեբան Նարինե Կիրակոսյանն էլ ասում է, որ ընդունված վարքի դրսեւորում է դպրոցական աղջիկների մոտ, նրանք ցանկանում են ընդգծել իրենց կանացիությունը եւ կարծում են, որ դա ամենահաջողված տարբերակն է տղաների աչքին գեղեցիկ «օրիորդ» երեւալու համար:

Ըստ հոգեբանի. «Պետք է շատ նուրբ բացատրել 15 տարեկան աղջնակին, որ նա դրանով առաջին հերթին վնասում է իր առողջությունը, իսկ գեղեցիկ երեւալու համար կարելի է սանրվածքը փոխել, կարճ շրջազգեստ հագնել, գունավոր հագուստ կրել, ինչու չէ՝ ժպտալ «աղջկական անմեղ» ժպիտով, կարելի է երեկոների հաճախելիս թույլ տալ թեթեւակի կոսմետիկ միջոցներ օգտագործել եւ այլն…»:

Ըստ հոգեբանի, դեռահասը դյուրագրգիռ է, կարող է հանդիմանել ծնողներին իրեն արգելելու համար, լացել, օրերով փակվել սենյակում, կոմպլեքսավորվել իր ընկերներից, պետք է զգույշ լինել՝ նրանց չվիրավորելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել