Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՄՐՑՈՒՅԹ

Ապրիլ 22,2009 00:00 Share

Օրերս Հայաստանի երաժշտական ընկերության «Արեւ արտ» ցուցասրահում բացվեց «Ազատություն» խորագրով քանդակագործության ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ քանդակագործներ Գեւորգ Մշեցու, Գարեգին Դավթյանի, Լեւոն Թոքմաջյանի, Աշոտ Բաղդասարյանի եւ այլոց վերջին տարիների աշխատանքները: Ցուցահանդեսի ընթացքում «Արվեստ. 21-րդ դար» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ մրցույթ, որի ընթացքում ներկայացված քանդակագործները գնահատեցին մեկը մյուսի աշխատանքները, որոշելով տվյալ օրվա լավագույն երեք ցուցանմուշները: «Արվեստ. 21-րդ դար» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարգարյանի խոսքով, ցուցահանդես-մրցույթի նպատակն է փոքր-ինչ խրախուսել քանդակագործներին: Ցուցահանդես-մրցույթի մասնակից Աշոտ Բաղդասարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մրցույթի մասին ոչինչ չի իմացել. «Ինձ ասել են կա ցուցահանդես, ես էլ ներկայացրի աշխատանքս: Այստեղ տեղեկացա, որ ինչ-որ մրցանակներ պետք է շնորհվեն, լավագույններ ընտրվեն: Մրցույթի երեւույթը գովելի է, քանի որ ամեն նմանատիպ նախաձեռնություն մի նոր քայլ է առաջ՝ մեր մշակութային կյանքում»: Ա. Բաղդասարյանի խոսքով, քանդակագործության նկատմամբ վերջին ժամանակներս անուշադրություն է նկատվում. «Լավ կլիներ, որ այցելուները շատ լինեին ու ցուցահանդեսները զուտ ստեղծագործողների շրջանակներում չանցկացվեին: Քանդակագործությունը բարձիթողի վիճակում է…»: Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը վստահեցնում է, որ ամեն մի նմանատիպ փոքրիկ միջոցառում ստեղծագործողների անշարժ կյանքը շարժման մեջ է դնում: Ցուցահանդես-մրցույթի հաղթողներ դարձան Գեւորգ Մշեցին՝ «Սանդերք խաղաղության», Գարեգին Դավթյանը՝ «Ակտ-արդարության», Էմին Պետրոսյանը՝ «Թռիչք» քանդակներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել