Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն ու ընդդիմությունը պիտի աշխատեն իրար ձայնակցելով»

Մարտ 02,2010 00:00

Արտաքին ճակատում միասնաբար գործելու ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի հորդորը զուր կլինի, եթե ընդդիմադիրներին էլի թույլ չտան մասնակցել եվրոպական կառույցների աշխատանքին:

«Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական քարոզչությունը բազմապատկել է իր ջանքերը Հայաստանը սեւացնելու, ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանը որպես ագրեսոր, որպես չարակամ եւ թշնամի երկիր ներկայացնելու: Այս նպատակով ծախսվում են ահռելի գումարներ, հսկայական մարդկային ռեսուրսներ»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը՝ մասնավորապես անդրադառնալով փետրվարի 17-20-ը Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի շրջանակներում գումարված Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության հետ իրենց բանավեճին:
Արամ Սաֆարյանը կրկնեց իր առաջարկը, որն արել էր նաեւ ԱԺ հայտարարությունների ժամին. «Առաջարկում եմ Ազգային ժողովում ստեղծել հինգ խորհրդարանական ուժերից բաղկացած բազմակուսակցական մի խորհրդակցություն (բայց ոչ երբեք ժամանակավոր հանձնաժողով), որի նպատակը կլինի աշխատելը, համակարգելը մեր քաղաքական մոտեցումները եվրոպական ատյաններում, միջազգային կառույցներում մեր պատգամավորների աշխատանքի նպատակով»,- ասաց Արամ Սաֆարյանը։ Նաեւ հավելեց. «Մենք պետք է կարողանանք այս դժվար իրավիճակում ադրբեջանական բազմապատկվող ծախսերի եւ ջանքերի պայմաններում համակարգել մեր քայլերը. անկախ նրանից՝ մենք իշխանությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ ճգնաժամի պայմաններում Ադրբեջանը կարողանում է միջոցներ գտնել իր ջանքերը բազմապատկելու համար, իսկ Հայաստանը՝ պատճառաբանելով ֆինանսական միջոցների սղությունը, իր խորհրդարանական պատվիրակություններին միջազգային կառույցներ գործուղում է ոչ ամբողջական կազմով: Հարցին՝ այն, որ իրենց պատվիրակությունը եւս մեկնեց առանց փոխարինող կազմի՝ արդյոք անդրադարձա՞վ աշխատանքի արդյունավետության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակության ղեկավարն արձագանքեց այսպես. «Երբ դուրս եկա քաղաքական կոմիտեի այդ նիստից՝ Խաչիկ Հարությունյանին եւ Արտակ Դավթյանին ասացի, թե ես կատարեցի տիկին Ալավերդյանի՝ ինձ հղված պատգամը. դրա համար խիղճս հանգիստ է: Մենք տեղ չթողեցինք, որ մեր փոխարինող անդամներն անհանգստանան, թե իրենց բացակայության պայմաններում Հայաստանի շահերը կոտնահարվեն ու կձախողվեն: Իսկ եթե ավելի լուրջ՝ ասեմ, իրականում Ադրբեջանում ճգնաժամ չի էլ եղել: Նավթի հանույթի ավելացման շնորհիվ 2009 թվականին Ադրբեջանի ազգային եկամուտը մեծացել է 10 տոկոսով, երբ մերն անկում է ապրել 17 տոկոսով: Դրա համար շահերն անհամեմատելի եւ անհամադրելի են: Բայց Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը՝ այդ թվում, ընդդիմության ներկայացուցիչները, 4 ամիս ժամանակ ունեն համաձայնեցված եզրակացության գալու՝ միջազգային կառույցներում ավելի համախմբված եւ իրար ձայնակցելով աշխատելու ուղղությամբ»: Հավելյալ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս պիտի համագործակցաբար աշխատեն, երբ, օրինակ, ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին մասնակցելու են մեկնում միայն մեր կոալիցիայի պատվիրակները եւ ոչ ընդդիմադիրները: «Օրինաչափ հարց է,- ասաց Արամ Սաֆարյանը՝ անվիճելի համարելով:- ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին, որտեղ քվեարկությունն է տեղի ունենում՝ ես կարծում եմ, որ մեր պատվիրակությունը պետք է ամբողջական գնա, եւ ես այդ հարցը կբարձրացնեմ»: Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշի մարտի  10-13-ը տարածաշրջան կատարելիք այցից հետո՝ «վստահ եմ, որ այդ խորհրդակցությունները շատ կոնկրետ բովանդակություն կստանան»: Նշվեց, թե այս այցի արդյունքում է ձեւավորվելու այն զեկույցը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որը պրն Սուարեշը ներկայացնելու է հուլիսի 6-10-ը Օսլոյում գումարվելիք տարեկան նստաշրջանում:

Հ. Գ. Արամ Սաֆարյանը նաեւ հայտնեց, թե հնարավոր է՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրավիրի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Աստանա՝ ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններն առաջ մղելու համար։ Ըստ նրա՝ ժամկետներ դեռ չեն նշվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031