Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՆԱ՞ՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԱԾ-ԻՑ

Մարտ 02,2010 00:00

Ըստ մասնագետների՝ չի բացառվում, որ Թուրքիայի անվտանգության
ծառայությունները ստուգում են մեր էլեկտրոնային փոստերը:

\"\"

Գ.Բարսեղյանն ու Հ.Ավոյանը քննարկում են ՏՀՏ ոլորտի վիճակը

Փետրվարի 26-28-ը Աղվերանում անցկացվեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կազմակերպած այս տարվա առաջին՝ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը: Եռօրյա հանդիպման ընթացքում բիզնես ընկերությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին տնտեսության այլ ոլորտներում ՏՀՏ կիրառությանը վերաբերող հարցերն ու խնդիրները: «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ընդգծեց, որ Հայաստանն էլ զերծ չի մնացել տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներից ու առաջարկեց խնդիրները հաղթահարելու համար նախ կրճատել ծախսերը, ինչը, ցավոք, բերելու է ոլորտում աշխատատեղերի կրճատմանն ու արտադրության նվազմանը: Մյուս կողմից, Գ. Բարսեղյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է բարձրացնել կամ գոնե պահպանել բիզնեսի եկամտաբերությունն ու արդյունավետությունը. «Ամենահզոր գործիքը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է: Հատկապես Հայաստանի համար հարցը արդիական է՝ շրջափակում, գլոբալ կրիզիս, տարածաշրջանային խնդիրներ: Հարեւանների մեջ լինելով բնակչությամբ ամենափոքրը՝ պետք է լինենք մրցունակ»:
«Ապագա թեքնոլոջիս» ընկերության մարկետինգի ու վաճառքի մենեջեր Հայկ Ասրիյանցը, խոսելով էլեկտրոնային կառավարման եւ էլեկտրոնային բանկային անվտանգության մասին, ասաց. «Եթե դուք այցելում եք http պրոտոկոլով կայք, որը կոդավորված չէ, յուրաքանչյուր մեկը կարող է իմանալ, թե ինչ է ուղարկվել: Օրինակ՝ Հայաստանի Ազգային ժողովի webmail-ն աշխատում է http պրոտոկոլով, դա նշանակում է, որ երբ ԱԺ պատգամավորը կամ աշխատակիցը արտերկրում է եւ գործի բերումով պետք է տեղեկություն փոխանցի, ապա պետք է հիշել, որ Հայաստան մտնող ինտերնետի տրաֆիկի մի մասն անցնում է Թուրքիայի տարածքով: Ես համոզված եմ, որ Թուրքիայի ազգային անվտանգության աշխատակիցները շատ ուշադիր հետեւում են Հայաստան մտնող, դուրս եկող նամակագրությանը: Ոչ միայն թուրքերը, այլեւ ռուս, ամերիկացի գործընկերները եւս»: Ներկաներից մեկը հարցրեց՝ «Բայց ԱԺ կայքից օգտվող կա՞»: Հ. Ասրիյանցը արձագանքեց. «Շատերն ունեն էլ.փոստի հասցեներ, օգտվում են, հատկապես, երբ գտնվում են արտասահմանում»: Նա նաեւ հավելեց, որ նույն խնդիրն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի, պետական, առողջապահական բազմաթիվ կայքերից օգտվողները:
Հ. Ասրիյանցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նշված վտանգի մասին տեղյակ են ԱԺ էլեկտրոնային փոստարկղի համապատասխան մասնագետները: Պարզվում է, նախորդ տարվա դեկտեմբերից այս մասին տեղեկացվել է, սակայն մինչ այսօր որեւէ փոփոխություն չկա: Մասնագետի փոխանցմամբ՝ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է «ունենալ ինքնաստորագրված հավաստագրեր, կոդավորել մուտքային եւ ելքային կապը: ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք զբաղվում են այս հարցով: Անվտանգության հարցը հեշտությամբ լուծվում է, օրինակ, վերիսայնի միջոցով»: Պարոն Ասրիյանցը կարեւորեց նաեւ ինտերնետի առկայությունը. «Էլեկտրոնային կոմերցիայի տեսանկյունից ինտերնետի ներթափանցումը եւ տարածումը նպաստում է էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը: Մարդիկ օգտվում են ոչ միայն «օդնոկլասնիկներից» կամ այլ սոցիալական ցանցերից, այլեւ սկսում են ավելի լուրջ նպատակներով օգտագործել, օգտվել էլեկտրոնային փոստից եւ այլն»:
ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը գտնում է, որ էլեկտրոնային առեւտուրը զարգացնելը կնպաստի, որպեսզի իջնի նաեւ ապրանքի ինքնարժեքը. «Օրինակ, խանութները ինքնարժեքն ավելացնում են՝ պահում են վաճառողներ եւ այլն: Կանխիկը խանութներին ավելի ձեռնտու է, որովհետեւ կարելի է թաքցնել»: Պարոն Ավոյանը կարծում է, որ online տարբերակով առեւտուրն ավելի անվտանգ է, եւ կառավարությունը պետք է խրախուսի էլեկտրոնային առեւտուրը, առաջարկություններ ներկայացնի, որպեսզի էլեկտրոնային առեւտրով զբաղվողներն ազատվեն լրացուցիչ հարկային պարտականություններից: Online առեւտրի դեպքում ապրանքը գնորդին պետք է հասնի ժամանակին, սակայն  ՀՀ-ում առեւտրի այդ տարբերակին խոչընդոտում են նաեւ փոստային ծառայությունները: ԻՏՁՄ նախագահի փոխանցմամբ, եթե աշխարհում ճանապարհորդական բիզնեսի մեջ online-ը 50%-ից անցել է, ապա մեր երկրում կազմում է ընդամենը 1-2%. «Այսօրվա էլեկտրոնային առեւտուրը չնչին է: Մեզ մոտ փոքր հյուրանոցները կարող են օգտվել, բայց չեն օգտվում: Զարգացնելու համար նախ պրոպագանդելու կարիք կա ե՛ւ բիզնեսի, ե՛ւ սպառողի տեսակետից»:
ՍԻՄ նախկին նախագահ, «Սայմոտեք» ընկերության ներկայացուցիչ, ռադիոինժեներ Հրանտ Խաչատրյանն անդրադարձավ ՏՀՏ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը առողջապահական ոլորտում, առաջարկեց լուծումներ հեռաբժշկության բնագավառում: Նա նշեց, որ աշխարհում հեռաբժշկությունը համարվում է ոչ միայն զարգացած, այլեւ հակաճգնաժամային ուղղություն: Պարոն Խաչատրյանը հայտնեց, որ ծրագիր է ներկայացվել, որով փորձելու են ՌԴ օժանդակությամբ Հայաստանում հեռաբժշկության հետ կապված խնդիրները լուծել: Ծրագիրը քննարկվում է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում: «Եթե դա հաստատվի, 1 տարի հետո Հայաստանում կլինեն 3 հիմնական հեռաբժշկական կենտրոններ, հավանաբար մեկը՝ Երեւանում, երկուսը՝ հարավային եւ հյուսիսային մարզերի կենտրոններում: Կլինեն երեք շարժական կենտրոններ, որոնք ավտոմեքենայի մեջ տեղադրված սարքեր են՝ արբանյակային եւ տեղական ինտերնետային կապով, որոնց միջոցով հնարավոր կլինի ոչ միայն մարզերը կապել Երեւանի եւ մարզային կենտրոնների, այլեւ աշխարհի ցանկացած բժշկական կենտրոնի հետ՝ օնլայն անմիջական բժշկական խորհրդատվություն անցկացնելու համար: Այս ծրագիրն աշխատելու դեպքում, Հայաստանից հիվանդները կարող են համակարգերի միջոցով իրենց ընտրությամբ բուժսպասարկում ստանալ այլ երկրներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել