Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՔԸ ՄԻԱՅՆ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄ ՉԷ»

Մարտ 02,2010 00:00

կամ «Rockstar» ամսաթերթն  ու ռոքի խնդիրները

\"\"

Նոր՝ «Rockstar» ամսաթերթը, որի շնորհանդեսը օրերս կայացավ «Aftershock Republic» ակումբում, որոշել է «ոչ» ասել՝ «Ի՞նչ է ձեզ համար ռոքը» հարցին:
«Հանրության դատին ենք հանձնում մի ամսաթերթ, որը կխոսի միայն ռոքի մասին եւ զերծ կմա ամեն տեսակի անիմաստ եւ հիմար հարցերից…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Rockstar» ամսաթերթի հիմնադիր՝ «Արվին Քոչարյան» պրոդաքշնի տնօրեն, լուսանկարիչ Արվին Քոչարյանը:
Թերթն անդրադառնալու է ռոքի բոլոր տեսակներին, կլինի նաեւ ռոք օրացույց, որը նախապես կտեղեկացնի գալիք ամսվա երեւանյան ռոք իրադարձություններին:
Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի բազմաթիվ ամսագրերի առկայության պարագայում կա՞ր ամսաթերթի կարիքը. «Իհարկե… հերթական անգամ ինչ-որ ամսագրի լրագրող հարցազրույց սկսելիս էլ չի հարցնի՝ ի՞նչ է ձեզ համար ռոքը»:
Ամսաթերթի նախաձեռնողները վստահեցնում են, որ ամսագիրը լինելու է հեղափոխություն լրագրության ասպարեզում:
«Ծանոթ եմ հայկական ռոքի խնդիրներին: Հուսամ՝ ամսագիրը յուրաքանչյուր խմբի, ռոքերի կօգնի լուծել դրանք: Խնդիրներն այնքան շատ են, որ չեն կարող լուծվել անիմաստ ամսագրերով… Սրանով դեմ դուրս չեմ գալիս մյուս ամսագրերին, բայց ուզում եմ հասկացնել, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի… Օրինակ՝ գլամուրով զբաղվում է 560 ամսագիր, որոնք գլամուրը միայն լուսանկարներով են պատկերացնում, իսկ ռոքով չկա մեկը, որ զբաղվի: Մեր ամսագիրը հերթական շոու-բիզնեսային նյութերով ողողված թերթ չի լինելու, որ բացես ու առաջին էջում քեզ «ողջունի» բոլոր ամսագրերում պտտվող նույն դեմքը շոու-բիզնեսից»,- մտահոգված ասաց լուսանկարիչը:
«Rockstar»–ի առաջին գնորդը հաղորդավար Եգոր Գլումովն էր, որն իրեն որակելով հայտնի ռոք պրոպագանդիստ, «Rockstar»-ի «ծնունդը» անկախ Հայաստանում համարեց հայրենասիրական գործ:
«EPMYRAY», «The Beautified Project», «Drive» ռոք խմբերի հարվածային գործիքներ նվագող Կորյուն Բոդիկյանը ամսաթերթի գաղափարը դրական համարեց. «Հույս ունեմ, որ հաջողություն կունենա, կփոխհատուցի ամբողջ անորակությունը, որ առկա է Հայաստանում»:
Միջոցառմանը ներկա ռոք երաժիշտների հետ զրուցեցինք հայկական ռոքի խնդիրների մասին: Կ. Բոդիկյանի բնութագրմամբ. «Հայաստանում ռոք երաժշտությունը, որպես տեսակ, չի պրոպագանդվում ոչ մի լրատվամիջոցով: Մեղավորը հայկական երաժշտական շուկան է, որն ուղղակի «զիբիլով» է լցված: Եթե ամբողջ օրը եթերներում երկու հոգի նստած սինթեզատորներով ռաբիս են նվագում, ուրեմն՝ հանրությունը դա էլ կսիրի»:
Ավագ սերնդի «Էլիպս» խմբի մեներգիչ Ռոման Մխիթարյանը գտնում է, որ ամսաթերթը կհամախմբի ռոքի ներկայացուցիչներին եւ սիրահարներին. «Վաղուց արդեն ժամանակն էր ամսագիր ստեղծելու: Այս դաշտը ինֆորմացիայի պակաս ուներ»: Այնուհետեւ հավելեց. «Մեր ժամանակներում շատ քիչ հնարավորություններ կային՝ ապարատուրա, ցենզուրա եւ այլն, բայց դրանց առկայության պարագայում ստաբիլ գործող 40-ից ավելի խմբեր կային: Հիմա թվում է՝ ամեն ինչ կա, բայց ռոք մշակույթ դեռեւս չունենք, այսինքն՝ ինքն իրենով հայկական նոր սերնդի ռոքը դեռ կայացած չէ… Կա ունկնդիրների մի զանգված, որոնց հետաքրքրում է միայն աղմուկն ու գլխի շարժումը, ոչ թե բեմում կատարվածը»:
«Տարերք» խմբի վոկալիստ, բաս-կիթառահար Արմեն Ադամյանի խոսքով. «Ամեն լավ բան մարդկանց պետքական է, մնում է միայն այն իր բնականի մեջ մնա եւ չփչանա: Այսօրվա ռոքերները մեծ ձգտում ունեն երեւալու, լուսաբանվելու, ամսաթերթը նրանց համար շատ տեղին է: Մեր ժամանակներում նման ձգտումներ չկային»:
«Միներալ» խմբի մեներգիչ Լեւոն Հայրապետյանն էլ շեշտեց. «Հանրության 90 տոկոսը ռոք խմբերին ու երաժիշտներին չի ճանաչում: Թերթը կօգնի այդ բացթողումը լրացնել: Չեմ ասում՝ օ՜, այո կնպաստի, բայց գուցե օգնի ռոքին՝ ակումբներից տեղափոխվել մարզահամերգային համալիր»:
Շնորհանդեսից հետո կայացավ ռոք-փարթի, բնականաբար՝ ռոք խմբերի մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել