Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԻ

Մարտ 23,2010 00:00

Ազգային անվտանգության խորհրդի 2010 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն՝ այս տարի պետք է մշակվի եւ ԱԱԽ հաստատմանը ներկայացվի սեյսմիկ անվտանգության հայեցակարգը: Հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը երեկ արդեն նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Սեյսմիկ անվտանգության խնդիրները մեր երկրի համար բացառիկ կարեւոր նշանակություն ունեն: 20-րդ դարում մեր տարածաշրջանում 4 խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել, այդ թվում՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, 2009-2010 թվականներին եւս բազմաթիվ երկրաշարժեր են գրանցվել: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ միջազգային գնահատականներով՝ կովկասյան տարածաշրջանը սեյսմիկ տեսանկյունից բավական մեծ ռիսկեր է պարունակում, պետք է հնարավորինս արագ մշակենք եւ հաստատենք սեյսմիկ անվտանգության հայեցակարգը եւ լուծենք ոլորտում կուտակված խնդիրները»,- ասել է Ա. Բաղդասարյանը՝ հավելելով, որ փաստաթղթի մշակումը նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրով: Ոլորտի իրավիճակը եւ հիմնախնդիրները ներկայացրել է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը: Ամփոփիչ խոսքում Ա. Բաղդասարյանը փաստել է, որ ոլորտում օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք կա, ուստի այսօր մեր երկրում հրատապ անհրաժեշտություն է սեյսմիկ անվտանգության հայեցակարգի մշակումը, միջոցառումների ցանկի կազմումը եւ իրականացումը՝ նպատակ ունենալով ճիշտ կանխարգելիչ գործունեություն իրականացնել եւ բարձրացնել մեր երկրի սեյսմիկ անվտանգության մակարդակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել