Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՑԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ՝ 20 ՐՈՊԵ

Մարտ 23,2010 00:00

Լացը հանում է լարվածությունը

«Լացը, ինչպես նաեւ ծիծաղը իրենց բոլոր տարատեսակներով մարդու հոգեկան եւ ֆիզիկական կյանքում ինքնաարտահայտման յուրատեսակ պաշտպանիչ ուղիներ են»: Չնայած այս սահմանմանը, լացը անբացատրելի մի բան է, որը որքան էլ ցանկանան՝ չեն կարող ճիշտ բնութագրել նույնիսկ հոգեբաններն ու բժիշկները:
Լացում են բոլորը, կյանքի առաջին իսկ րոպեից, բայց նորածինների մոտ, ի տարբերություն մեծահասակների՝ արցունքներ ի հայտ են գալիս 4-10 շաբաթվա ընթացքում: Կենդանիների մոտ նույնպես կա լաց հասկացությունը, բայց նրանք հաստատ մելոդրամա նայելիս կամ հարազատ մարդուն տեսնելիս լաց չեն լինի:
Եվ ընդհանրապես ինչի՞ հետեւանքով է լացում մարդ անհատը լինի նա մանուկ, թե արդեն հասուն մարդ: Երեխաների համար կարելի է առանձնացնել հատուկ դեպքեր. պատմական լաց, երբ երեխան դեռ գտնվում է մոր արգանդում, բարձր լաց, որով երեխան ապացուցում է, որ կարող է դիմադրել, վախի, քաղցածության հետեւանքով առաջացած լաց, ինչ-որ բանի կարիք ունենալու պատճառով եւ այլն:
Ընդհանրապես մարդիկ նախ եւ առաջ կարող են լացել վախից: Շատերը այս իրական երեւույթին ուշադրություն չեն դարձնում: Բայց իզուր:
Իսկ ինչո՞վ է բացատրվում այն լացը, որը կարող է առաջանալ ոչ ճիշտ պահին: Նյարդաբան, հոգեթերապեւտ Վահագն Թորոսյանն այս ամենը բացատրում է հետեւյալ կերպ. «Երբեմն կրիտիկական պահերին մարդ կարող է անակնկալ ծիծաղել, որը հաճախ ընդունվում է որպես հիստերիայի նշան: Պետք չէ ծայրահեղության հասցնել, իրականում սա օրգանիզմի՝ սթրեսից պաշտպանվելու մեթոդ է, որը արտահայտվում է լացի կամ ծիծաղի միջոցով»:
Դեռեւս 19-րդ դարի սկզբներին մարդիկ մեծ տեղ էին տալիս լացին, քանի որ իշխում էր այն կարծիքը, որ առանց լացի իրենք կվերածվեն վատ բնավորությամբ նենգամիտ մարդու, եւ որ լացը «կուլ տալով», մարդը դրդում է իրեն սթրեսի: Իսկ 1980-ական թվականներին իշխող դարձավ ամերիկացի կենսաքիմիկոս Ֆրեյի այն կարծիքը, որ լացը օրգանիզմից հանում է վնասակար նյութերը. աչքերը ունեն արցունքների «հատուկ» տեղ, երբ արցունքը հավաքվում է՝ սկսում է գլորվել:
Կատարվել է մի հետաքրքիր փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, թե աշխարհում ամենից շատ ովքեր են լաց լինում: Լացում են հատկապես կանայք. առաջին տեղում են ամերիկացիները, այնուհետեւ նեպալցիներն ու գերմանացիները: Այս փորձաքննությանը չեն մասնակցել ռուսները: Իսկ չինացիները նախընտրում են ատամները ամուր սեղմել, քան լաց լինել:
Մի փաստ եւս. ճապոնացի գիտնականներն էլ մշակել են մի թարգմանչական ծրագիր, որը վերծանում է այն տեղեկությունները, որոնք պարունակում է մանկական լացը։ Գիտնականները խոստացել են, որ շուտով այդ նորարարությունը կարող է հասանելի լինել փոքրիկ սարքավորման տեսքով։ Ճապոնիայի Մուրորանի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները՝ պրոֆեսոր Թոմոմաս Նագասիմայի գլխավորությամբ, մշակել են մաթեմատիկական ալգորիթմ, որը կարող է վերծանել մանկական լացի տարբեր հնչերանգները, որոնք պարունակում են զանազան տեղեկություններ երեխայի սոված լինելու, ցավի կամ նույնիսկ վատ տրամադրության մասին։ Ուսումնասիրության ղեկավար Նագասիման նշել է, որ մոտ ապագայում նման սարքավորումների միջոցով ծնողները մշտապես կարող են տեղյակ լինել, թե ինչ է ցանկանում իրենց երեխան: Ճիշտ է, լացը հանում է սթրեսը, բայց փորձագետները խորհուրդ են տալիս լացել 20 րոպեից ոչ ավելի, այլապես այն կվերածվի հիստերիայի:
Հնարավոր է՝ լացը չի մեղմում ցավը, բայց այն հաստատ մարդու միջից հանում է լարվածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել