Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԸ՝ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՎԱԾ

Մայիս 07,2010 00:00 Share

\"\"Դեմս՝ կանաչ, ծաղկած աշխարհը յոթհազարամյա բագինի բարձունքից, որը վաղուց արդեն քրիստոնեական սրբավայր է, նայում էի մեր հին երկրի կոչկոչան, կենդանի ջրերին եւ մտածում. «Երեւի թե ճիշտ է, որ շղթան այնքանով է ամուր, ինչքանով ամուր է նրա թույլ օղակը»: Այսինքն թե՝ շղթան պահողը եւ քանդողը նույն թույլ օղակն է:

Ե՞րբ, մեր ցեղի երկար ճանապարհի ո՞ր հատվածում էր, որ վրիպեցինք, չկարողացանք աշխարհին մինչեւ վերջ ասել ի վերուստ տրված այն խոսքը, որ մեզ էր նախասահմանված: Առաջինն ընդունեցինք քրիստոնեությունը, բայց մնացինք հեթանոս, քանզի աղոթեցինք օտարամուտ սրբերի՝ մեր իսկ կառուցած տաճարներում՝ մոռանալով մեր սրբերին, եղանք հնագույն գիր ստեղծողներից մեկը եւ առաջին իսկ գրքերը գրեցինք մեր թագավորների դեմ: Մոռացանք պահպանել մեր ունեցածը եւ ողբաձայն սիրեցինք մեր կորուստները: Ու ամեն անգամ ճակատագրական պահերին քանդվեց մեր կյանքի շղթան, եւ մենք չփորձեցինք էլ հասկանալ, ձեւակերպել, թե որն է մեր ներսի թույլ օղակը: Դա պարտադրվա՞ծ թուլություն էր, թե՞ չգիտակցված: Եվ գործելու փոխարեն՝ սովորեցինք խոսքի փուչ պոպոքներով մխիթարել իրար… Տե՛ր Աստված, ինչպե՜ս եմ ատում գոյատեւել բառը: Ինչո՞ւ գոյատեւել եւ ոչ թե ապրել, պարզապես, ինչպես մյուս ազգերը: Եվ այսպես ինչքա՞ն պիտի մնանք որպես Աստծո պատկերով ստեղծված աննպատակ արտահայտություն, թե՞ մեր նպատակը վաղուց մնացել է ետեւում: Այնքան շատ ենք շտապել, որ անցել ենք մեր նպատակի կողքով, ու հիմա մոլորվել, թե ինչ էինք ուզում եւ ուր էինք ուզում հասնել: Այնինչ վաղուց եկել է ժամանակը գտնելու եւ ամրացնելու մեր ներսի թույլ օղակը, ժամանակը՝ հենվելու սեփական ողնաշարի վրա ու գնալու առաջ… Երեւի թե հնագույն բագինի բարձունքից աշխարհն ավելի թափանցիկ է երեւում, եւ հիմա անենթակա օրվա միջով անհայտ հեռուներից ձկան նման լողալով՝ գալիս ու ինձ է քսվում մի տարօրինակ միտք՝ մե՞նք ենք ընտրել մեր նպատակը, թե՞ Անենթական, որը, գալով մեր ետեւից, առաջնորդում է մեզ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել