Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԹԻՆ ՔԱՇՔՇՈՒԿ ՉԵՂԱՎ

Մայիս 07,2010 00:00

Երեւանի փոխոստիկանապետի պահանջով՝ կտրուկ ելույթներ էլ չհնչեցին

\"\"

Երեկ կայացավ ուսանողական հերթական արտոնված երթը՝ ընդդեմ կառավարության այն որոշման, որով կրկնակի կրճատվեց մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում տարկետման իրավունքով հատկացված տեղերի քանակը: Բողոքող ուսանողներին միացել էին նաեւ Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Երթի մասնակիցներն անցան Ալեք Մանուկյան, Նալբանդյան փողոցներով, իսկ վերջնակետը ՀՀ կառավարության շենքն էր: «Այսօր մեծ պահանջ կա երիտասարդ գիտնականների, իսկ այս կրճատումների հետեւանքով երիտասարդները չեն կարողանա սովորել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Մայիսի 14-ին այս շարժման ուսանողական միությունը նախատեսել է համաուսանողական բողոքի հանրահավաք՝ ուսման վարձավճարները նվազեցնելու, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում պետպատվերի տեղերը ավելացնելու եւ մի շարք այլ պահանջներով: Տնտեսագիտական համալսարանի ուսանող Արթուր Հարությունյանը հավաստիացնում է՝ եթե պատերազմ լինի, առաջինը՝ երթին ներկա գտնվողների 80%-ն է մեկնելու ծառայության. «Եթե ուզում են բանակի խնդիր լուծել, առաջարկում ենք ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի կրճատված ուսանողներին տանել զինված ուժեր՝ անցնելու 6-8-ամսյա զինվորական պատրաստություն, որպեսզի տիրապետեն զենքին»:

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արեգ Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում կառավարության այս քայլը հերթական կամայականություն որակեց. «Այս ամենը գալիս է կառավարության գործունեության անպատժելիությունից, որովհետեւ քաղաքացին երբեք չի կանգնել ոտքի եւ փորձել իր իրավունքները պաշտպանել»:

Եթե նախորդ՝ ապրիլի 29-ի երթի ժամանակ բուհերում էին որոշակի խոչընդոտներ եղել, ապա այս անգամ երթից մեկ ժամ առաջ կազմակերպիչներից Դանիել Իոաննիսյանին է զանգել Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (մականունը՝ Բազազ) եւ պահանջել, որ ելույթներ չհնչեն, քանի որ, ըստ նրա, քաղաքապետարանը միայն երթն է արտոնել: Փոխոստիկանապետը սպառնացել է ակտիվ ելույթների դեպքում ուժ կիրառել երթի մասնակիցների նկատմամբ: «Առավոտի» հետ զրույցում այս առնչությամբ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Մտահոգիչ է, որ ոստիկանությունը սպառնում է ելույթների դիմաց ֆիզիկական ուժ գործադրել, օրենքում նման կետ չկա եւ չի կարող լինել: Ասացի, որ ներկայացված պահանջը օրենսդրական որեւէ հիմնավորում չունի, ինձ պատասխանեցին, որ իրենք ստիպված կլինեն անել դա»: Մեր հարցին՝ արդյո՞ք հետեւելու եք փոխոստիկանապետի պահանջին, Դ. Իոաննիսյանն ասաց. «Դժբախտաբար, ոստիկանության հետ բախումների չգնալու համար մասնակի կզիջենք, ելույթները սակավ կլինեն, այլապես չենք կարող ապահովել ուսանողության անվտանգությունը՝ այս դեպքում, ցավոք, ոստիկանությունից»:

Կառավարության շենքի մոտ երթի մասնակիցները պահանջում էին վարչապետին կամ նրա լիազոր ներկայացուցչին, սակայն կրկին ուսանողներին դիմավորեց Քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա մոտ տասը րոպե ընթերցեց երիտասարդների նամակը, ապա հերթական զանգին պատասխանելուց հետո պահանջեց գրավոր դիմումի տակ նշել մի քանի անուն: Կազմակերպիչները պնդեցին, որ խնդիրը մի քանի անհատի չի վերաբերում: Ա. Ղազարյանն ասաց, որ գրավոր պահանջի պատասխանը կլինի մինչեւ մեկ ամիսը: Նախաձեռնող խմբի անդամներից հետաքրքրվեցինք՝ արդյոք մեկ ամիսը չափազանց երկար ժամկետ չէ՞: Դ. Իոաննիսյանը պատասխանեց. «Մեկ ամիս, անշուշտ, չենք սպասելու, վարչապետը շատ լավ հասկանում է, որ հարցը հրատապ է, հուսանք՝ դիմումին ընթացք կտրվի ավելի արագ»: Ուսանողները իրենց նամակում կարծիք էին հայտնել, որ մի քանի հարյուր ուսանողի՝ բանակում ծառայելուց մեր բանակն ավելի մարտունակ չի դառնա, փոխարենը մեծ վնաս կհասցվի հայրենական գիտությանը: Նրանք պահանջել էին մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության հրապարակայնություն, բուհերում ռազմական ամբիոնների վերաբացում կամ զինապարտության կարգի փոփոխություն՝ առավել կրթված ուսանողներին մարտունակ պահեստային դարձնելու ակնկալիքով: Այդպես ուսանողը խաղաղ ժամանակ գրիչը ձեռքին կզարգացնի Հայաստանը, իսկ պատերազմի դեպքում՝ ներդրում կունենա հայրենիքի պաշտպանության գործում: Նախաձեռնող խումբը հայտնեց, որ պայքարելու են մինչեւ վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31