Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստան, Աթենք. երեք զոհ եւ հեղաշրջման վտանգ

Մայիս 07,2010 00:00

\"\"Հինգշաբթի օրը Հունաստանի խորհրդարանի քվեարկությանն է ներկայացվել երկրի կառավարության մշակած օրինագծերի փաթեթը, որով արմատական միջոցառումներ են նախատեսվում բյուջեի դեֆիցիտը կրճատելու միջոցառումների շրջանակներում: Այդ հակաճգնաժամային միջոցառման դեմ Աթենքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում չորեքշաբթի օրը, Ստադիու փողոցում ծավալված ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվել է երեք մարդ: Ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ» էին նետել մայրաքաղաքի բանկերից մեկի վրա, որի արդյունքում բանկի շենքում հրդեհ էր բռնկվել։ Կրակը մարելուց հետո հրշեջները շենքի ներսում երեք զոհված մարդու մարմին էին գտել։ Նրանք բոլորն էլ, այդ թվում՝ մեկ տղամարդ եւ երկու կանայք, բանկի աշխատակիցներ են եղել, որոնք արգելափակված էին մնացել հրդեհված բանկում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն: Ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ» էին նետել նաեւ ոստիկանների ուղղությամբ, իսկ վերջիններս պատասխանել էին արցունքաբեր գազով ու լուսաձայնային նռնակներով։

Ցուցարարների մի խումբ էլ չորեքշաբթի օրը ներխուժել էր խորհրդարանի շենք, կոտրել ապակիները: Մոտ 100 հազարանոց բողոքի ակցիան վերածվել էր ոստիկանության ուժերի հետ բախումների, որոնց ընթացքում, իրավապահների մատուցմամբ, տուժել է 15 խաղաղ բնակիչ եւ 41 ոստիկան, ձերբակալվել է 70 մարդ: Արդեն հինգշաբթի օրը 24-ժամյա գործադուլ են հայտարարել նաեւ Հունաստանի բանկերի ծառայողները՝ ուժի կիրառմամբ բողոքի ակցիաների դեմ իրենց վրդովմունքը հայտնելու համար: Ընդսմին, բանկերի աշխատողների արհմիությունները հայտարարել են, թե երեք զոհերի պատասխանատուն կառավարությունն է, որը փորձում է երկրում տնտեսական խիստ ռեժիմ հաստատել: Դեռ նախօրեին երկրի նախագահ Կառլոս Պապուլիասը հայտարարել էր, թե երկիրը գտնվում է անդունդի եզրին, իսկ վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն դատապարտել էր «արյունալի բռնությունները»:

Հունական իշխանությունների՝ բռնությունները դադարեցնելու կոչերը արհամարհվել են ինչպես երկրի Կոմունիստական կուսակցության, այնպես էլ ավելի ծայրահեղորեն տրամադրված ձախ ուժերի կողմից, որոնք, ըստ վերլուծաբանների, ներկայիս ճգնաժամը դիտարկում են որպես շրջադարձային՝ հարուստների դեմ դասակարգային պայքարի համատեքստում: Երեկ էլ իրավիճակը Հունաստանում անհանգիստ է եղել եւ գնալով դեռ սրվում է: Լուրջ մտավախություն կա, որ համազգային գործադուլը կարող է վերաճել հեղաշրջման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել