Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք օրենսդիրների շրջանում իրար ծեծելն «խասիաթ» է դարձել

Մայիս 07,2010 00:00

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների փաթեթի քվեարկության ժամանակ կրկին իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ լսվել են «մի բռնեք ինձ», «տղա ես, արի» եւ նման արտահայտություններ: News.am-ի մատուցմամբ, թուրքական խորհրդարանում ծեծկռտուքը սկսվել է այն բանից, երբ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Աքիֆ Էքիջին հայտարարել է, թե Էրդողանը 8 տարվա իշխանության ընթացքում 2 միլիարդ դոլար է կուտակել եւ մտել աշխարհի 10 հարուստների շարքը: Այս ելույթին անմիջապես արձագանքել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Նուրեթին Չանիքլին՝ հակադարձելով, թե այդ ամենը մեծ սուտ է, եւ պետք է դրա համար ներողություն խնդրել վարչապետից: Այս ամենի ընթացքում խիստ լարվել է խորհրդարանի մթնոլորտը եւ հայտարարվել է ընդմիջում: Սակայն ընդմիջման ընթացքում կրքերը բորբոքվել են ու ծեծկռտուք է սկսվել:

Իսկ ահա Անկարայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը հերքել է նախօրեին ադրբեջանական «Յենի մուսավաթ» թերթի տարածած այն հայտարարությունը, թե Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը նախորդ տարի կասեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կազմակերպվելիք ռազմական գործողությունները: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե լրագրողները գիշերը երազում տեսածները արթնանալուն պես գրում են: «Նման բան գոյություն չունի: Այդ լուրը Ադրբեջանում ծիծաղ է առաջացրել»,- նշել է Հաշիմովը:

Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական թերթի, 2009-ին Ադրբեջանը ցանկացել է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ, սակայն Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը թույլ չի տվել Ալիեւին այն իրականացնելու: Ադրբեջանական պարբերականը այդ ամենը բացատրել է նրանով, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը լրջորեն կվնասեր հայ-թուրքական հարաբերություններում սկիզբ դրված մթնոլորտին, ինչի պատճառով էլ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը ստիպել է Ալիեւին հրաժարվել այդ մտքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել