Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական հրադադարի կոչ

Մայիս 08,2010 00:00

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը դիմել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի լրագրողական կազմակերպություններին՝ հետեւյալ կոչով.
«Ղարաբաղյան ճակատում 1994 թվականին հաստատված հրադադարը կարեւոր դեր է խաղացել հակամարտող կողմերի միջեւ ռազմական դիմակայության դադարեցման եւ բանակցային գործընթացի աշխուժացման գործում: Սակայն դա բավարար չէր հակամարտության վերջնական կարգավորման համար: Ավելին՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը եւ միջպետական պաշտոնական հարաբերությունների բացակայությունը վերջին տարիներին ոչ միայն նպաստել են լարվածության սրմանը հակամարտության գոտում, այլեւ աստիճանաբար ծանրացրել են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կոչվող ռազմաքաղաքական կշեռքի «ոչ խաղաղություն» նժարը:
Եվ այս գործում, ցավոք սրտի, պարսավելի դեր է կատարում մասս-մեդիան: Շարունակվող եւ արդեն իսկ վտանգավոր թափ առած տեղեկատվական պատերազմը կամա-ակամա խաղում է, այսպես կոչված, հրետանային նախապատրաստության դեր՝ նպաստելով ուժային լուծման անխուսափելիությանը, լուծում, որն աղետալից հետեւանքներ կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար:
Այս ոչ դյուրին իրավիճակում եւ 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի համաձայնագրի 16-ամյակի նախօրեին  նպատակահարմար եմ գտնում հանդես գալ նախաձեռնությամբ, որը միտված է հակամարտության բոլոր կողմերի տեղեկատվական դաշտում «հրադադարի» հաստատմանը եւ ռազմական դիմակայության տարիներին ստեղծված «թշնամու կերպարից» աստիճանական հրաժարմանը: Վստահ եմ, որ տեղեկատվական դաշտում հրադադարը բարենպաստ պայմաններ կստեղծի ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղ երկխոսության շարունակման համար, կնպաստի իրական փոխզիջումների եւ փոխընդունելի լուծումների որոնմանը եւ այս հարցում կողմերի մասս-մեդիաների դիրքորոշումների մերձեցմանը:
Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին կոչ եմ անում նպաստել տեղեկատվական դաշտում  2010 թվականի մայիսի 12-ի 00 ժամի 01 րոպեից թշնամական գործողությունների դադարեցմանը: Սա առաջին հերթին նշանակում է հրաժարում այնպիսի հրապարակումներից, որոնք վիրավորում են ամբողջ ազգի ու նրա առանձին ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ ազգամիջյան թշնամանք ու պատերազմի քարոզչություն են պարունակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31