Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՐԵՑ

Մայիս 25,2010 00:00

Յոթ ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

«Էստոնիայի հետ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի իրական պատկերին: Մենք ավելի շատ գոլ կարող էինք խփել, իսկ էստոնացիները, գուցե ասեք, որ չափազանցնում եմ, ընդամենը մեկ գոլային պահ ունեին, որը չիրականացրին»,-Տալլինից վերադառնալուց հետո հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը: Դանիացի մասնագետը հիշեց նաեւ, որ խաղի ընթացքում ընդամենը մեկ գոլային պահ ունեցող Էստոնիայի հավաքականը, այնուամենայնիվ, երկու գնդակ է անցկացրել մեր դարպասը: Այդ առիթով Սերիցլեւը նշեց, որ, այդուհանդերձ, ընդհանուր առմամբ գոհ է պաշտպանների ու դարպասապահի ցույց տված խաղից, թեեւ դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանն ավելի լավ խաղեր էլ է ունեցել:
Խոսելով ցուցադրած խաղի մասին՝ Սերիցլեւը նշեց, որ թիմը շատ լավ գործեց արտագնա հանդիպումում. «Հավաքականը բարելավել է իր խաղը: Իմ կարծիքով, մենք այժմ ժամանակակից, արագ ֆուտբոլ ենք ցուցադրում: Անկեղծորեն ուզում եմ ասել, որ ես հպարտանում եմ այս թիմով ու հայկական ֆուտբոլը կարող է հպարտանալ այս թիմով»: Սերիցլեւը հիշեց նաեւ, որ ընտրական այս մրցաշարը երիտասարդական հավաքականը սկսեց չորս բարդ հանդիպումներով (խմբի ուժեղագույն թիմերի հետ), ընդ որում՝ նոր մարզչի գլխավորությամբ ու առանց ընկերական խաղերի: Իսկ առաջիկա մրցելույթներում թիմը կանի ամեն բան՝ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար:
Վրացիների հետ երկու հանդիպումներին, թեեւ վերջիններիս համարում է լավ կատարողներով համալրված ուժեղ թիմ, մարզիչը լավատեսորեն է նայում: «Ես դիտել եմ նրանց մասնակցությամբ խաղերի տեսագրությունները: Շատ լավ թիմ ունեն: Ֆուտբոլիստներից կառանձնացնեի տեխնիկապես շատ լավ պատրաստված ու տակտիկապես գրագետ ֆուտբոլ ցուցադրող Անանիձեին: Վրաստանի հետ հանդիպումները յուրահատուկ են, քանի որ մրցելու ենք հարեւանի հետ։ Դրանք այն խաղերն են, որոնցում հնարավոր են կրքերի բորբոքումներ, պրովոկացիաներ, սակայն մենք պետք է մեր խաղը ցուցադրենք եւ ուշադրություն չդարձնենք այլ բաների վրա: Ես լավատես եմ այդ հարցում»,- հայտարարեց Սերիցլեւը՝ միեւնույն ժամանակ հույս հայտնելով, որ հաջորդ ընտրական մրցափուլում մեր թիմն ավելի հաջող հանդես կգա: Իսկ դա մեծապես պայմանավորված է հավաքականի կազմով ու համալրումով, քանի որ այս թիմից շատ ֆուտբոլիստներ արդեն չեն կարող ելույթ ունենալ Մ-21-ի կազմում: Ըստ այդմ՝ դանիացի մասնագետը խոսեց նաեւ երիտասարդական հավաքականի ապագայի մասին՝ նշելով, որ արդեն իսկ իր տեսադաշտում ունի մի քանի պատանի ֆուտբոլիստների, ովքեր առաջիկայում կհամալրեն թիմի կազմը: Սերիցլեւը նշեց, որ ուշադրությամբ է հետեւում հերթափոխի՝ Մ-19 հավաքականի ելույթներին, ինչպես նաեւ՝ հայկական ակումբներում հանդես եկող երիտասարդների խաղին: «Բանանց»-«Միկա» խաղում լավ տպավորություն թողեց Վալտեր Պողոսյանը: Նա ունի ժամանակակից ֆուտբոլի համար անհրաժեշտ բոլոր տվյալները եւ բավական արագ է աճում: Ապագայում երիտասարդական հավաքականի կազմը կարող են համալրել նաեւ Վարազդատ Հարոյանը, Արմեն Զաքարյանը, Կամո Հովհաննիսյանը, Խորեն Մանուչարյանը: Ներկայիս կազմից մի շարք ֆուտբոլիստներ հաջորդ մրցաշրջանում դեռ կարող են խաղալ երիտասարդականի կազմում: Այնպես որ, ընտրության հնարավորություն կա»,- ասաց Ֆլեմինգ Սերիցլեւը:
Մարզիչը փաստեց, որ երիտասարդական հավաքականի հիմնական գործառույթներից մեկը համարում է հաջողությամբ կատարված. «Ուզբեկստանի հավաքականի հետ խաղին Վարդան Մինասյանի հրավիրած ֆուտբոլիստների ցուցակում կան երիտասարդական հավաքականի անդամներ: Մենք աճեցրել ենք տղաների, ովքեր կարող են լիարժեք խաղալ ազգային թիմի կազմում»,- հպարտությամբ նշեց Ֆլեմինգ Սերիցլեւը:
Երիտասարդական հավաքականի անդամներից այսօր երեկոյան կայանալիք խաղին հրավիրված են դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը, պաշտպաններ Արտակ Եդիգարյանն ու Արթուր Յուսպաշյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մանոյանն ու Էդգար Մալաքյանը, ինչպես նաեւ հարձակվողներ Գեւորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը:
Ի դեպ, ազգային հավաքականն արդեն ավարտել է նախապատրաստական ծրագիրը՝ վերջին երեք օրերի ընթացքում անցկացնելով հինգ մարզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել