Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ 2500 ԴՐԱՄՈՎ

Մայիս 27,2010 00:00

Կառավարության որոշմամբ՝ այս տարվա նոյեմբերից կենսաթոշակներն ավելանալու են 2500 դրամով եւ ներկայիս 8000 դրամի փոխարեն կենսաթոշակառուները կստանան 10500 դրամ, որով բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 18 միլիարդ դրամով: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նա հավաստիացրեց, որ վատագույն դեպքում 2-3 տարի հետո Հայաստանի կենսաթոշակառուներն այնքան թոշակ կստանան, որ կկարողանան հոգալ կենսաապահովման նվազագույն կարիքները: «Մի քանի տարի առաջ մենք նույնիսկ պարենային նվազագույն սպառողական զամբյուղը չէինք կարողանում բավարարել եւ աղքատության շեմը չէինք կարողանում գերազանցել: Փառք Աստծո, հիմա մենք այդ երկու բաղադրիչներով էլ գերազանցում ենք: Ինչ վերաբերում  է նվազագույն կենսաապահովման սպառողական զամբյուղին, ապա, ես կարծում եմ, որ առաջիկա 2-3 տարում մենք արդեն այս շեմը եւս կհաղթահարենք: Եվ սա ամենավատատեսական սցենարն է»:
Պարոն Խաչիկյանն ավելացրեց, որ վերջին 7 տարում կենսաթոշակներն աճել են շուրջ 4,5 անգամ. «Հայաստանում ոչ մի բյուջետային ծախս այդ չափով չի աճել: Ընդ որում, մենք անընդհատ նշում ենք, որ գների աճ է գրանցվել, բայց գնաճը ամենեւին էլ 450% չէ վերջին տարիների ընթացքում»: Վ. Խաչիկյանի տվյալներով, 2010-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 522 հազար 472 կենսաթոշակառու, որոնցից 461 հազար 172-ը ապահովագրական կենսաթոշակ ստացողներն են, 50 հազար 677 հոգի ստանում է սոցիալական կենսաթոշակ, իսկ շարքային զինծառայողներից շուրջ 8835 քաղաքացի է ստանում շարքային զինծառայության համար նախատեսված կենսաթոշակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել