Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի խնդիր

Մայիս 27,2010 00:00

\"\"Թե խմելու, թե ոռոգման ջրի կորուստներն առայժմ շատ են

Այսօր Հայաստանում աշխատում են 44 ջրօգտագործող ընկերություններ, 220 հազար ջուրօգտագործողի հետ պայմանագիր է կնքված՝ 130 000 հեկտար տարածքի համար, Հայաստանի միայն մայր եւ երկրորդական ջրանցքների ընդհանուր երկարությունը 3000 կմ է, ներտնտեսային ջրանցքներինը՝ 14 000 կմ, այս ամենը առանձնապես բարվոք վիճակում չէ, դրա համար էլ միլիոնավոր դոլարների ներդրումները դեռ էականորեն ազդեցություն չեն ունենում ու ջրի կորուստները դեռ շատ են, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ բանախոսների, այս համակարգում՝ գյուղացու, ջուրօգտագործողի հետ աշխատող ջրբաժանը ստանում է 45-50 հազար դրամ: Ցածր աշխատավարձն էլ իր հերթին է նպաստում, որ կորուստներն ավելանան կամ գոնե չնվազեն:
«Առավոտը» 2009 թվականի նոյեմբերի 11-ին՝ «Ոչ միայն ոռոգում» եւ 2010թ. ապրիլի 14-ին ՝ «Ջուրն անփոխարինելի է» հրապարակումներով անդրադարձել է Եղվարդի կիսակառույց ջրամբարը հանգստի եւ զբոսաշրջության ու նաեւ ոռոգման նպատակով վերակառուցելու «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագրին: Արմեն Գեւորգյանն ասաց, որ Եղվարդի ջրամբարի վերաբերյալ երեք մոտեցում կա՝ ավարտին հասցնել ջրամբարի կառուցումը, տեղում զարգացնել օրգանական գյուղատնտեսություն եւ «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագիրը: «Ամենահավանականը՝ «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստանն» է»,- ասաց Արմեն Գեւորգյանը: Սա կիրականանա օտարերկրյա ներդրումներով: Իսկ Հայաստանը այս տարի կավարտի Մարմարիկի ջրամբարի կառուցումը, ուր կամբարվի 22 միլիոն խմ ջուր ու Սեւանից այդքանով քիչ ջուր կվերցվի: Եթե Հայաստանը փող ունենա կամ հայթայթի՝ Վեդիի ջրամբարով կզբաղվի:
Խոսելով խմելու ջրի մասին, բանախոսներն ասացին, որ այսօր Երեւանում միջինը օրական 20 ժամ որակյալ, վարակազերծված ջուր է մատակարարվում, սակայն այստեղ էլ կորուստները շատ են: Պետությունն ու «Երեւանջուրը» փորձում են նվազեցնել կորուստները, օրինակ՝ առանձնատների պարագայում ջրաչափերը դուրս տեղափոխել, բազմաբնակարան շենքերի մուտքերին ջրաչափեր տեղադրել եւ այլն: Պետությունն ու «Երեւանջուրը» գիտակցում են, որ խմելու ջրի սակագնի բարձրացումը խթանելու է ջրագողությունը: Սակայն բանախոսները պնդում են, որ սակագնի բարձրացումը օբյեկտիվ է: Եթե Արմավիրի ու Արարատի մարզերում լայնորեն տարածված ձկնարդյունաբերությամբ զբաղվողները անխնա օգտագործում են ընդերքի ջրերը եւ խնդիրներ հարուցում, ապա, հուրախություն երեւանցիների, մայրաքաղաքի խմելու ջրի աղբյուրները այս մարզերից դուրս են, նվազման միտումներ չունեն, որոշների դեպքում էլ ելքերի աճ է արձանագրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել