Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԶԲԵԿՍՏԱՆ՝ 3-1

Մայիս 27,2010 00:00

Կախման կետեր՝ վերջակետի փոխարեն

\"\"

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց 2010թ.-ին: Մարտին Անթալիայում կայացած Բելառուսի ընտրանու հետ խաղը բազմաթիվ հարցականներ էր թողել թե երկրպագուների ու թե հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի համար: Ուզբեկների հետ հանդիպումը կոչված էր եթե ոչ բոլոր, ապա գոնե հարցերի մեծ մասին պատասխան տալու. ո՞րն է մեր ազգային թիմի օպտիմալ կազմը Եվրոպայի առաջնության՝ ընդամենը ամիսներ անց մեկնարկող նոր ընտրական փուլում, ի՞նչ ֆուտբոլ է դավանելու մեր հավաքականն ու, վերջապես, ի՞նչ մակարդակում են գտնվում մարզիչ-ֆուտբոլիստներ գործակցությունն ու փոխհասկացվածությունը: 
Այս անգամ էլ, սակայն, բոլոր հարցերն իրենց պատասխանները չգտան: Հավաքականի կազմը մեծամասամբ մեր առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների վրա էր հենված, թիմում էին երիտասարդականի մեծ թվով խաղացողներ: Խոսուն է արդեն փաստը, որ այս մրցավեճում միանգամից 3 ֆուտբոլիստ՝ դարպասապահ Ստեփան Ղազարյանն ու պաշտպաններ Արտակ Եդիգարյանը եւ Արթուր Յուսպաշյանը իրենց նորամուտը նշեցին ազգային թիմում:   «Բանանցի» դարպասապահն, ի դեպ, դարձավ մեր ընտրանու դարպասը պաշտպանած տասներորդ դարպասապահը բոլոր 128 հանդիպումների ընթացքում: Ավելին, Ղազարյանը նորամուտը «չոր» խաղով նշելու բոլոր հնարավորություններն ուներ:
Արդեն հանդիպման 27-րդ րոպեին մեր ընտրանին 3-0 հաշվով հաղթում էր մրցակցին եւ միեւնույն ժամանակ նաեւ թվային առավելություն ուներ՝ ուզբեկների կազմում Արտյոմ Ֆիլիպոսյանի հեռացումից հետո: Պաչաջյան-Ղազարյան-Մխիթարյան-Մանուչարյան քառյակը առաջին խաղակեսում ահուսարսափի մեջ էր պահում մրցակցի պաշտպաններին՝ արագ կոմբինացիաներ խաղարկելով ու արագ անցումներ կատարելով դեպի դարպասը: Հենց դրանց արդյունքում էլ ծնվեցին մեր թիմի բոլոր երեք գոլերը: Սակայն առաջին 45 րոպեների ընթացքում մերոնց ցուցադրած համարձակ ֆուտբոլը հանդիպման երկրորդ կեսում անհետացավ: Հյուրերը խաղային առավելության հասան մեր ֆուտբոլիստների անատամ գործողությունների հետեւանքով: Հարձակվողները պասիվ էին գործում, իսկ պաշտպաններն էլ մի շարք կոպիտ սխալներ թույլ տվեցին, ինչը բերեց Ստեփան Ղազարյանի դարպասի գրավմանը հանդիպման 67-րդ րոպեին: Դրան հաջորդեց նաեւ Վահագն Մինասյանի հեռացումը: Իհարկե, նման սառը ցնցուղը չէր կարող դրական էֆեկտ չունենալ, եւ մեր թիմը մնացած ժամանակում կարողացավ մրցակցին ետ պահել Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասից ու պահպանել հաղթական հաշիվը՝ մարզադաշտում հավաքված երկրպագուներին ուրախության րոպեներ պարգեւելով: Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ այս խաղն ավելի շատ հարցեր թողեց, քան տվեց պատասխաններ: Առաջին 30-35 րոպեների ընթացքում գործելով վստահ ու ցուցադրելով բավական հասուն ֆուտբոլ, երկրորդ խաղակեսը տապալեց՝ թողնելով երկակի տպավորություն ու վերջակետի փոխարեն՝ կախման կետեր: Մինչդեռ նոր մրցափուլին պատրաստվելու ժամանակ ավելի ու ավելի քիչ է մնում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել