Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԵՎ ՀԾԿՀ-Ի

Մայիս 28,2010 00:00

«Հայաստանում քաղաքացու եւ սպառողի իրավունքներն անընդհատ ոտնահարվում են, իսկ պայքարելու ձեւը, ցավոք, չկա, դատարանն էլ չի»,- «Առավոտի» հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը: Որպես հայցվոր՝ նա երեկ հանդես էր գալիս ՀՀ վարչական դատարանում: Դեռեւս 2008 թվականի նոյեմբերի 20-ին քաղաքացի Արմենակ Համբարձումյանը դիմել է այդ միությանը՝ իր ոտնահարված շահերը պաշտպանելու ակնկալիքով. քաղաքացին պարտավորված է եղել հեռախոսային ծառայությունից օգտվելու համար «ԱրմենՏելին» վճարել շուրջ 335 հազար դրամ, որը հայտնի չէ, թե որտեղից է գոյացել: Այս գործով «Հասարակական պաշտպանների միության» տնօրենը դիմել է «ԱրմենՏելին», որը, սակայն, մինչ օրս չի պատասխանել ուղարկված դիմումին: Ապա Ա. Գրիգորյանը դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ վարչական վարույթ սկսելու պահանջով: «Հանձնաժողովը որեւէ բան չի արել, այլ մի նամակ է ուղարկել, թե ձեր ներկայացրած վարույթը կարճվում է, բայց այդ մասին որոշում չի ուղարկում, քանի որ որոշումը չունենք, չենք կարող բողոքարկել»,- պարզաբանում է Ա. Գրիգորյանը՝ պնդելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր գործառույթները պատշաճորեն չի իրականացնում: Երեկ դատարանից նա նախ պահանջում էր, որ հանձնաժողովը նամակի փոխարեն համապատասխան որոշում տրամադրի ու վարույթը առոչինչ համարի, որպեսզի դատարանի որոշումից հետո միությունը կարողանա կրկին դիմել «ԱրմենՏելին» եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Երեկվա նախնական դատաքննության նիստի ժամանակ հանվեց առաջին պահանջը, քանի որ պատասխանող կողմը համարեց, որ ստացած փաստաթուղթը վարչական ակտ է: Ա. Գրիգորյանը գտնում է, որ իր ստացած փաստաթուղթը գրված է օրենքի խախտմամբ եւ միայն տեղյակ է պահված, որ ընդունվել է որոշում. «Մինչեւ այսօր հանձնաժողովը հայտարարել էր, որ դա վարչական ակտ չի համարում, այսօր պատասխանող կողմը չկարողացավ պնդել դա»: Դատարանը վարչական գործի դատական քննությունը նշանակեց հունիսի 18-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել