Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԵՔ ՆԱՅՈՒՄ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉԵՔ ՍՏԱՆԱ

Մայիս 28,2010 00:00

ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները՝ 55 տարին լրանալու եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մասնագիտական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում կարող են ստանալ մասնակի կենսաթոշակ: Իսկ մինչեւ 55 տարեկան դառնալը, անձը՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 7 տարվա ընթացքում, պետք է հաշվառվի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող բաժնում: Քանի որ շատ քաղաքացիներ անտեղյակ են օրենքի այս լրացմանը եւ չեն հաշվառվել, այդ ժամկետը երկարացվեց մինչեւ 2010-ի ապրիլի 10-ը: Սակայն այսօր էլ շատ մարդիկ, որոնք պետք է ստանան այդ կենսաթոշակը, անտեղյակության պատճառով զրկվում են դրանից: Չնայած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ինչպես նաեւ տարածքային սոցապ բաժիններում բողոքող թոշակառուներին պատասխանում են, որ մասնակի կենսաթոշակների համար հաշվառման ժամկետն ավարտվելու մասին հեռուստատեսությամբ բազմիցս հայտարարվել է, սակայն մենք նման հայտարարություն երբեւէ չենք լսել ու այդ մասին տեղյակ չենք եղել: Ուրեմն ի՞նչ, մենք պետք է զրկվե՞նք մեզ հասանելիք մասնակի կենսաթոշակից:

Փաստորեն, օրենսդիր մարմինը, ինչ-ինչ պատճառներով, նույն տարիքի եւ նույն կատեգորիաների մարդկանց տարբեր հարթության վրա է դնում, ինչ է թե՝ նախկին մանկավարժներից մեկը հեռուստացույց է նայում, մյուսը՝ ոչ: Ստացվում է, որ աշխատող մանկավարժը, ում այդ մասին տեղեկացրել է հիմնարկի ղեկավարությունը, աշխատավարձի հետ մեկտեղ ստանում է նաեւ մասնակի կենսաթոշակ, իսկ չտեղեկացված, աշխատազուրկ մանկավարժները, որոնք, հնարավոր է, օպտիմալացման ծրագրի զոհերն են, ոչինչ չեն ստանում: Այդ օրենքը՝ անհրաժեշտ փաստաթղթերը թեկուզ մեկ օր ուշացնողին 8 տարով զրկում է կենսաթոշակից: Իմ եւ իմ կարգավիճակում գտնվողների անունից խնդրում եմ, որ օրենսդիր մարմինը վերանայի օրենքի այդ հոդվածի կատարելիությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել