Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնում են Ջավախյանին

Մայիս 28,2010 00:00

Գրողի՝ հանդուրժողականություն քարոզելու համար ստացած մրցանակը անհանդուրժողականության ալիք է բարձրացրել

90-ական թվականներին այրվեց ժամանակի ճանաչված լրագրող, հրապարակախոս, գրող Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գիրքը: Ամբոխի «զայրույթն» ուղղվել էր հրապարակախոսի հատկապես այն մտքին, թե կգա ժամանակ, որ թուրք լրագրողը կքայլի Հանրապետության հրապարակով, կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ կդնի անմեղ զոհերի շիրիմին:

Գիրքը այրելուն հետեւեց լրագրող-գրողի պատվիրված սպանությունը: Ժամանակը նպաստավոր էր հաշվեհարդար տեսնել մի մարդու նկատմամբ, որը ոչ միայն ճշմարիտ էր իր կանխատեսումներում, այլ համարձակվեց մի քայլ առաջ նայել: Ինչ իմանար ամբոխը, որ ոչ միայն թուրք լրագրողը, այլ Եղեռն իրագործած դահճի թոռը կբարձրանա Ծիծեռնակաբերդի բարձունք եւ ծաղիկներ կդնի անմեղ զոհերի հիշատակին: Էլ չենք խոսում Օրհան Փամուկի «Ձյունը» հայերեն թարգմանելու, Հրանտ Դինքի նկարի առջեւ լաց լինող թուրք հանրության մասին… Իմ այս նախաբանն ինչ-որ առումով նման է օրերս ծայր առած «մշակութային» մի վեճի, որը սկիզբ է առել մի մրցանակից:

…Մեր ժամանակների ամենա աղմկահարույց արձակագիր Լեւոն Ջավախյանին հրապարակայնորեն սպառնում են «երկաթյա ցախավելներով», «համազգային շաբաթօրյակ» անելով «մաքրել», քանի որ «ազգային շահերի դավաճանության ժանտախտի համաճարակի ժամանակ ոչ մի «դեմոկրատիա» եւ «իրավունք» չեն հարցնում նրանից, ով՝ քողարկվելով այդ բառերի ետեւում, ոտնահարում է ազգի իրավունքն ու արժանապատվությունը»:

Լ. Ջավախյանը 3 տարի առաջ «Պանորամա» թերթում տպագրել է իր «Քիրվա» պատմվածքը: Հայաստանի ոչ մի գրող, լրագրող այդ պատմվածքի հետ կապված այդ տարիներին որեւէ խնդիր չի ունեցել: Հավանաբար՝ չեն կարդացել: Իսկ նրանք, ովքեր կարդացել են, անգամ հիշել են ծանոթ նրբերանգներ: Դա հուզիչ պատմություն էր արցախյան պատերազմի տարիներից: Հերոսը՝ Աշոտը, 100 ռուբլով իր Ջեյրան կովը «բեհով» տալիս է հարեւանին՝ ադրբեջանցի Հասանին: Հետո սկսվում են հանրահավաքները, երկուստեք բռնագաղթը: Հասանը Հայաստանից հեռանալիս՝ Սադախլոյից կովի պարտքը ուղարկում է Աշոտին. «Պապս չէր ուզում հասկանալ: Ձախ աչքի տակ թոշնած այտը տենդագին թրթռում էր… Շվարած կանգնել էր, չգիտեր՝ վերցնի՞, թե՞ չվերցնի: Չգիտեր՝ որ գրպանը դնի… Էդ փողը հաստատ պապիս սրտովը չէր…»:

Ի դեպ, այդ պատմվածքը տեղ է գտել արձակագրի վերջերս լույս տեսած «Արծաթագիր» գրքում էլ:

Լ. Ջավախյանը, երբ այս պատմվածքն էր գրել, նաեւ հերթական գիրքը հրատարակել («Ամենաանկեղծ մարդը», «Ղարաբաղից մինչեւ պեչենու բաղերը», «Հիսունհինգ» գրքերից հետո) մտքովն իսկ չի անցել, թե ինքը մրցանակ կստանա: Նա, թերեւս, այն գրողներից է, ով «դասավորած», շինծու մրցանակներ չի ստանում, որեւէ մեկից կաշկանդված չէ եւ իրավամբ ունի իր ժողովրդական լսարանը, իր ընթերցողը:

«Ես ոչ մրցանակ տվող կազմակերպությանը տեսա, ոչ էլ մրցանակային հանդիսությունը: Մեղավորը երեւի իրենք չեն»,- այդպես ասաց Լ. Ջավախյանը, երբ վերադարձավ Թբիլիսիից՝ Հարավային Կովկասում հանդուրժողականություն քարոզելու համար մրցանակը ստանալուց հետո:

Սակայն նրա դեմ սկսվել է անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորվել, սպառնալիքներ են տեղում՝ հատկապես մրցանակը ստանալուց հետո: Այստեղ տեղին է իր իսկ խոսքով պատասխանելը. «Է, դուք տայիք»: Կամ ուր էիք 3 տարի, երբ թերթում տպագրվել էր այդ պատմվածքը: Պատմվածքում որեւէ ապազգային քարոզչություն չկա, որեւէ մեկի զգացմունքները վիրավորելու՝ անգամ փորձ: Մնում ես զարմացած, թե ինչո՞ւ հենց Լեւոնն ընտրվեց: Մնում ես նաեւ զարմացած, երբ կարծիքները սկսվում են այսպես. «Ճիշտ է, ես այդ պատմվածքը չեմ կարդացել, բայց ասում են…»: Մի քանի տարի հետո կրկնվելու է այն, ինչ Վարդգես Պետրոսյանի կանխատեսումից հետո եղավ: Ուրեմն, ինչո՞ւ է թիրախ ընտրվում գրողը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31